Եղեգնը եւ կերոնն աճում են ճահճակալած հողերում, դանդաղ հոսող ցածր ջրերում։ Դրանց սերմերը տարածվում են քամու եւ հոսող ջրերի միջոցով։ Եթե դրանք ծլում են նոր տեղում եւ ցողուն տալիս, ապա դա ահազանգ է հողերի սկսվող ճահճակալման մասին։
Կերոնազգիների ընտանիքը (Typhaceae) ընդգրկում է մոտ մեկ տասնյակ տեսակներ։ Առավել տարածված են նեղատերեւ (Typha angustifolia) եւ լայնատերեւ տեսակները։ ՀՀ-ում աճում է նեղատերեւ կերոնը։
Բազմամյա միաշաքիլավոր բույս է, այլ անվանումներն են` որձախոտ, ջրեղեգ։ Առաջին տարում առաջացնում է տերեւներ եւ փնջաձեւ արմատներ։ Երկրորդ տարվանից սկսած` զարգանում է կոճղարմատը` իր բազմաթիվ հզոր ճյուղավորումներով։ Կոճղարմատը գտնվում է 5-12 սմ խորության մեջ, բողբոջներից առանձնացող արմատների փունջը շատ ավելի խորն է թափանցում։
Կախված հողի բերրիության աստիճանից` երկրորդական կոճղարմատների մի մասն ունի` վերընթաց, մյուսը` վարընթաց ուղղություն։ Ցողունն ունի պարզ կառուցվածք, հզոր է եւ բարձր (2-3 մ), ընդգծված հանգույցներով։ Կոշտ տերեւները նեղ են, նշտարաձեւ, զուգահեռաջիղ։
Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, ծաղկափթթության վերին մասում գտնվում են արական, ներքին մասում (մի փոքր ավելի ցած)` իգական ծաղիկները։ Կողրերը հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Իգական կողրերը գորշագույն են` լայնատերեւ կերոնի դեպքում` սեւ թավշե երանգի։ Պտղասերմիկը մանր է, շրջապատված առագաստի մազիկներով, որը սերմի թրջող հարմարանքն է։
Կերոնի երկու տեսակների կոճղարմատներն էլ պարունակում են մեծ քանակությամբ օսլա (մոտ 40 տոկոս), սպիտակուցներ (24 տոկոս), շաքարներ (11,5 տոկոս)։ Սննդարար են, եթե չորացրած կոճղարմատից եւ ցողունի ստորին մասից ստացված ալյուրին խառնեք ընդամենը 10-15 տոկոս ցորենի կամ տարեկանի ալյուր, ապա կստանաք հաց թխելու համար պիտանի խմոր։ Ուտում են նաեւ եփած կամ խարկած վիճակում։ Մատղաշ ծաղկակիր ցողունները թթու են դնում, իսկ ծիլերը շատ համեղ են եփած վիճակում։
Հնում իգական, խավապատ սերմերը լցրել են ներքնակների, բարձերի մեջ, խառնել են ճագարի մազերի հետ եւ պատրաստել ֆետրի (նրբաթաղիք) գլխարկներ։ Կերոնի կողրերը թրջել են ճարպի մեջ, պատրաստել ջահեր, լամպի պատրույգներ։ Նման ջահերը երեխաները հաճախ սխալմամբ անվանում են ղամիշի ջահեր։ Ղամիշը նույնպես ճահճային բույս է, սակայն ունի այլ կառուցվածք եւ պատկանում է կնյունազգիների ընտանիքին (Cyperaceae), գիտական անվանումն է` Scirpus lacustris=ճիլ (պրտու, բոշխ)։
Ճիլը նույնպես բազմամյա, մինչեւ 10 սմ հաստություն ունեցող երկար, սողացող կոճղարմատով բույս է։ Հարթ կանաչ գլանաձեւ ցողունի բարձրությունը 1,5-2,5 մետր է։ Տերեւները քիչ են, տեղակայված ցողունի հիմքին մոտ, երկար-նշտարաձեւ։ Ծաղիկները մանր են, կանաչավուն կամ նարնջա-շագանակագույն` հավաքված գագաթային վահանաձեւ հուրանների մեջ։ Կազմում է ընդարձակ մերձափնյա մացառուտներ, որոնց վերին մասը` հաճախ թեքված, սուզված է ջրի մեջ։
Ցողունը եւ կոճղարմատը պարունակում են մինչեւ 50 տոկոս շաքար եւ զգալի քանակության օսլա։ Պատրաստում են օշարակ եւ ալյուր։ Որձախոտ նեղատերեւը եւ ճիլը ունեն բուժիչ հատկություններ։
Որձախոտի հասունացած իգական կողրի նրբախավը խառնել են տաքացրած կարագի հետ եւ օգտագործել այրվածքի եւ ցրտահարության դեպքում։ Տերեւների եփուկը կարգավորում է շաքարի մակարդակը, կոճղարմատի եփուկը կիրառում են ստամոքսի բորբոքումների, դիզենտերիայի բուժման համար։
Կոճղարմատի եփուկը հակացուցված է վարիկոզի, հոդատապի, քրոնիկ փորկապության դեպքում։
Եփուկ. 1 ճ/գ մանրացրած կոճղարմատը 10 րոպե եփեք 200 մլ եռջրում, թրմեք 1 ժամ տաք տեղում։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4-5 անգամ։
– 1 ճ/գ մանրացրած կոճղարմատը 10-15 րոպե եփեք 200 մլ եռջրում, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 2 անգամ` սնվելուց առաջ։
Ճիլը ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է մրսածության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի բուժման ընթացքում` որպես օժանդակ միջոց։ Կոճղարմատը կարելի է ուտել հում, եփած, խորոված կամ տապակած վիճակում։
17/07/2012