Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.
«Ամբողջ երեկվա օրը իշխանության ներկայացուցիչները ցնծության մեջ էին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարության կապակցությամբ. ինչպես չլինեին, եթե վերջինս, իրենց կարծիքով, հաստատեց այն, ինչ ասել է ՀՀ վարչապետը Ղարաբաղյան հակամարտության առումով. «տեսաք, որքան ճիշտ էր մեր վարչապետը»:
Իսկ հիմա հարցեր՝ երբ Իլհամը Սոչիում Վալդայ ակումբի հանդիպմանը արտասանեց իր հանրահայտ դատողությունը Ղարաբաղի մասին՝ ինչո՞ւ դրան չհետևեց ՌԴ նախագահի և կամ նույն Լավրովի կողմից անհամաձայնության որևէ խոսք:
Եվ երկրորդ՝ Լավրովը Երևանում ասա՞ց մի բան, որ չէր ասել նախկինում՝ Սերժի օրոք: Իսկ հիմա գանք խոսքի բովանդակային մասին՝ Հայաստանի համար առաջնային է մնում երկու դրույթ՝ հարցի լուծման՝ երեք կողմերի համար ընդունելի լինելու մասին դրույթը և հարցի ռազմական ճանապարհով լուծումը բացառելու վերաբերյալ դրույթը: Իլհամի համար ազատ է մնում հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը՝ դա մեկ, և երկրորդ՝ ընդունելի է գրավյալ տարածքների (իր բնորոշմամբ) մի մասի (սկզբում՝ երկու շրջանի՝ ինչպես առկա էր Լավրովի պլանում) վերադարձը: Եվ, ըստ այդմ, ի՞նչ փոխվեց Լավրովի հայտարարությամբ:
Պատասխան՝ ոչինչ, բոլորը մնացին իրենց տեսակետներին: Իսկ Լավրովի և կամ ավելի ճիշտ ՌԴ-ի իրական վերաբերմունքը պետք է փնտրել Սպայկայի արտադրած պանիրը մոտ մեկ ամիս ՌԴ մաքսային սահմանին պահելու և ետ վերադարձնելու և կամ Սոչիի օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցներին աշխատանքից ազատելու մեջ:
Մեկը նշանակում է այդ ընկերության աշխատավարձի խնդիրներ Հայաստանում, մյուսը՝ Հայաստան կատարվող փոխադրումների մի թեթև նվազում: Էլ չեմ խոսում այն բանի մասին, որ ՌԴ-ի չի հրաժարվել Լավրովի պլան կոչված փաստաթղթից:
ՀԳ. Ի դեպ, երբ ոմանք հիշում են Լավրովի հայկական արմատների մասին, պետք է ընդամենը գիտակցեն, որ արդեն կես հազարամյակ Ռուսաստանը կայսրություն է (թեև պաշտոնապես այդպիսին է հայտարարվել ընդամենը 300 տարի առաջ), իսկ կայսրությունները բնորոշվում են քաղաքացիների (Հռոմեականի դեպքում) կամ հպատակների (Բյուզանդիայի կամ հենց ռուսականի դեպքերում) համախմբմամբ՝ անկախ քաղաքացիների կամ հպատակների ազգությունից»: