Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում ներքին քաղաքական վիճակը որքան էլ վատթարանա, միևնույն է այդ երկրի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի: Պետք չէ ոգևորվել Ադրբեջանի ներքին քաղաքական լարվածությունից, քանի որ դրանք վերջ ի վերջո իրենց ազդեցությունն են ունենալու սահմանային վիճակի վրա լարվածության տեսքով: Ադրբեջանի իշխանամետ շրջանակների հիմնական հակազդեցությունն Ադրբեջանի տարածաշրջանային ծրագրերի մասնակցությունն է, որոնք իրենցից ենթադրում են այդ երկրի դերի բարձրացում տարածաշրջանում: Հատկապես կենտրոնանում են այն ծրագրերի վրա, որոնք շրջանցել են Հայաստանը, չնայած որի պատճառով կատարել են հսկայածավալ ծախսեր:
Այսօր Ադրբեջանում ոչ թե սոցիալական բողոքի ակցիաներ են, այլ համակարգի, կոնկրետ վարչակարգի դեմ է: Իսկ դա նշանակում է, որ հասարակության շահագրգռվածությունն այստեղ այդքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում են ընդդիմադիր լրատվամիջոցները: Ադրբեջանում դեռևս չի կարող տեղի ունենալ հեղափոխություն, կամ փողոցի միջոցով իշխանափոխություն, քանի որ դա ձեռք չի տալիս նաև արտաքին ինվեստորներին, ովքեր արդեն տարիներ ի վեր ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում իրենց գործունեությունն են ծավալում Ադրբեջանում:
Այլ հարց է, եթե Բաքուն որոշի այդ ինվեստորներին զրկել իր երկրում գործունեություն, մասնավորապես, հանքահորերի, հանքերի շահագործումից, ապա դեպի ընդդիմադիր դաշտ կարող են գնալ հսկայական ֆինանսական միջոցներ, որն էլ իր հերթին լուրջ գլխացավանք կդառնա Ալիևի համար:
Իսկ այս դեպքում, մանր-մունր էպիզոդներով բողոքի ակցիաները կավարտվեն ձերբակալություններով, մերձավորներին վախեցնելով, կամ կաշառելով…»: