Հայ-հաբեշական առնչությունների մասին
Advertisement 1000 x 90

Հայ-հաբեշական առնչությունների մասին

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Խորենացու «Հայոց պատմության» մեջ հիշատակություն կա հայ-հաբեշական առնչությունների մասին։ Պատմահայրը գրում է, որ հայոց Զարմայր Հայկազունի նահապետը հայկական ու եթովպական զորքերով մասնակցել է Տրոյական պատերազմին՝ օգնելով Տրոյայի թագավոր Պրիամոսին:

Հայտնի է, որ Աքսումի թագավորության շրջանում (100-940 թթ․) Կարմիր ծովի ափին գտնվող հաբեշական Տիգրե մարզի Ադուլիս նավահանգստային քաղաքում հայ վաճառականները մեծ դեր են ունեցել տարանցիկ առեւտրի ոլորտում։

Հայերը քրիստոնեություն են տարածել հաբեշների երկրում (Եթովպիա) եւ արժանանալով այդ հյուրընկալ ժողովրդի վստահությանը՝ հաստատվել այնտեղ ու ապրել ազգային լիարժեք կյանքով։ 318 թ. հաբեշներն ընդունել են քրիստոնեություն։ Ակադեմիկոս Տուրաեւը գրում է, որ հաբեշներն ընդունում էին Երուսաղեմի հայոց պատրիարքության ավագությունը։

Ավանդույթի համաձայն հաբեշ եկեղեցու հիմնադիրներից Եվտաթեոսը, ում որոշ հեղինակներ վերագրում են հայկական ծագում, մահացել է Հայաստանում։ Տեղացիները հատուկ հարգանքով էին վերաբերվում հայերի կրոնական ավանդույթներին։ Հետաքրքիր կլինի իմանալ, որ հաբեշները Գրիգոր Լուսավորչի տոնը նշում են տարեկան երեք անգամ։

VII-X դդ Եթովպիայում եղել է մեծաթիվ հայկական համայնք։ Հայերն ապրել են համախմբված, ունեցել իրենց զորքը, դատարանը, ղեկավարվել իրենց իսկ սահմանած օրենքներով։ Երկրի առեւտուրը գերազանցապես կենտրոնացած էր հայերի ձեռքում։

Հայկական ու հաբեշական աղբյուրներում հայ համայնքն անվանվում է «Հայկական կղզի»։ Հայերով բնակեցված տարածքը հանդիսացել է երկրի ամենածաղկուն շրջանը։ Լավագույն հոգեւոր ու աշխարհիկ դպրեցները գտնվել են «Հայկական կղզում», ուր հայերի հետ ուսում ու կրթություն են ստացել նաեւ հաբեշները։

Բայիդա-Մարիամի ժամանակագրության մեջ գրված է, որ «հայերն ապրում էին պատվով ու փառահեղությամբ»։ 1539 թ. Հաբեշստանի Լեբնա Դենգել թագավորը հաբեշներին հրամայել է «անվերապահ հետեւել հայերին եւ առաջնորդվել հայկական տոմարական հաշիվներով»։

XVII դարում հիշատակվում են երկու հայ դեսպաններ, որոնցից մեկը՝ Մուրադ Հալեպցին, հանդիսացել է Հաբեշստանի դեսպանը Հնդկաստանում եւ Յասուս արքայի անձնական առեւտրական ներկայացուցիչը, իսկ մուսը՝ Մուրադ Հայը, դեսպան է նշանակվել Ֆրանսիայում եւ ապրել Լուի XIV-ի արքունիքում։

XVII-XVIII դարերում սպիտակամորթ ժողովուրդներից միայն հայերն ու հույներն իրավունք ունեին մուտք գործել Հաբեշստան։ Հիշյալ հարյուրամյակների ընթացքում երկրի պետական գանձապետարանը գտնվել է հայ իշխանների ձեռքում։ Հիշատակվում է ֆինանսների նախարար Սեֆել Արաբկիրցին, Հովհաննես Թովմաջանը, նրա որդի Պողոսը։

XIX դարում Եթովպիայում հայերը պահպանում էին իրենց դերն ու կշիռը կրթության, առեւտրի, ոսկերչության, բժշկության, ճարտարապետության, երաժշտության եւ այլ բնագավառներում։ Արքունի նվագախմբի ղեկավար Գ. Նալբանդյանը Եթովպիայի պետական հիմնի երաժշտության հեղինակն է։

1950-ականներին երբեմնի ծաղկուն ու հարուստ համայնքում ապրում էր ընդամենը 1000 հայ։ Ներկայումս նրանց թիվը կրճատվել է 10 անգամ։ Մեր հայրենակիցները հիմնականում բնակվում են մայրաքաղաք Ադիս Աբեբայում։

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: