«Ամենայն հայոց փրկչի»՝ վարչապետի «թեթև ձեռքով», հայ հասարակությունը խիստ բևեռացվում է:
Ըստ «Իմ քայլը» շարժման առաջնորդների և նրանց հարող ակտիվ հասարակական պոպուլիստների պնդումների՝ հանրությունը բաժանված է «սպիտակների և սևերի»։
«Սպիտակները» հասարակության այն հատվածն են, որոնք «քայլել» են «Փրկչի» առաջնորդությամբ, և սոցիալական ցանցերում «արցունքն աչքերին» հիանում են նրա կերպարով ու խոսքերով, և անսահմանորեն վստահում երկրի ու ազգի պայծառ ապագայի վերաբերյալ նրա համազգային տեսլականին։ Իսկ «սևերը», բոլոր նրանք են, ովքեր չեն հասկացել ««սպիտակների» հեղափոխական բարոյական և հոգեբանական ուղերձը» և հակահեղափոխական ձևով խանգարում են «նախանշված պայծառ ապագայի» կերտման հեղափոխական ուղուն։
Կա նաև հայրենի հասարակության երրորդ բաղադրիչը՝ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը, որը համառ հաճախականությամբ, հրապարակայնորեն (փողոցում, միջհամայնքային մայրուղիներում) առաջ է քաշում իր պահանջները՝ առանձին կենսախնդիրների լուծման ուղղությամբ, չհասկանալով, որ կառավարության հիմնական կանխադույթն է՝ «խեղդվողների փրկությունը՝ խեղդվողների ձեռքի գործն է», այլ ոչ թե կույր հավատը «Փրկչի» խոսքերի նկատմամբ։
Երկրի բնակչության այս հատվածը չի կարող հասկանալ, որ «Փրկչի» հասարակական-քաղաքական հռետորաբանությունը և նրա գրական-լրագրողական գործունեությունը, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում երկրի ղեկավարման նրա ունակությանը:
Նոր «հեղափոխական» կառավարության ավելի քան մեկուկես տարվա գործունեության ընթացքում, աճող արագությամբ ողջ հասարակության շրջանում, անկախ նրանից, թե անհատը որ բարձրագույն չինովնիկական դասին է պատկանում, մեծանում է վախի և անորոշության զգացումը վաղվա օրվա նկատմամբ։ Վախի զգացումը պատել է ոչ միայն հասարակ քաղաքացուն, որը ղեկավարվում է՝ «իմ խրճիթը եզրին է» սկզբունքով, այլև նրանց, որոնք ակտիվորեն ներգրավված են հասարակության մեջ այդ զգացմունքի տարածման և ամրապնդման գործում:
Եթե վերլուծենք ՀՀ վարչապետի և նրա ողջ թիմի հռետորաբանությունը, տպավորություն է ստեղծվում, որ թիմի յուրաքանչյուր անդամ՝ «Փրկչի» գլխավորությամբ, պաթոլոգիական վախի զգացման մեջ է իր գործունեության համար, որը նրանք խեղդում են հրապարակային հայտարարություններով՝ «թավշյա» հեղափոխության խաղաղ, մարդասիրական բնույթի մասին, հանդուրժողականության, համընդհանուր հարգանքի և հավասարության սկզբունքների վրա հիմնված քաղաքացիական հասարակության կառուցման, և ամենակարևորը` իրենց հասարակական-քաղաքական գործունեության մեջ չարության, վրեժի և վրդովմունքի բացակայության մասին, որը երկրում կուտակվել էր մինչև իրենց իշխանության գալը։
Պետական կառավարման հիերարխիայում նոր հասարակական-քաղաքական դիրքը «հեղափոխականների» մոտ խլացրել է անլիարժեքության, գավառականության, անիրազեկության, կիսագրագիտության, անցյալի պնակալեզության և մերձավորի նկատմամբ ցուցադրական կարեկցության զգացումները։ Նրանք այժմ իշխանությամբ ծանրաբեռնված «պետական այրեր» են, որոնց նպատակը նորարարության և ստեղծագործականության կարգախոսի ներքո ամեն հնի քանդելն ու ոչնչացնելն է (մասնավորապես ՝ հայ հասարակության գլխավոր հիմքերի՝ Արցախի, պետության, լեզվի, ընտանիքի և կրոնի հարցեր, ինչպես նաև երկրի Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական երաշխիքներ (երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ թոշակառուների և այլ քաղաքացիների խնամք):
Հիրավի, «նրանք չգիտեն, թե ինչ են անում»․․․
«Հեղափոխականները» ենթագիտակցաբար և հոգու խորքում իրենց «Փրկչի» հետ միասին հասկանում են, որ իշխանությունն իրենց ձեռքն է ընկել, առաջին հերթին, ոչ թե մեր հասարակության ժողովրդավարացման և մարդասիրության գործում նրանց անձնական արժանիքների, բարձր բարոյական և մասնագիտական որակների շնորհիվ, այլ համընդհանուր անբարյացակամության պատճառով հին ռեժիմի նկատմամբ, որն իրեն վարկաբեկել էր երկրի ներքին քաղաքականության շատ ասպարեզներում։
«Հեղափոխականների» կողմից գրավված պետական-քաղաքական և սոցիալական դիրքի հետ մասնագիտական անլիարժեքության և անհամապատասխանության գաղտնի զգացողությունը, կարծես թե, «առաջ է մղում» նրանցից յուրաքանչյուրին (հիմնականում՝ «Փրկչին»), ամեն հարմար առիթով, ամբոխահաճո ձևով ապացուցել բնակչությանը «թավշյա հեղափոխության» «տիեզերական» նշանակությունը հայ ժողովրդի և առհասարակ ամբողջ մարդկության համար՝ չխորշելով փաստերի և սոցիալ-տնտեսական ցուցանիշների խեղաթյուրումից։ Ընդ որում, «քարոզչական ելույթի» եզրափակիչ մասում, բոլոր մակարդակներում, պարտադիր կերպով նշվում է «հակահեղափոխականների», կոռուպցիոներների և նախկինների խարդախությունների մասին։
Վաղ թե ուշ կգա այս ազգային ողբերգության ավարտը։ Եվ այդ ժամանակ ամենաբարձր մակարդակի «թագադրված շատ հեղափոխականներ փրփուրը բերաններին» կհրաժարվեն իրենց գործողություններից Ազգային դատարանի առջև՝ հարվածի տակ դնելով իրենց «պաշտելի Փրկչին»։
Այդպիսին է մարդկային էությունը, քչերն են կարողանում պատասխանատվություն կրել իրենց սեփական գործողությունների համար:
ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն