Պատմության այս օրը. Երևանյան համաձայնագիրը
Advertisement 1000 x 90

Պատմության այս օրը. Երևանյան համաձայնագիրը

1920 թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի զորամասերն առանց պատերազմ հայտարարելու Ղազախի շրջանից ներխուժեցին ՀՀ եւ չեղած ապստամբության անունից Հայաստանը հռչակեցին խորհրդային հանրապետություն: Հայտնվելով թուրքական ու ռուսական սվինների արանքում՝ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր տեղի տալ եւ պետության անունից Դրոաստամատ Կանայանն ու Համբարձում Տերտերյանը բանակցություններ սկսեցին խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի հետ։ Դրանք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի երեւանյան համաձայնագրով, որով Ռուսաստանը Հայաստանին պարտադրեց կապիտուլյացիոն պայմանագիր եւ Առաջին հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց: Ստորեւ ներկայացվում է այդ չարաբաստիկ համաձայնագիրը.

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

1. Հայաստանը հռչակվում է Անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն:

2. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը՝ կազմվում է Ժամանակավոր Ռազմա-հեղափոխական կոմիտե, որին էլ անցնում է Հայաստանի բովանդակ իշխանությունը:

3. Խորհրդային Ռուսաստանը Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս է ճանաչում Երևանի նահանգը՝ իր բոլոր գավառներով (այսինքն՝ Սուրմալուի ու Նախիջեւանի գավառները ներառյալ – Ա. Զ.), Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, որը ռազմապես ապահովում է տիրապետությունը Ջաջուռ կայարանից մինչեւ Արաքս կայարանը ձգվող երկաթուղու վրա, Ղազախի գավառի մի մասը եւ Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920-ի հոկտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։

4. Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը պատասխանատվության չի ենթարկվելու այն գործողությունների համար, որոնք կատարել է նախքան Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը:

5. ՀՅԴ եւ Հայաստանում գործող այլ ընկերվարական կուսակցությունների անդամները հալածանքների չպիտի ենթարկվեն՝ այդ կուսակցություններին պատկանած լինելու համար:

6. Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ կմտնեն հինգ բոլշևիկ եւ երկու ձախ դաշնակցական։

7. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում է ապահովվել ՀՍԽՀ պաշտպանությունը։

8. Սույն համաձայնագիրը ստորագրելուց հետո ՀՀ կառավարությունը վայր է դնում լիազորությունները եւ մինչեւ Հայհեղկոմի ժամանումը Երեւան, իշխանությունը փոխանցվում է զորահրամանատարությանը՝ Դրոյի գլխավորությամբ: Խորհրդային Ռուսաստանի կողմից այդ զորահրամանատարության կից գործավար է կարգվում ընկեր Սիլինը:

02.12.1920 թ.

ԵՐԵՎԱՆ

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր