Այսօր Ազգային ժողովում հարցապնդման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսել է քաղցկեղով հիվանդացության մասին:
Իհարկե պոպուլիզմին տուրք տալը ավելի հեշտ ճանապարհ է, քանի որ շատ ինտելեկտուալ ջանք չի պահանջվում դրա համար, բայց տիկին Թանդիլյանին կոչ եմ անում գոնե սիրողականության մակարդակից մի փոքր դուրս գալ նման պնդումներ անելիս, որպեսզի արձագանքը անսպասելի չլինի:
Տեղյակ են օրինակ տիկին Թանդիլյանը և նրա մյուս կուսակցական ընկերները մի պարզ բան, որ քաղցկեղը որպես այդպիսին մի հիվանդություն չէ և որ այդ տարբեր հիվանդությունները տարբեր առաջացման մեխանիզմներ ունեն, թե՞ կրկին ականջահաճո է հավաքել բոլորը մի կաթսայում և ամպագորգոռ հայտարարություններ անել:
Տիկին Թանդիլյան, օրինակ երբևէ լսել եք, որ մաշկի մելանոմայի, ամենամահաբեր «քաղցկեղներից» մեկի ռիսկի ամենամեծ գործոնը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, կամ որ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառը վիրուսն է: Դժվար թե լսած լինեիք կամ էլ ձեռնտու չէ փաստերով խոսելը:
Փոխանցեք նաև Ձեր գործընկերներին, որ այդ տարեկան հազարավոր չարորակ նորագոյացությունների դեպքերից մոտ 2.000-ը շնչառական ուղիների ու թոքերի քաղցկեղն է, որի ամենամեծ ռիսկի գործոնը ծխախոտի ծուխն է, որի օգտագործման նվազեցմանն ուղղված մեր օրենքին Ձեր երկու գործընկերները տնտեսական հանձնաժողովում ԴԵՄ քվեարկեցին` պաշտպանելով ծխախոտային արդյունաբերության կողմից օր ու գիշեր թմբկահարվող մի կեղծ թեզ, թե օրենքը տնտեսական վատ հետևանքներ է բերելու: Մի քանի ընկերության համար վատ տնտեսական հետևանքներ կլինեն, իսկ երկրի համար՝ ոչ։ Հուսով եմ քվեարկության և այդ ընկերությունների շահերի համընկնումը պատահական է։
Մի հուշում էլ անեմ` շրջակա միջավայրի գործոնները, այդ թվում Ձեր կողմից նշված ծանր մետաղները ուժեղ ազդեցություն ունեն նաև սրտանոթային և նյարդային համակարգերի վրա: Ճիշտ է դրանք այդքան էլ լավ չեն հնչում պոպուլիզմի համար, սակայն մյուս անգամ ավելի պետքական թվեր կարող եք հնչեցնել: Ավելին, այդ ծանր մետաղները կարող են բնականորեն ավել լինել հողում և ջրում` կախված տեղանքից նույնիսկ առանց բաց մետաղական հանքերի շահագործման: Ի դեպ, այդ «գործոնները» այնքան շատ են, որ արժի մյուսներն էլ ուսումնասիրել, օրինակ երկրակեղևի բնական ռադիացիան և այլն: Այս ոլորտը բավական լայն է գիտելիքների հարստացման համար:
Կառավարությունը և մեր նախարարությունը մշտապես կատարում են անհրաժեշտ հետազոտական և գիտահետազոտական աշխատանք մարդու առողջության վրա շրջական միջավայրի գործոններով պայմանավորված ազդեցությունները գնահատելու և համապատասխան քաղաքականություն մշակելու համար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: