ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
1375 թ․ մամլուքներն ու կարամանները գրավեցին Կիլիկիայի մայրաքաղաք Սսի միջնաբերդը։ Գերյալների թվում էին Լեւոն V Լուսինյանն ու նրա ընտանիքի անդամները, Պողոս Սսեցի կաթողիկոսն ու բազմաթիվ իշխաններ։ Վերոնշյալ տարեթիվն էլ պատմաբանները համարում են Կիլիկյան հայոց պետության անկման տարի։
Սսի անկումից հետո, սակայն, հայ նշանավոր իշխաններից Կոստանդինը հռչակվեց Հայոց թագավոր եւ շուրջ 50 տարի կառավարեց Լեռնային Կիլիկիայում։ Նա համառ մարտեր էր մղում հայրենի բռնազավթված տարածքներն ազատագրելու համար։ 1424-ին Եգիպտոսի սուլթանին հաջողվեց հաղթել Կոստանդինին եւ իր տիրապետության տակ առնել ամբողջ Կիլիկիան։
Լենկթեմուրյան մղձավանջից հետո Հայաստանում իշխում էր կարա-կոյունլու թուրքմենական ցեղը: Կարա-կոյունլու տիրակալ Ջհանշահը (1437-1467 թթ.) համեմատաբար մեղմ քաղաքականություն էր վարում հայերի նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը։ Նրա թույլտվությամբ 1441-ին Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայի Սիս քաղաքից փոխադրվեց Էջմիածին։ Ջհանշահը նույնիսկ ընդառաջեց Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։
Զաքարիա կաթողիկոսը սերում էր Արծրունիների թագավորական ընտանիքից՝ «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից ու ցեղից»։ Նա Հայոց թագավորի թեկնածու է առաջադրում իր եղբորորդուն եւ ստանալով Ջհանշահի համաձայնությունը՝ 1465թ. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Սմբատ Արծրունուն օծում Հայոց թագավոր։ «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եւ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։
Սմբատին չհաջողվեց ստեղծել համահայկական թագավորություն: Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու եւ Վանա լճի առափնյա մի քանի բնակավայրերի վրա (Ռշտունիք գավառ)։ 1468 թ. ակ-կոյունլուները վերացրին Սմբատի թագավորությունը:
Սսի անկումից (1375 թ. ապրիլի 16) հետո Կիպրոսի տիրակալները, որպես Լուսնյանների ազգականներ, իրենց տիտղոսին ավելացնում էին նաեւ «Հայաստանի թագավոր» տիտղոսը եւ այդ անվամբ դրամ էին հատում։
1645 թ. «Հայաստանի թագավոր» տիտղոսն անցավ Վենետիկի հանրապետությանը։ Այն ընդունեցին նաեւ Պիեմոնտի թագավորները։ Իտալիայում Սավոյան իշխանական տան ժառանգները «Հայաստանի թագավոր» տիտղոսը պահպանեցին մինչեւ 1946 թ.:
Լուսանկարներում՝ Սիս քաղաքը և Ջահնշահի դամբարանը Թավրիզում:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: