«Ոչ երեկ, ոչ այսօր Հայաստանում չկա, չի եղել այնպիսի իշխանություն, որին որևէ արվեստագետ կարող էր, կամ կարող է որևէ բան պարտադրել»
Advertisement 1000 x 90

«Ոչ երեկ, ոչ այսօր Հայաստանում չկա, չի եղել այնպիսի իշխանություն, որին որևէ արվեստագետ կարող էր, կամ կարող է որևէ բան պարտադրել»

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի գրառումը.

«Հասկանալով ցանկացած իշխանության էությունը և այն, որ սա գրելով իզուր իմ դեմ հավելյալ բացասական էներգիա եմ սադրելու, այնուամենայնիվ չեմ կարող չգրել: Չեմ կարող, որովհետև ինքս էլ բախվել եմ ստորաբար ծրագրավորված զրպարտության ու մանիպուլյատիվ ապատեղեկատվության դաժան ալիքի հետ ու ցավոք, այդ պահին գրեթե մենակ եմ մնացել: Հենց այդ պատճառով չեմ կարող չգրել:

***
Ինձ խորապես տհաճ է այն տեղեկատվական կամ ավելի ճիշտ ապատեղեկատվական արշավը, որ սկսվել է իմ կոլեգա, ռեժիսոր Դավիթ Սահակյանցի Davit Sahakyants դեմ: Մենք Դավիթի հետ երբեք շատ մոտ չենք եղել, չեմ կարող ասել, որ մտերիմ ենք, բայց ես միշտ հարգել եմ Դավիթի զարմանալի համեստությամբ զուգորդվող անկոտրում սկզբունքայնությունն ու տոհմական տաղանդը: Ես իքնս եմ անդադար ահազանգել վերջին քսան տարում կինոարտադրության ոլորտում պետական ապաշնորհ կառավարման պատճառով փոշիացվող միլիարդավոր դրամների մասին: Այն մասին, որ Հայաստանում կինոյի պետական կառավարման համակարգը հայկական կինոարտադրության զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Երեկ էլ, այսօր էլ: Այսօր էլ պետությունը առաջնորդվում է կառավարման նույն մոդելով, ավելին, այն իրականացնում են նույն մարդիկ: Ու այս ամենը կարգավորելու փոխարեն տրվել էժան մանիպուլյացիաների գայթակղությանը՝ քաղաքական ինչ-ինչ էժան վրեժներ լուծելու համար, դա ուղղակի նողկալի և ի սկզբանե պարտված մարտավարություն է:

***
Եթե որևէ մեկին թվում է, թե արվեստագետ, ռեժիսոր-անիմատոր Դավիթ Սահակյանցը այնքան հզոր է, կամ հզոր էր, որ կարող էր Սերժ Սարգսյանի իշխանությանը պարտադրել իրեն ֆինանսավորել, կամ Սերժ Սարգսյանի իշխանությունը այնքան մանր էր, որ Դավիթից պիտի «ատկատներ» վերցներ, ապա այդ մեկը կամ վերջացած ապուշ է, կամ սրիկա: Պարզապես նախորդ իշխանության համար Դավիթի ստեղծած ֆիլմերը ընկալելի էին, սիրելի, նրանք ի դեմս Դավիթի տեսնում էին արվեստագետի, ում պետք է պետական աջակցություն ցուցաբերել: Դա իշխանության վերին օղակների սուբյեկտիվ ընտրությունն էր: Ճիշտ այնպես, ինչպես այսօրվա իշխանությունը համարում է, որ Մելինե Դալուզյանը անձնական պաշտպանության կարիք ունի և նրա մասին ֆիլմին պետք է պետական աջակցություն ցուցաբերել:

***
Ոչ երեկ, ոչ այսօր Հայաստանում չկա, չի եղել այնպիսի իշխանություն, որին որևէ արվեստագետ կարող էր, կամ կարող է որևէ բան պարտադրել: Դավիթի դեմ սկսած արշավը միայն թուլացնելու է իշխանությանը և ուժեղացնելու է Դավիթին, որովհետև մեր ազգը չափազանց երկար է ապրում այս աշխարհի վրա հասկանալու համար, որ իշխանություն – արվեստագետ բախման դեպքում առաջինը ապրիորի նենգն ու սխալն է, երկրոդը՝ զոհը: Դա աքսիոմ է: Այդպիսին է իշխանության էությունն ու արվեստագետի առաքելությունը»:



Նման նյութեր