ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կազմում, ինչպես հայտնի է, նախարարական պորտֆելներ ստացան անձինք, որոնք մինչ այդ ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում բավականին լուրջ մասնավոր ընկերություններում։
Ու գաղտնիք չէ, որ որոշ ընկերություններ թոփ-մենեջմենթին բավականին լավ են վարձատրում։
Մենք առանձնացրել ենք 5 բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր կառավարություն են տեղափոխվել մասնավոր ոլորտից։ Փորձել ենք պարզել նրանց նախկին վարձատրության չափը՝ հիմնվելով նրանց իսկ կողմից լրացված` պաշտոնը ստանձնելու հայտարարագրերիի վրա։ Հայտարարագրից վերցրել են միայն աշխատանքի վարձատրությունն ու դրան հավասարեցված վճարումները։
Մի կարևոր նկատառում. հայտարարագրում նշվում է նշանակման տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները։ Ու եթե տվյալ պաշտոնյան նշանակվել է, ասենք, մարտի կեսին, ապա պարզ չէ՝ հայտարարագրում միայն ներառված է հունվար-փետրվարի՞ վարձատրությունը, թե՞ նրան վճարվել է նաև մարտ ամսվա համար մասնակի։ Դրա համար էլ մենք աշխատավարձի չափերը նշել ենք միջակայքերով՝ մի դեպքում ենթադրելով, որ անձը ստացել է նաև վերջին ամսվա մասնակի աշխատավարձը, մյուս դեպքում՝ ոչ։
Եվ այսպես, սկսենք Վահան Մարտիրոսյանից։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պաշտոնը ստանձնել է 2016 թվականի սեպտեմբերի 20-ին։ Մինչ այդ եղել է հեռահաղորդակցության ոլորտում գործող «GNC Ալֆա» (Ռոստելեկոմ) ընկերության ղեկավարը։
Ընթացիկ տարում՝ մինչև պաշտոնը ստանձնելը, պրն Մարտիրոսյանը ստացել է 1 մլն 440 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ։ Սա համեմատաբար քիչ է՝ նման ընկերության համար, սակայն Վ. Մարտիրոսյանը եկամուտներ է ունեցել նաև շահաբաժիններից, վարձակալությունից և հանձնած փոխառությունների դիմաց վճարումներից։
Հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու պահը նախարարը հայտարարագրել է ընդհանուր առմամբ 56.1 մլն դրամի եկամուտ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանընույնպես պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 20-ին։ Մինչ նախարար դառնալը՝ 2015-2016 թվականներին, եղել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, իսկ դրանից առաջ ղեկավարել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ-ն։
Ընթացիկ տարում նախարարը հայտարագրել է 34.7 մլն դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ։ Աշոտ Մանուկյանը աշխատավարձից բացի այլ եկամտի աղբյուր չի ունեցել։
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի աշխատանքային ամբողջ կարիերան կապված է Երևանի կոնյակի գործարանի («Պեռնո Ռիկար» խումբ) հետ։ Նա այս ընկերությունում աշխատել է 18 տարի՝ 1998-2016 թվականներին, փորձագետ հաշվապահի պաշտոնից հասնելով մինչև ընկերության գործադիր տնօրեն։
2016 թ. սեպտեմբերի 20-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարն է։
Իգնատի Առաքելյանը տարվա սկզբից մինչև սեպտեմբերի 20-ը հայտարարագրել է 63.8 մլն դրամի ստացված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։ Եվս 47.3 հազար եվրոյի եկամուտ է ունեցել՝ գույքի օտարումից։
Լևոն Ալթունյանը առողջպահության նախարար է նշանակվել սեպտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ Լ. Ալթունյանը 1996 թվականին հիմնել է ապահովագրական ընկերություն (որը մինչև 2004 թվականը կոչվում «Էֆես», իսկ դրանից հետո մինչ օրս՝ «Ինգո Արմենիա») և ինքն էլ ղեկավարել այն։
Հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Լևոն Հարությունյանը ստացել է 79.9 մլն դրամ՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների տեսքով։
Բացի աշխատավարձից, նախարարն ընթացիկ տարում ստացել է նաև 100 մլն դրամ շահաբաժին, 3.66 մլն դրամ և 141.7 հազար դոլար՝ որպես հանձնած փոխառությունների դիմաց հատուցում, ևս 583.8 հազար դրամ՝ այլ եկամուտ։
Վարդան Հարությունյանը 2010 թվականից փաստացի ղեկավարել է Հայաստանի ամենախոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» (նախկին՝ «ՀայՌուսգազարդ») ընկերությունը։
2010–2011թթ. եղել է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2011-ից հետո մինչև ՊԵԿ նախագահ նշանակվելը (հոկտեմբերի 8-ին)՝ ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Նշենք, որ Վարդան Հարությունյանը գազային ընկերության ղեկավարի պաշտոնում փոխարինել է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին։
Ընթացիկ տարում Վարդան Հարությունյանը հայտարարագրել է 123.08 մլն դրամ աշխատավարձ և դրան հավսարեցված վճարումներ, և 121.6 հազար դոլար՝ որպես փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս կամ հատուցում։
Ինչպես տեսնում եք, գրեթե բոլոր նախարարները (բացառությամբ Վահան Մարտիրոսյանի) մասնավոր հատվածում մի քանի անգամ ավելի բարձր են վարձատրվել, քան նախարարի պաշտոնում։ Ընդ որում, սա այն դեպքը չէ, որ մտածենք՝ այս մարդիկ պաշտոն են ստանձնել՝ կողմնակի եկամուտ ունենալու համար։
Ստացվում է՝ նրանք մի կողմից հրաժարվել են բարձր եկամուտներից, մյուս կողմից՝ մտել մեծ պատասխանատվության և քննադատության թիրախում հայտնվելու ռիսկի տակ։