«Ինձ ուղղակի վտարեցին երկրից». hraparak.am
Advertisement 1000 x 90

«Ինձ ուղղակի վտարեցին երկրից». hraparak.am

hraparak.am-ը գրում է. «Բաներ կան՝ անցյալից եկող, որ այսօր չեն բարձրաձայնվում և ներկայի ֆոնին՝ կտրված լինելով անցյալից, անհասկանալի է թվում։ Անցյալը  տիրապետելը նույնն է, ինչ  հիվանդության պատճառը գտնելը, ոչ թե հետևանքը։ Այսօր փորփրելով անցյալը, փորձեցի հասկանալ՝ թե ինչու՞ այս կամ այն օլիգարխին, կներեք, գործարարին, հետապնդում են, մյուսներին՝ ոչ։ Ու քանի որ ամենաթարմը Ռուբեն Հայրապեյանի տան խուզարկությունն էր, փորձեցի անցյալից եկող փաստերով ճշտել դա։

Չէի հիշում, թեև այդ շրջանից եմ, որ Ռուբեն Հայրապետյանին վտարել էին երկրից։ Վերհիշեցի, կարդալով «Նուվել դ՛ Արմենի» ամսագրի հարցազրույցը, որը արվել էր 2012 թվականի սեպտեմբերին։ Հատկապես վտարման մասը կներկայացնեմ՝ լրագրողի հարցերով ու շատ բան պարզ կլինի։

Լրագրող․- 1994-ին, ԼՏՊ-ի օրոք «Հայծխախոտ» միավորումը մասնավորեցվում է, եւ դուք դրա փայատեր եք դառնում: Այդ պահից սկսա՞ծ է, որ, գործարանը կոպեկներով գնելով, սկսում եք հարստանալ:

-Ես ձեռնարկությունը կոպեկներով չեմ գնել: Ընդհակառակը, բավականին թանկ եմ վճարել: Այն տարիներին դա ամենաթանկ մասնավորեցումներից մեկն էր, որովհետեւ ԼՏՊ-ն ու իր ընկերներն ամեն ինչ անում էին, որ ես չկարողանայի գնել գործարանը:

-Լրագրող․-  Ինչո՞ւ:

– Որովհետեւ ես Վազգեն Մանուկյանի համախոհներից էի: Վազգեն Մանուկյանի բոլոր մտերիմներին հալածում ու քշում էին: Չէին թողնում հանգիստ ապրել: 1994-ին ինձ ուղղակի վտարեցին երկրից: Ուզում եմ ասել, որ եթե չհեռանայի, ինձ կարող էին սպանել: Ինձ վերացնելու հրաման կար: Ես Հայաստանից հեռացա 1994-ին եւ վերադարձա 1995-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

-Լրագրող․- Վերադառնանք «Հայծխախոտի» մասնավորեցմանը: Դա ինչպե՞ս է եղել:

 Միավորման ամեն մի ձեռնարկությունն առանձին մասնավորեցվեց, եւ ես դրանցից միայն մեկի՝ Երեւանի գործարանի բաժնետեր դարձա, այն էլ՝ աշխատանքային կոլեկտիվի՝ մոտ հազար մարդու հետ միասին: Բայց ճիշտ է, որ երեք ամենամեծ բաժնետերերը մենք էինք՝ Լիդա Սարգսյանը, Հրանտ Վարդանյանը եւ ես: Մեզանից ամեն մեկին պատկանում էր բաժնետոմսերի 23,3 %-ը: Այսինքն երեքով Երեւանի գործարանի հիմնական փայատերերն էինք՝ 69,9% բաժնեմասով: Ես մնացել էի գործարանի գլխավոր ինժեները:

Լրագրող․-  1996-ին դուք հիմնադրում եք «Գրանդ Տոբակո» ընկերությունը:

-Ես ու Հրանտ Վարդանյանը երկուսով ենք հիմնադրել «Գրանդ Տոբակոն»: Մենք կարեւոր ներդրումներ արեցինք, որ կարողանայինք անհրաժեշտ որակ ստանալ ներքին շուկան նվաճելու համար:

Լրագրող․- Իսկ ինչո՞ւ չպահպանեցիք «Հայծխախոտ» ապրանքանիշը եւ նոր ձեռնարկություն ստեղծեցիք:

-Այդ ժամանակ մենք հանրապետության այնպիսի նախագահ ունեինք (ծ.լ. ԼՏՊ-ն), որը մեզ թույլ չէր տալիս աշխատել: Ձեզ քիչ առաջ ասացի, որ 1994-ին ես ստիպված եղա հեռանալ երկրից: Պիտի ասեմ, որ երբ 1995-ին վերադարձա Հայաստան եւ իմ թեկնածությունն առաջադրեցի խորհրդարանական ընտրություններում, Գագիկ Ջհանգիրյանն անօրինական կերպով հանեց իմ թեկնածությունը ընտրություններից մի շաբաթ առաջ: Այդպես խանգարեցին իմ պատգամավոր դառնալուն: Դրանից հետո հալածանքների երկրորդ փուլը սկսվեց: Ես նորից ստիպված եղա հեռանալ երկրից: Ես վերադարձա 1996-ի նախագահական ընտրարշավի սկզբին, որ պայքարեի Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Դրան հետեւեցին հալածանքները՝ սեպտեմբերից, նաեւ ձերբակալությունները: Ես միակը չէի: Շատերն էին ինձ նման: Այդ մարդիկ այլեւս ասպարեզում չեն: Նրանց մեծամասնությունն ընդմիշտ հեռացել է Հայաստանից: Մի բենզին ներկրողի եմ հիշում, անունը Ռուբո էր: Նա դեռ էստեղ է, բայց մյուսները հեռացել են: Երկու Ռուբո կար, իրար ընկեր էին, երկուսին էլ ձերբակալեցին ու նաեւ՝ նրանց նման շատերին: Մինչեւ 1996-ի նոյեմբերը ես թաքնված մնացի, մինչեւ այն պահը, երբ պիտի տեղի ունենային Ավանի թաղապետի ընտրությունները: Նոյեմբերի վեցին դուրս եկա ընդհատակից: Եվ ամսի տասին Ավանի բնակչությունը դուրս եկավ ԼՏՊ-ի եւ իր ոհմակի դեմ, եւ ես հաղթեցի ընտրություններում առանց քաղաքական որեւէ կողմնորոշման, առանց քաղաքական որեւէ կուսակցության աջակցության:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդալով, շատ ու շատ մանրամասներ կգտնեք այն մասին, որ անցյալն այսօրվա ներկան է։ Նույն պայքարն է շարունակվում, նույն դերակատարներով, պարզապես գույնզգույն փետուրներ են հագել ու մինչև փետուրները հանելը՝ դժվար է ճանաչել․․․

«Ինձ ուղղակի վտարեցին երկրից»․ Ռուբեն Հայրապետյանի բառերն են։ Այդ դեպքում ինչպե՞ս չհավատալ, որ նրան հորդորել են երկրից հեռանալ։ Դա վտարելու թավշյա ձե՞վ չէ։