«Վերնատուն» ակումբի վերջին հայտարարությունը հավանեցի: Շատ լավ, տեղը՝ տեղին գնահատել են ՍԴ դատավորներին ձրիակերների վերածելու մասին զուտ վարչապետի և նրա մի քանի թիմակիցների քմահաճույքով ձևակերպված, քվեարկեցված օրենքը:
Բացի այն, որ այդ շարադրանքը նվաստացուցիչ է ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ մարդկային տասանկյունից, թե բա՝ փախեք-փրկվեք, փողներդ էլ կտանք, մենակ թե ՍԴ-ն տվեք «Իմ քայլին» և սորոսականներին՝ մի քիչ խաղանք… Մի խոսքով, այդ ամենից և հուզական ընկալումներից բացի, դա նաև հակասահմանադրական օրենք է, ինչի մասին բավականին հիմնավորված նշված է «Վերնատան» հայտարարության մեջ. «…Սա միջամտություն է ՍԴ–ի աշխատանքներին, միտված է ՍԴ լիազորությունների յուրացման եղանակով սահմանադրական արդարադատության վերացմանը և սպառնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին: Կեղծ հիմնավորումներով հիմք է դրվում քաղաքական իշխանությունների փոփոխությամբ դատական իշխանության փոփոխության հակասահմանադրական երևույթի։
Ակումբը սույն օրենքը գնահատում է Սահմանադրության տառին և ոգուն հակասող, քանզի խախտվում են իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման մեխանիզմները, փորձ է արվում հաստատել իրավական և ժողովրդավարական պետությանը հակասող անձնիշխանություն: Օրենքն ակնհայտորեն հակասում է ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 213-րդ հոդվածներին»:
Հա, բայց ի՛նչն է կարևորը:
Իսկ կարևորն այն է, որ հիմա այդ հակասահմանադրական օրենքի ընդունվել-չընդունվելը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ՀՀ նախագահն է կամ այդ պաշտոնն զբաղեցնող անձը, ում էլ, ըստ էության դիմում է «Վերնատուն» ակումբը:
Շատ պարզ, էլի՝ տեղին ու նաև՝ ընկալելի է դիմում. «Հարկատուների հաշվին մեկ մարդու ցանկությունների բավարարմանը միտված այդ փաստաթուղթն այժմ Հանրապետության նախագահի տիրույթում է, և նրա ուղղակի պարտականությունն է կասեցնել օրենքի ընդունման գործընթացը` դիմելով ՍԴ` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Ստորագրելով օրենքը` Հանրապետության նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական և հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետևանքների ողջ պատասխանատվությունը, քանզի Սահմանադրության համաձայն՝ հենց նախագահի գործառույթն է Սահմանադրության պահպանմանը հետևելը»:
Բայց արդյո՞ք Ա.Սարգսյանն այդ մարդն է: Նա՞, նախագա՞հը, որ դատելով ամենից, «քարը ծակող» տեղեկանք է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին ու իր պաշտոնական թոշակառությունը, շրջագայությունները վայելելու թավշյա «դաբրո» ստացել: Նա՞, որ հանգիստ կարող էր արժանապատվություն դրսևորվել և չառաջադրել «իմքայլական» Վահե Գրիգորյանին, ով, նկատենք, առանց որևէ օրենքի, լրիվ «թոշակառու» վիճակով ՍԴ անդամ է դարձել:
Արդյո՞ք Արմեն Սարգսյանը կունենա այդքան անհատական քաջություն և կես պտղունց քաղաքական կամք: Ինքս, օրինակ, նման պատրանքներ չունեմ: Եթե Արմեն Սարգսյանը բացարձակապես անտարբեր չլիներ պետության ու երկրի հանդեպ, որի նախագահն է կարգվել, որպես ճակատագրի հեգնանք, ապա մինչ այժմ որևէ կերպ վերաբերմունք դրսևորած կլիներ երկրում տիրող բեսպրեդելի ու հակաքաղաքական վակխանալիայի վերաբերյալ: Քավ լիցի, իշխող թավշյա վերնախավը դրա համար առիթներ է տալիս գրեթե ամենօրյա ռեժիմով:
Այո, հակասահմանադրական փաստաթուղթի՝ օրենք դառնալ-չդառնալու հարցը կախված է մեկ մարդուց և նա.. նախագահն է:
Մի հանրածանոթ ու լավ երգ հիշեցի, էն որ ասում է՝ «հե՜յ, նա՛, նա՛, նա՜…»:
Արմեն Հակոբյանի էջից: