Վախթանգ Սիրադեղյան. «Ձեռքերդ հեռու հանրակրթությունից»
Advertisement 1000 x 90

Վախթանգ Սիրադեղյան. «Ձեռքերդ հեռու հանրակրթությունից»

Ձեռքերդ հեռու հանրակրթությունից: Հանրակրթությունը խաղալիք չէ, որ մանկական էնտուազիզմով փորձեք քանդել այն ու կրկին հավաքել: Հանրակրթությունը վերին աստիճանի կոնսերվատիվ համակարգ է, ու դրանում կատարված փոփոխություններն ազդում են երկարատև կտրվածքով. դրական, եթե փոփոխությունները մտածված ու կշռադատված են, ու բացասական, եթե մոտեցումները հեղափոխական են, այսինքն՝ չմտածված ու չկշռադատված:

Հայաստանը սոցիալիստական հասարակարգից անցում կատարեց կապիտալիստականի, և հանրակրթությունն էլ այդ գործընթացում մնաց պատանդի կարգավիճակում: Անցումն այնքան դանդաղ չէր, ինչպես Բելառուսում, որպեսզի հանրակրթությունն էլ դանդաղորեն հարմարվեր փոփոխվող իրականությանը: Անցումը միաժամանակ այնքան երկար տևեց, որ կրթությունը չկարողացավ դուրս գալ նախորդ համակարգից ու ճահճացավ: Երկու դեպքում էլ մեղավորը հանրակրթությունը չէր, այսինքն՝ դպրոցը, ուսուցիչները, աշակերտները՝ դրանք ընդամենը զոհեր են, այլ այդ բնագավառում քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները:

Երբ 20-րդ դարի 50-ականներին, ունենալով Վեռներ ֆոն Բրաունի պես հանճար, տիեզերական հետազոտությունների բնագավառում ԱՄՆ-ը ետ մնաց ԽՍՀՄ-ից, ամերիկացիներն ուսումնասիրեցին սովետի կրթական համակարգը և դրա լավագույն տարրերը ներդրեցին իրենց դպրոցներում, և արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Եթե մենք շարժվենք ոչ թե այդ, այլ հեղափոխական ճանապարհով, ապա մեկ-երկու տասնամյակ անց կունենանք ոչ թե համբարձումյաններ կամ մերգելյաններ, այլ համատարած «անգրագետ պողոսներ»: Եվ վերջնականապես հօդս կցնդի «մեր ամենամեծ կապիտալը մարդկային կապիտալն է» ինքնագովանքը:

Վախթանգ Սիրադեղյանի էջից:



Նման նյութեր