Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է.
«ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Կրթական բարեփոխումները, կամ ավելի ճիշտ` նոր կրթական համակարգի ստեղծումը, ահռելի ծախսեր է պահանջում, ինչը մեր երկիրը չունի եւ նույնիսկ բարեփոխումների հաջող մեկնարկի համար պահանջվող ֆինանսական միջոցները չի կարող հայթայթել։
Միայն մրցունակ ու շահութաբեր տնտեսություն ունեցող պետությունն է ի վիճակի լուծել կրթական համակարգի առջեւ ծառացած խնդիրները (աշխարհում չկա մի երկիր, որն ունենա թույլ տնտեսություն եւ զարգացած կրթական ու գիտական համակարգ)։
Առանց օտարերկրյա կապիտալի մեծ ներհոսքի ու խոշոր վարկերի` հայաստանյան տնտեսությունը չի կարող շնչել։ Դրա համար երկիրը պետք է գործուն մասնակցություն ունենա համաշխարհային առեւտրատնտեսական գործընթացներին, կիսափակ տնտեսությունը բացի ու կարողանա ներգրավել խոշոր ներդրումներ` զարգացման ծրագրեր իրականացնելու համար։
Այդ ներդրումները կարող են լինել ժողովրդավարական Արեւմուտքից (ամենաձեռնտու տարբերակը), ինչի համար մեզնից կպահանջվի քաղաքական մտքի ռեֆորմացիա, այսինքն կամք ու համարձակություն` դուրս գալ կործանարար ինքնամեկուսացումից, այսինքն` վերջ տալ ռուսական շահերը կուրորեն սպասարկելուց եւ հետամուտ լինել ազգային շահերից բխող նախաձեռնությունների։
Այսինքն բարեփոխումներն (այդ թվում` կրթական) առանց պետականության ստեղծման եւ համաշխարհային քաղաքական ու տնտեսական գործընթացների մեջ երկրի ինքնուրույն ներգրավման, դատապարտված են ձախողման։ Էսքան բան»։