Լիլիթ Բլեյան. «Երեկ Երևանի կենտրոնում տոնածառի լույսերն էին վառվում և տոնական համերգ էր, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեխեքը, մանկավարժներն ու ծնողները պայքարի մեջ էին՝ թույլ չտալու համար մի անհասկանալի ցանկապատի կառուցումը
Advertisement 1000 x 90

Լիլիթ Բլեյան. «Երեկ Երևանի կենտրոնում տոնածառի լույսերն էին վառվում և տոնական համերգ էր, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեխեքը, մանկավարժներն ու ծնողները պայքարի մեջ էին՝ թույլ չտալու համար մի անհասկանալի ցանկապատի կառուցումը

Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նա արել էր նախօրեին.

#միքիչերկար

«Երեկ Երևանի կենտրոնում տոնածառի լույսերն էին վառվում և տոնական համերգ էր, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեխեքը, մանկավարժներն ու ծնողները պայքարի մեջ էին՝ թույլ չտալու համար մի անհասկանալի ցանկապատի կառուցումը։

Ինչո՞վ են էս երկու իրադարձությունն իրար կապվում։

Երկուսում էլ քաղաքացին է կենտրոնում։ Ու երկու դեպքում էլ կողքից նայելիս պարզ է դառնում, որ քաղաքապետարանը քաղաքացու դերը տեսնում է՝ որպես պարզ հանդիսատեսի, ու ոչ՝ որպես իր քաղաքի կյանքի, ռելյեֆի, միջավայրի ձևավորման ու իրացման լիարժեք մասնակցի։

Ամանորյա միջոցառումների համար այս տարի կառավարությունը բավականին լուրջ միջոցներ է “պատվիրակել քաղաքապետարանին”, որոնք գումարվել են ի սկզբանե քաղաքի բյուջեով նախատեսվածին, ու դրանցով մեր քաղաքացու համար մի ցնցող զարմանահրաշ ամանորյա հեքիաթ պիտի պատրաստվի։

Չի բացառվում, որ այդ ամանորյա տոնակատարություններն իրոք զարմանալի ու կախարդական լինեն։ Միայն թե էդտեղ քաղաքացին կլինի նորից հանդիսատես, ու ոչ՝ մասնակիցն իր քաղաքի տոնի ու գործընկերը՝ իր քաղաքի իշխանությունների։

Քաղաքացին, ի վերջո, Երևանում բնակվող նկարիչն է, ձևավորողը, երաժիշտը, կազմակերպիչը, որն ամանորյա միջոցառումների մասին հերթական անգամ իմացավ լուրերից՝ որպես արդեն ֆիքսված իրողություն, քանի որ բաց մրցույթ չի եղել, ներգրավում չի եղել, մասնակցության հրավեր չի եղել, ամեն ինչ նորից որոշվել է կաբինետներում՝ անունները, մասնակից ընկերությունները, բոլորն էլի ստացել են ուղիղ պատվեր, ու քաղաքացի արտիստը, նկարազարդողը, տոների կազմակերպիչն ու անկախ երաժիշտը նորից դարձել են պատվիրված կախարդական տոնի սովորական հանդիսատեսը։

Սեբաստացի կրթահամալիրի շուրջ աղմուկն այս համատեքստում շատ բացատրելի է դառնում։ Էստեղ քաղաքացին սկսել է ինքը որոշել իր համայնքային միջավայրը. որոշել է, որ ուզում է ունենալ հարմար անցուղիներ՝ թաղամասի անճոռնի ու գարաժախեղդ տարածության միջով իր ուզած տեղը հասնելու համար, ուզում է սայլակով, հեծանվով ու ոտքով կարողանալ ազատ տեղաշարժվել սեփական համայնքի բակերով, դպրոցների ու մանկապարտեզների շրջակայքով։ Քաղաքացին որոշել է հանդիսատես չլինել և համաձայն չէ, որ քաղաքի հին, տխուր մետաղե ցանկապատերը նորից ցցվեն իր՝ վերջապես մաքրվող, կանաչող, ներառող միջավայրում։ Ու էստեղ քաղաքապետարանը չի հասկանում խնդիրը, քանի որ սովոր չէ, երբ քաղաքացին ոչ թե հանդիսատես է, այլ՝ մասնակից և որոշում կայացնող։

Քաղաքի կենտրոնական տոնածառը և կից միջոցառումները բոլորովին այլ կլինեին, եթե լինեին մասնակցային։ Գուցե հանդիսատեսի մի մասին դրանք դուր չգային, քանի որ փայլը հավանաբար կպակասեր։ Գուցե տոնածառը չունենար իքս մետր բարձրություն և իգրեկ քանակի լույսեր, գուցե ընդհանրապես նման չլիներ դասական տոնածառի, գուցե տոնը պոկվեր հրապարակից, հոսեր քաղաքի մյուս թաղամասերով ու ներառեր տարբեր՝ անսպասելի ոլորտներ, գուցե տոնական համերգն ընդհանրապես վերածվեր բակային համերգների ինքնաբուխ շարքի, գուցե ամեն ինչ լիներ պակաս պսպղուն ու հոյակերտ, բայց եթե քաղաքի նկարիչը, դեկորատորը, համադրողը, ճարտարապետը, ազատ երաժիշտն ու ազատ մտածող մարդը մուտք ունենային տոնածառային որոշումների կայացման պրոցեսին, էն օտարության զգացումը, որ մեզ “նախկիններից” ժառանգվել էր, այսօր մետաղե ցանկապատի պես նորից չէր խրվի մեր սիրտն ու նորից չէր անջատի մեզ մեր հարազատ քաղաքից»։

Հանդիսատե՞ս, թե՞ քաղաքացի. թվում էր, թե էս պարզ ընտրությունն առնվազն մեկուկես տարի առաջ արվել էր։



Նման նյութեր