Կանաչ թեյի մշտական օգտագործումն իսկապես օգտակար է առողջության համար, հավաստիացնում են Չինաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի մասնագետերը։
Նրանց խոսքով, եթե մարդը թեյ է խմում, հատկապես կանաչ, շաբաթը առնվազն երեք անգամ, դա դրականորեն է անդրադառնում նրա առողջության վրա։
Ինչպես տեղեկացնում է Medical Express-ը, մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 100 հազար մարդու վիճակը, որոնց բաժանել են երկու խմբի՝ մշտապես թեյ օգտագործողների (շաբաթը 3 անգամից ավելի) եւ հազվադեպ կամ երբեք չխմողների (շաբաթը 3 անգամից քիչ)։ Այնուհետեւ երկար տարիներ ուսումնասիրել են, եւ դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ սրտի իշեմիկ հիվանդությունը եւ կաթվածը առաջին խմբի մարդկանց մոտ1,41 տարի ավելի ուշ են եղել, քան երկրորդ խմբի դեպքում։ Իսկ նրանց կյանքի տեւողությունը 1,26 տարով ավելի երկար է եղել։
Ընդհանուր առմամբ, սիրտ-անոթային հիվանդությունների եւ կաթվածի առաջացման ռիսկն առաջին խմբում 39 տոկոսով ավելի ցածր է եղել, սրտի հիվանդություններից եւ կաթվածից մահացությունը ցածր է եղել 56 տոկոսով, 29 տոկոսով ցածր է եղել նաեւ մահվան ռիսկն այլ պատճառներից։
Մասնագետների խոսքով՝ կանաչ թեյի մեջ կան բազմաթիվ պոլիֆենոլներ, որոնք վերահսկում են ճնշումն ու սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի մյուս գործոնները։ Սակայն սեւ թեյը նման հատկություններ չունի, քանի որ ֆերմենտացվում է։ Այդ պրոցեսում պոլիֆենոլները թթվայնացվում են պիգմենտներում, ինչը հանգեցնում է հակաօքսիդանտային հատկությունների կորստին։