Երեկ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Պատերազմից հետո» խորագիրը կրող միջոցառում` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ Ուսխորհրդի (ՈւԽ) Ռազմահայրենասիրական հանձնաժողովը: Վերջինիս պատասխանատու Խաչատուր Սիրադեղյանը նշեց, որ իրենց ցանկությունն էր՝ միջոցառմամբ ճանաչել տալ մեր կողքին ապրող հերոսներին, ինչպես նաև հիշել նրանց, որ ֆիզիկապես մեր կողքին չեն: Միջոցառմանը ներկա էին Մարտական խաչ շքանշանակիր, ապրիլյան պատերազմի հերոսներ Շուլի Հակոբյանը, Հարություն Բադալյանը, Գոռ Դարմանյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Գևորգ Մանուկյանը, ինչպես նաև դահլիճում էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը: Պատերազմից առաջն ու հետոն հերթով հիշեցին տղերքը, զրուցեցին, պատմեցին իրադարձությունների մասին:
Առաջինն իր հիշողություններով կիսվեց Գևորգ Մանուկյանը: Նա թշնամուն հասցրել է 22 միլիոն դոլարի վնաս: Իսկ «ինչպե՞ս խփեցիր ուղղաթիռը» հարցին տրվեց ամենապարզ պատասխանը՝ «Նշան բռնեցի, խփեցի»:
Բանակում մի անգամ էլ հաճույքով կծառայի. այնտեղ ազատ ժամանակ միայն գիրք է կարդացել:
Հերթը տանկի որսորդներինն էր՝ Ռաֆայել Հովհաննիսյան, Շուլի Հակոբյան: Յուրաքանչյուրը հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել: Ռաֆայելը չի սիրում, երբ իրեն հերոս են անվանում:
«Հերոս են այն տղերքը, ովքեր ավտոմատները ձեռքին թուրքի դեմ ելան ու մահացան հերոսի մահով»,- ասաց նա:
Շուլիին ներկայացնում են` սկսած անվան ծագումնաբանությունից: Այն, որ Շուլին գյուղ է Արևմտյան Հայաստանում, տանկիստի համար էլ էր նորություն: Ժպտում է.
«Ճիշտն ասած, ինձ համար էլ էր նորություն, որ Շուլին գյուղ է Արևմտյան Հայաստանում: Պապս էլ կզամանար: Իր անունն եմ կրում, ու դա ինձ համար մեծ պատիվ է»,- ասաց նա:
Հարություն Բադալյանի համար օրինակ է եղել և կմնա հայրը. «Բանակում էլ մտածում էի հետ գալ, հորս պատմել, որ նա էլ ինձնով հպարտանա: Կարծում եմ` այդպես էլ եղավ»,- ասաց Հարությունը:
Հասմիկ Սիրունյան