Երվանդ Քոչարի թանգարանը համավարակային մեկուսացման օրերին բազմազան ծրագրեր է իրականացնում վիրտուալ տիրույթում, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոչ միայն Քոչարի թողած հարուստ մշակութային ժառանգությանը, այլև ճանաչել օտարազգի մեծերի ստեղծագործությունները:
«Մենք ակցենտավորում ենք Քոչարի արվեստի հանրահռչակումը, բայց երբեմն ներկայացնում ենք որոշ հրապարակումներ, որոնք առհասարակ ուղղված են մեր հետևորդների ընդհանուր գեղագիտական մակարդակի բարձրացմանը: Այդ նպատակով նախաձեռնել էինք «Արվեստը համաճարակների օրերին» ծրագիրը, որի շրջանակում ներկայացրել ենք, թե մարդկության պատմության ընթացքում ինչպիսի ստեղծագործություններ են ծնվել համաճարակների օրերին: Իսկ ապրիլի 24-ին ընդառաջ համահայկական ծրագիր առաջարկեցինք՝ փորձելով համախմբել հայությանը: Այն կոչվում էր «Մեր մեծերի պատգամները»: Դա փորձ էր այս օրերին ոգեշնչել մարդկանց, տեղ հասցնել ոչ միայն հայ, այլև օտարազգի մտավորականների ուղերձներն ուղղված Հայաստանին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:
Ներկայացրել են արվեստաբանական միտքը Քոչարի մասին, հուշեր Քոչարի մասին, Քոչարի հուշերն իր ժամանակակիցների կամ նրա համար արժևորված մարդկանց մասին հրապարակումները:
Կարինե Քոչարը տեղեկացրեց, որ վիրտուալ տիրույթում ծավալած գործունեության ընթացքում թանգարանի հետևորդների քանակն ավելացել է: Նա թանգարանի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր հետևորդներին, Քոչարի արվեստի երկրպագուներին, և բոլոր արվեստասերներին՝ թանգարանի էջին հետևելու, հավանումներով և կիսումներով ոգևորելու և Քոչարի արվեստը հնարավորինս աշխարհով մեկ տարածելու համար:
«Դուք օգնում եք պահպանել և տարածել այն համամարդկային ու ազգային արժեքներն ու սկզբունքները, որոնք պատգամել է մեզ մաեստրո Քոչարը: Շնորհակալություն բոլորիդ և յուրաքանչյուրդ»,- եզրափակեց նա:
Անժելա Համբարձումյան