Այս տարի՝ 2020 թվականին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Այս տարիների ընթացքում ստեղծվել է մասնավոր պահպանվող տարածք, որն առաջինն է Հարավային Կովկասում։ Ապաստարանի ստեղծման հիմնական գաղափարը տեղի հարուստ կենդանական և բուսական աշխարհի, մշակութային արժեքների պահպանությունն է անմիջապես տեղաբնակների մասնակցությամբ։ CWR կողմից պահպանվող տարածքները ձգվում են Արարատի մարզից մինչև Վայոց ձորի մարզ (շուրջ 30․000 հա) և որպես անտառապահներ ներգրավվում են տեղի համայնքների բնակիչները։ Այսպիսով կարևորվում է ոչ միայն նախագծի բնապահպանական բաղադրիչը, այլև՝ սոցիալական։
Տասնամյա գործունեության ընթացքում հատկապես ակնհայտ է բեզոարյան այծերի թվաքանակի աճը, ինչի մասին վկայում են նաև անտառապահների կողմից օգտագործվող տեսախցիկներն ու իրականացվող մոնիթորինգը։ Խոսուն օրինակ է նաև առաջավորասիական հովազի հայտնվելը Հայաստանում, որը բազմաթիվ անգամներ նկարահանվել է նաև CWR տարածքներում։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահներն այնքան են հմտացել իրենց գործում, որ նրանց հաջողվում է շատ յուրահատուկ կադրեր ֆիքսել կենդանիների առօրյայից։ Օրինակ՝ CWR անտառապահ Մանուկ Մանուկյանը, որը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչ է, բոլորովին վերջերս բեզոարյան այծերի այս լուսանկարներն է ստացել, որոնք իսկապես ուշագրավ են։ Բեզոարյան այծը՝ իրեն ապահով զգալով, այնքան է մոտեցել անտառապահին, որ վերջինիս հաջողվել է լուսանկարներով արտացոլել կենդանու վեհ ու հպարտ կերպարը։
Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման գործում: Այստեղ են բնակվում այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժը, առաջավորասիական հովազը և այլն: