Այսօր, երբ մեր անկախության և խաղաղ ապրելու իրավունքի համար Արցախում թեժ մարտեր են, յուրաքանչյուրն իր պարտքն ու խնդիրը գիտակցելով փորձում է պիտանի լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, որովհետև պատերազմում անելիք ունեն բոլորը: Պատերազմական իրավիճակում շատերն իրենց գործն են անում համեստ ու լուռ, բայց նրանց առաքելությունը ոչ պակաս կարևոր ու նշանակալի է Բանակի համար: Դրանց թվում զինվորին հաց ու ջուր հասցնողներն են:
Պաշտպանության բանակին սնունդ մատակարող ընկերություններից «Երեմյան Փրոջեքթս»-ը սպասարկում է պատերազմող Արցախի ամենաթեժ՝ հարավային և հարավ-արևելյան հատվածները: Սեպտեմբերի 27-ին առաջին իսկ հուժկու և ավերող հարվածները հասցվել են հենց այս ուղղություններով: Երբ սկսել են հրետակոծությունները, կազմակերպության թիմն արագ կողմնորոշվել է, թիմակից կանանց տարհանել, տղամարդկանցով մնացել, շարունակել աշխատանքը: Սակայն օրեցօր իրադրությունն ավելի է լարվել, աշխատակիցների անվտանգությունն ապահովելու և աշխատանքը մեծ թիմով ավելի օպերատիվ ու արդյունավետ կազմակերպելու համար մատակարարման հիմնական գործառույթները տեղափոխեցին Երևան՝ «Երեմյան Փրոջեքթսի» «Արցախ» գործարան։
«Երեմյան Փրոջեքթս»-ի 7 կիլոգրամ կշռող օրապահիկով ուսապարկերն արդեն ճանաչելի ու սպասված են ամբողջ Արցախում՝ թե´ մարտադաշտում զինվորների, թե´ ապաստարաններում պատսպարվածների, թե´ գյուղերում ապրող բնակիչների կողմից։ Ուսապարկերում են նախաճաշի՝ խտացրած կաթ, մեղր, կարագ, ճաշի՝ ապուր, պահածոներ, ընթրիքի ուտեստները՝ երշիկեղեն, պանիր, նաև ջուր, հաց, սուրճ, քաղցրավենիք, մրգեր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ՝ ծխախոտ, սնունդը տաքացնելու միջոցներ (կրակայրիչ, չոր սպիրտ) և այլն: Օրապահիկի տեսականին ընտրվում է հիմք ընդունելով ուղարկվող մթերքների սննդարարությունը, տեսականին պարբերաբար փոփոխվում է, վերանայվում: «Երեմյան Փրոջեքթս»-ի մեքենաներն Արցախ են գնում ամեն օր, օրական շուրջ 80 տոննա մթերք տանելով կազմակերպության Արցախի բազաները, որտեղից փոքր ամենագնաց մեքենաներով տեղափոխվում է տարբեր ուղղություններով: Այս գործընթացն անընդմեջ է, ներգրավված են «Երեմյան Փրոջեքթս»-ի թե´ Արցախի և թե´ Երևանի թիմերը, որոնք այսօր աշխատում են արտակարգ ռեժիմով, հստակ հերթափոխով՝ հանուն զինվորի, հանուն հաղթանակի։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը պատերազմի առաջին օրվանից Արցախում է: Մեզ հաջողվեց կարճ հեռախոսազրույց ունենալ նրա հետ։ Նա պատմում է, որ իր թիմը ոչ միայն օր ու գիշեր սննդի մատակարարման իր գործառույթներն է պատշաճ կատարում, այլև օգնում է ինչով և ինչպես կարող է՝ վիրավորների տարհանումից մինչև զինամթերք տեղափոխելը:
«Պատիվ ունեմ այս մարդկանց հետ աշխատելու և անչափ հպարտ եմ իմ թիմակիցներով: Թիմ, որը գիտակցելով իրավիճակի լրջությունն ու պահի օրհասական լինելը՝ շարունակել է իր աշխատանքը, չի լքել իրեն վստահված դիրքն ու գործը և դեռ ավելին: Մեր տղաները երբեմն կրակի ու հրետակոծությունների տակ, վտանգն արհամարհելով՝ առաջնագիծ են հասցրել սնունդն ու անհրաժեշտ իրերը: Ցավալի է, որ զոհեր և վիրավորներ ունենք: Իրենց մասնագիտական պարտքը կատարելիս Մարտունու պահեստի մոտ պայթյունից զոհվել են պահեստի աշխատակից Վյաչեսլավ Բալասանյանն ու խոհարարի օգնական Կամո Գրիգորյանը, ծանր վիրավորվել՝ ևս երկու աշխատակից: Մերոնք, իսկապես, անհնարինն են անում՝ անտեսելով վախն ու մահը։ Հոկտեմբերի 12-ին, երբ թշնամին հարձակվել էր Վարանդայի (Ֆիզուլիի) ուղղությամբ, «Երեմյան Փրոջեքթս»-ի 4 խոհարար վերցրել են զենքը և բռնվել է մարտի։ Նրանցից մեկն՝ Անդրանիկ Մաթևոսյանն այժմ ծանր վիճակում հոսպիտալում է: Այո, մեր կողքին իրական հերոսներ կան: Հերոսներ, որոնց սխրանքներին դեռ պետք է փորձենք արժանի լինել։ Մեր ամբողջ թիմը մինչ օրս տոկուն ու անսասան իր դիրքում է, պատվով է պահում իրեն վստահված «խրամատը»: Մենք ունենք պարտավորություն մեր զինվորների, մեր զինվորների մայրերի և քույրերի, մեր երկրի ու հայրենիքի առջև, մենք պետք է միասնաբար մոտեցնենք հաղթանակը: Հաղթելու ենք, անկասկած», – հավելում է Դավիթ Երեմյանը:
Երեկոյան ուշ ժամին մենք «Արցախ» գործարանում ենք։ Այստեղ արդեն երրորդ հերթափոխն է անցել աշխատանքի։ Առավոտյան լույսը դեռ չբացված, բեռնված սնունդով և անհրաժեշտ պարագաներով հերթական բեռնատարն են ճանապարհելու Արցախ։ Գործը եռում է, թիմն իր անելիքն իմանալով՝ լուռ ու համակարգված աշխատում է։ Այսօր ընկերությունում բոլորը գիտակցում են, որ թիմից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքը, յուրաքանչյուրի ներդրած ռեսուրսն ուղղվում է Արցախ, Հայոց Բանակին, Հայ զինվորին: Գիտեն, որ պետք է ապրել ու աշխատել հերոսներին արժանի: Բոլորի աշխատանքի կարգախոսը մեկն է՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: