«Նոր եմ եկել առաջնագծից, ոչնչից տեղյակ չեմ», «Արցախում էի, բացարձակ անտեղյակ եմ». «Իմ քայլը»-ից Շիրակ Թորոսյանն ու Թագուհի Թովմասյանը տեղյակ չեն խմբակցության տարածած հայտարարությունից. tert.am
Advertisement 1000 x 90

«Նոր եմ եկել առաջնագծից, ոչնչից տեղյակ չեմ», «Արցախում էի, բացարձակ անտեղյակ եմ». «Իմ քայլը»-ից Շիրակ Թորոսյանն ու Թագուհի Թովմասյանը տեղյակ չեն խմբակցության տարածած հայտարարությունից. tert.am

Պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցությունում պատգամավորներ կան, որոնք տեղյակ չեն եղել «Իմ քայլը» խմբակցության անունից տարածած հայտարարությանը, որում նախ ասվում էր, որ չեն պատրաստվում գնալ ԱԺ, այսինքն՝ աշխատանքի և նշվում է. «խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի», բացի այդ, հարցադրումներ են անում ընդդիմությանը:

Tert.am-ը փորձեց պարզել, թե արդյոք բոլո՞րն են տեղյակ եղել, որ խմբակցությունը նման հայտարարություն է տարածել, քանի որ հայտարարությունն արված էր բոլորի անունից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում է և տեղյակ չի եղել «Իմ քայլը» խմբակցության հրապարակած հայտարարությանը և նույնիսկ ինտերնետ կապ չունի, որ ծանոթանա:

«Բացարձակ անտեղյակ եմ: Լավ կլիներ, որ քաղաքական հայտարարություններից քաղաքական թիմի անդամները տեղյակ լինեին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և  նշեց, որ հասկանալի է, որ մենք պայքարում ենք ոչ միայն ադրբեջանական, այլ նաև թուրքական բանակի դեմ, դա նորություն չէր, և նորություն չէր նաև այն, որ համահայկական պայքար է եղել, ամեն մեկն իր ներդրումը ունեցել է:

«Ես ամեն դեպքում գնալու եմ Ազգային ժողով, երբ գամ Երևան, գնալու եմ աշխատանքի, ես չեմ պատրաստվում որևէ մեկից որևէ մի տեղ թաքնվել, ես պատգամավոր եմ և ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, և ես իմ քաղաքացիներից փախչելու տեղ չունեմ»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ գիշերն է վերադարձել առաջնագծից և որևէ բանից դեռ տեղյակ չէ, նոր է արթնացել:

Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ ֆեյսբուքում մեկնաբանել է, որ տեքստը, որին ծանոթ է եղել, հավելվել է. «Ես տեքստի առաջին մասին եմ ծանոթ, մնացածը՝ հավելվել է, որին ծանոթ չեմ եղել և ինչպես հասկացա՝ մեծամասնությունը»:

«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեքստը մշակել է «Իմ քայլը» խմբակցությունը, բոլոր պատգամավորները մասնակցել են, բոլորը տեղյակ են:

Նշենք, որ հավելումը վերաբերում է խմբակցության հայտարարության մեջ ներառված հետևյալ հատվածին. «Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում ենք, որ  ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի,

որ իրենք.

1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը

2. Կողմնակից են ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից

3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:

Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»:

tert.am



Նման նյութեր