«Երեկվանից հանրապետության գլխավոր թյուրիմացությունը, ՀՀ Գերագույն չարիքն իր մտաժայթքումներն է սփռում ֆեյսբուքյան հարթակներում, իր ատելության, չարության, մաղձի հերթական չափաբաժինը հրամցնում է հասարակությանը:
Դեռևս պարզ չէ, թե ինչի ազդեցության տակ՝ հերթական անգամ հասարակությունը բաժանում է սևերի ու սպիտակների, հասարակության մեջ սերմանում է անհանդուրժողականության, ատելության գաղափարներ: Եվ այսքան բանից հետո՝ այսօր լկտիաբար համարձակություն է ունենում ասելու, թե՝ ընդդիմությունը թող ասի, որ զենքի միջոցով պատրաստ չէ բախումներ հրահրել:
Լավ, դու ընդհանրապես ամոթ չունե՞ս, ուզում եմ հասկանալ, լա՛վ, դու ունե՞ս արդյոք որևէ սկզբունք, որևէ պրինցիպ»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Պատգամավորը շեշտեց, որ ընդդիմությունը մշտապես հայտարարել է, որ չունեն հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու խնդիր և այսօր հանդես են գալիս համերաշխության դիրքերից. «Միակ պահանջը, որ այսօր այստեղ՝ այս հրապարակում, ձևավորված է, քո անցնցում հեռացումն է:
Բայց չէ՛, դու քո աթոռը պահելու համար պատրաստ ես քո հայրենակիցների արյունը թափել, պատրաստ ես հրահրել քաղաքացիական պատերազմ, դու քո աթոռը, քո ընտանիքի բարեկեցությունը ու քո արբանյակների՝ կուսակիցների աշխատավարձերն ու պարգևավճարները պահպանելու համար պատրաստ ես հենց այս հրապարակում քաղաքացիական պատերազմի, բախումների հետևանքով զոհասեղանին դնել մեզանից յուրաքանչյուրի կյանքը, բայց անգամ դա՛ քեզ չի փրկելու:
Ես հասկանում եմ, որ արյան ծարավը պատել է քեզ, որ արնախումի նման՝ չես բավարարվում մեր հազարավոր զինվորի կյանքերից զրկելով, որ ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի տարածումը քո կյանքի իմաստն է դարձել, քո ուղենիշն է դարձել: Բայց խի՛ղճ ունեցիր. Եռաբլուրում դեռ չի չորացել մեր հազարավոր զինվորների գերեզմանների վրայի հողը, քո վրեժի կոչերից հետո դեռ չի սառել սպանված Գառնիկ Պետրոսյանի դին, որին պարզապես սպանել են ԱԺ-ի դահլիճ մտնելու ու Արարատ Միրզոյանի աթոռին նստելու համար:
Ե՞րբ ես դու հագենալու, ե՞րբ է հագենալու քո արյան ծարավը»:
Իվետա Տոնոյանը նշեց նաև, որ դեռևս սեպտեմբերի 29-ին՝ պատերազմից երկու օր անց, իրենք ասել են, որ հնարավորություն կա պատերազմը դադարեցնելու, հազարավոր կյանքեր փրկելու.
«Դու նորից քո աթոռին կառչած մնալու պատճառով չգնացիր այդ քայլին: Քո վերջն արդեն եկել է, դու պետք է գնաս, էդ պահանջը ձևավորված է այս հրապարակում: Իսկ ի՞նչ ես անում դու՝ զինված խմբակներին կոչ ես անում գալ Երևան ու հաշվեհարդար տեսնել վնգստացողների հետ: Ո՞ւմ ես դու անվանում վնգստացող՝ Արցախի իր տունուտեղից զրկված մեր հայրենակիցների՞ն, զավակ կորցրած ծնողների՞ն. գտի՛ր քո մեջ այնքան կամք, այնքան արժանապատվություն, որ կանգնես ու ասես, որ այո՛, դու արյուն ես ուզում, դու ուզում ես արյուն թափել այս հրապարակում, բայց չի՛ ստացվելու՝ անգամ մեզ վնասելով, մեզ ոչնչացնելով: Մեր հարյուր-հազարավոր հայրենակիցներ հասնելու են քո հեռացմանը, դա հիշի՛ր մեկընդմիշտ»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ի հայտնի ելույթի՝ Շուշիի հատվածին՝ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Այսօր կանգնում ես ու ԱԺ ամբիոնից, Նիկո՛լ, հայտարարում ես, թե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է: Չհամարձակվե՛ս պղծել մեր հաղթանակների, մեր արժանապատվության խորհրդանիշ հանդիսացող Շուշին:
Եթե Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, ինչո՞ւ էր կինդ՝ Աննան, ֆոտոսեսիաների գնում Շուշիում, որովհետև որպես չարիքի կրող ու չարիքի մարմնացում՝ Ադրբեջանին տվեցիր այն բոլոր հողերը, որտեղ կինդ լուսանկարվեց. Լուսանկարվեց Շուշիում, տվեցիր Ադրբեջանին, լուսանկարվեց Քարվաճառում, տվեցիր Ադրբեջանին, լուսանկարվեց Հունոտի կիրճում, տվեցիր Ադրբեջանին, լուսանկարվեց Հադրութում, տվեցիր Ադրբեջանին:
Ադրբեջանի դրոշի օրը՝ նոյեմբերի 9-ին, ժողովրդի թիկունքում դավադրաբար, գողի նման ստորագրեցիր կապիտուլյացիայի փաստաթուղթը: Աշխարհում որևէ երկրում թշնամու առաջ ծնկի եկած, ժողովրդին դավաճանած քաղաքական իշխանությունը չի մնում. ժողովուրդը նրան հեռացնում է, ժողովուրդը նրա վտարում է, ժողովուրդը նրան բարոյական պատասխանատվության է ենթարկում:
Երկնային կյանքում, Նիկո՛լ, դու դեռ պատասխան ես տալու մեր հերոսների առաջ, պատասխան ես տալու 30 տարի արյան ու կյանքի գնով պաշտպանած հողերը թշնամուն տալու համար: Պատասխա՛ն ես տալու Թաթուլի, Վազգենի, Մոնթեի, Դուշման Վարդանի հիշատակի առաջ:
Իսկ այս կյանքում՝ քանի դեռ ունես հնարավորություն, հավաքիր փասափուսեդ ու հեռացի՛ր, ազատի՛ր էս ժողովրդին քո ներկայությունից, որովհետև դու այլևս ոչ միայն չարիք ես Ազգային անվտանգության, Արցախի անվտանգության համար, այլև չարիք ես քո մերձավոր շրջապատի, հասարակության համար: Դու վտանգավոր ես, դու այլևս որևէ բարոյական և իրավական իրավունք չունես ներկայացնել Արցախն ու Հայաստանը: Գնա՛»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը մասնավորապես ասել էր. «Ասում ա՝ Շուշին ծախել են, ո՞վ ա ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում»։
Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ նաև պարզաբանել էր.
«Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք, ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել:
Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով: Հենց սա նկատի ունեի՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս»: