Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) և հետպատերազմյան կամ կապիտուլյացիոն նվաստացուցիչ հայտարարությունից հետո ընկած ժամանակահատվածում տեսանելի էր հայկական դիվանագիտության և, հատկապես, խորհրդարանական դիվանագիտության բացակայությունը, և, դրանով իսկ պայմանավորված, որևէ լուրջ միջազգային կառույց կամ եվրոպական երկրների ինստիտուտներ այդպես էլ խիստ կերպով չարձագանքեցին ՀՀ-ից և Արցախից լսվող ահասարսուռ լուրերին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի խաղաղ բնակավայրերի դեմ ադրբեջանական ագրեսիային, հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային դրսևորումներին, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից միջազգային իրավունքով սահմանված անթույլատրելի զենքերի գործածմանը, Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկան իսլամիստների լայնորեն ներգրավմանն Արցախի դեմ իրականացվող ահաբեկչական գործողություններում, Արցախի խաղաղ բնակչության տեղահանություններին ու գույքի ոչնչացման փաստերին և այլն:
Եվ, որպեսզի հանրությունն առավել լավ իրազեկված լինի, թե ԱԺ մարմինների, խորհրդարանական պատվիրակությունների և բարեկամական խմբերի կողմից ինչպիսի՞ աշխատանքներ են տարվել ինչպես վերոբերյալ, այնպես էլ Արցախյան գոյապայքարին առնչվող այլևայլ իրողություններն այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, «Եվրանեստ» ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական միություն և այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղությամբ, մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի անունով:
Այդպիսով՝ թեմային կանդրադառնանք շուտով, երբ պաշտոնապես ստանանք Ազգային ժողովին ուղղված մեր հարցման պատասխանը:
Վահե Սարգսյան