Բարձրագույն դատական խորհրդին
03 դեկտեմբերի 2020թ.
Այսօրվա կարգապահական նիստի առնչությամբ
Հարգելի գործընկերներ,
Նոյեմբերի 30-ին ձեր ոչ լրիվ կազմով, առանց ԲԴԽ նախագահի, և անհայտ օրակարգով ՀՀ կառավարության շենքում գործադիրի և իրավապահների ղեկավարների հետ հանդիպումը` առերևույթ խարխլում է իշխանությունների բաժանման և փոխզսպման սկզբունքը։ Արդյունքում խորանում է պետության փխրունությունը, վտանգվում է առանց այն էլ քայքայված հանրապետության գոյությունը, որի կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հայ ժողովրդի և նրա գոյության համար Հայկական Լեռնաշխարհում։
Ֆրանսիայի ԲԴԽ նախագահն օրինակ, ըստ արարողակարգի, ողջույնի համար ձեռքը չի մեկնում Ֆրանսիայի նախագահին։ Դա, ըստ ֆրանսիացիների, ընդգծում է Ֆրանսիայի նախագահի և ԲԴԽ նախագահի հավասարությունն ու դատական իշխանության անկախությունը։
Արժե կրկնել, ի լուր բոլորի, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը։ Նա պարզապես գործադիր իշխանության` կառավարության ղեկավարն է, այն էլ դժբախտ ու դժգույն ներկայով և ոչ նախանձելի քաղաքական վախճանով։ Ավաղ, գործող սահմանադրությունը վարչապետի ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացրել։ Քաղաքականապես չհասունացած ազգաբնակչության պարագայում այս մարտահրավերին մենք առերեսվում ենք ամեն րոպե։ Սա պետք է նկատի ունենալ ապագայում` սահմանադրությունը բարելավելիս։
Գործադիրը, և առավել ևս դրա ղեկավարը, դատական իշխանության հետ պարտավոր են գտնվել հորիզոնական և ոչ երբեք ուղղահայաց հարաբերությունների մեջ։ Իշխանության գերկենտրոնացումը նույնիսկ ամենավեհ անձի ձեռքերում` անխուսափելիորեն հանգեցնում է դիկտատուրայի` մարդկանցզրկելով արժանապատվությունից ու արդարությունից։
Այժմ, քան երբեք, դուք, ազատ ու անկախ եք, և հարկ է շարունակել այդ անկախության ու ազատության ցուցադրումը։ Առանց անկախ դատարանի` հանրապետությունը, այսինքն մեզնիցյուրաքանչուրի ներկան ու ապագան վտանգված է։
Դժվար թե Փաշինյանը ձեզ կառավարության շենք հրավիրելու ևս մեկ փորձ անի, սակայն այդպիսի հրավերի դեպքում հարկ է, որ դուք մերժեք այն։ Ասելիք ունի, թող ինքը հյուրընկալվի ձեզ, չէ՞ որ նա ձեր վերադասը չէ։
Դատական իշխանության բարեփոխման ուղիների ու կայացման հարցում մենք հաճախ ունեցել ենք տարաձայնություններ: Մեր գաղափարական բախումների արտահայտչաձևերից մեկն էլ, իմ հատուկ կարծիքն էր` դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգի և անկեղծանալով ինքնաբժշկվելու մասին, ինչն էլ հիմք հանդիսացավ ԲԴԽ-ում իմ հանդեպ հարուցված կարգապահական վարույթի այսօրվա նիստին։ Գուցե իմ որոշ համարձակ արտահայտություններ ժամանակին առաջ բերեցին ձեզնից շատերի ցասումը։ Սակայն այժմ, ես ձեզ և բոլոր դատավորներին խնդրում եմ տոգորվել քաջությամբ և քաղաքական խաղերից զերծ մնալու իմաստնությամբ։
Հիշեցե՛ք, որ երբ վտանգված է դատական իշխանության անկախությունը, ապա յուրաքանչյուր դատավոր ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է իր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն դատավորական անկախության։
Խնդրում եմ ձեզ, շարունակեք պաշտոնավարել այնպես, որ դատական իշխանության անկախությունը չթվա ստվերված և չխարխլվի իշխանությունների բաժանման ու հակակշռման սկզբունքը։ Պարադոքսալ է, բայց դատական իշխանությանն է բաժին ընկել հայկական պետականության փշրանքներիպահպանության սուրբ առաքելությունը` գործադիրին ու օրենսդրին հակակշռելու և զսպելու իրգործառույթով:
1787 թվականին Ֆրանկլինին հարցրին, թե ի՞նչ կծնվի ԱՄՆ սահմանադրության վրա տարվող աշխատանքներից. «Հանրապետություն (re public) – պատասխանեց Ֆրանկլինը, եթե կարողանաք այն պահպանել»։
Պահպանենք և մենք «ռես պուբլիկան (res publica)» (հանրային բարիքը) ամեն տեսակ ոտնձգություններից։
Այժմ, բոլորս պետք է միավորենք մեր ջանքերը ռազմագերի մեր զավակներին վայրկյան առաջ տուն վերադարձնելու համար, ազատվենք հոռետեսության իշխանությունից, գործենք մտածված և եղբայրաբար։
Հայաստանը կուղղի իր մեջքը, կամոքի վերքերն ու ոտքի կկանգի, եթե մենք իրապես նախընտրենք հանրային շահը անձնականից։
Հայկ Հովհաննիսյան