Վերջին հարցումների համաձայն՝ հարցվածների 45.3%-ը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և միայն 37,8 %-ն է միայն ցանկանում նրան տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում:
Հետպատերազմական քաղաքական զարգացումների վերաբերյալ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցիչ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ն ՀՀ-ում 1.000 հեռախոսային հարցում են իրականացրել ու կազմել «Բումերանգ» հաշվետվությունը: Հարցման արդյունքում պարզվել է, որ պատերազմից հետո նվազել է պետական ապարատների նկատմամբ վստահությունը:
. «Արդյո՞ք կարծում եք, որ այսօր ՀՀ-ն ավելի ապահով է արտաքին հարձակումից, քան նախքան 44-օրյա պատերազմը» հարցին՝ քաղաքացիների 15.4%-ը պատասխանել է, որ «միանշանակ ապահով է», 19.5 %-ը նշել է, որ «ավելի շուտ ապահով է», «ավելի շուտ ապահով չէ» նշել է 18.9%-ը, իսկ 38.2%-ի կարծիքով՝ «ընդհանրապես ապահով չէ»:
Հարցված քաղաքացիների 86.5%-ը նշել է, որ ՀՀ-ի անվտանգությանը սպառնում է Թուրքիան՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր երկիրը կամ երկրներն են սպառնում ՀՀ անվտանգությանը: 70.9%-ը նշել է, թե սպառնալիքը Ադրբեջանից է: Հարցվածների 11.7 %-ի կարծիքով՝ ՀՀ-ի անվտանգության սպառնալիք կա Ռուսաստանից, 10.4 %-ի կարծիքով՝ Իսրայելից:
Հարցվածների 28.8%-ը տեսակետ է հայտնել, որ ներկա պահին միանշանակ կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն, 16.9%-ը նշել է՝ «ավելի շուտ այո», 14.3%-ը նշել է՝ «ավելի շուտ ոչ», իսկ 27.2 %-ն էլ կարծիք է հայտնել, որ ներկա պահին չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 12.8%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:
Վերջին հարցը, որն այսօր առավել շատ քննարկվողն է ՀՀ-ում, վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Հարցվածների 37.8 %-ը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել՝ որպես ՀՀ վարչապետ: Ի դեպ, պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ նոյեմբերի 13-ին և նոյեմբերի 18-ին, «GALLUP International association»-ը նույնաբովանդակ հարց ուղղել էր քաղաքացիներին: Հարցման պատասխանները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը նվազել է:
«Եթե նայում ենք դինամիկայի մեջ, մենք տեսնում ենք, որ այս ցուցանիշը գնալով նվազում է, և նախորդ երկու փուլերում եղել են այլ ցուցանիշներ: Եվ եթե համեմատում ենք առաջին փուլի հետ, երբ որ 48.1 % էր, գրեթե 10%-ով նվազել է ցուցանիշը»,- հարցման արդյունքները ներկայացնելով՝ ասել է ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը: