Սարսափած եմ Հայաստանի դպրոցականների կրթական մակարդակից։ Այստեղի գերազանցիկների գիտելիքները նույնական են այն աշակերտների գիտելիքներին, որոնց մենք Արցախում համարում էինք թույլ սովորող, ասում է քիմիայի և կենսաբանության փորձառու մանկավարժ, 66-ամյա Նազիկ Մելքումյանը։ Նա հիշում է՝ պատահել է, որ իր աշակերտներին կենսաբանությունից «7» է նշանակել, բայց բժշկական համալսարանում նրանք ավելի բարձր գնահատական են ստացել։ Վստահեցնում է՝ իրենց դպրոցի որևէ աշակերտ կրկնուսույցի մոտ չի պարապել բուհ ընդունվելու համար։
«Գյուղի երեխան գիտակցում է, որ ինքը պետք է սովորի։ Այնտեղ երեխան ազատ ժամանակ իր ծնողին էր օգնում գյուղատնտեսական աշխատանքներում։ Ու այդ ֆիզիկական աշխատանքն օգնում էր, որ նա նաև մտավոր աշխատանքը կատարեր»,- ասում է Մելքումյանը։
Նազիկ Մելքումյանն իր երեք որդիների հետ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքում է հաստատվել 1996-ի մայիսին։ Հիշում է՝ այդ գյուղը «Շեն» միությունն էր վերաբնակեցնում, ու ինքը վերաբնակեցման ծրագրի շրջանակներում էլ Քաշաթաղ է տեղափոխվել․ համայնքային դպրոցում քիմիայի և կենսաբանության մանկավարժի կարիք կար։Ու չնայած ընտանիքը Երևանից էր տեղափոխվել, ինչպես Մելքումյանն է վստահեցնում, գյուղական կյանքի դժվարություններին շատ շուտ են հարմարվել։
Հիշում է՝ սկզբում միայն բնությունն էր գեղատեսիլ, իսկ գյուղն ավերակ էր։ Բայց աստիճանաբար տները բնակելի վիճակի են բերել։ Տնտեսությունն էլ սկսել են զարգացնել պետական աջակցությամբ․ ամեն ընտանիքին մեկ կով էր հատկացվել։
«Այն ժամանակ գները մատչելի էին, ուստի մեկն էլ մենք գնեցինք։ Հետո կովերը բազմացան, և մենք վերջում 35 գլուխ անասուն ունեինք»,- հիշում է նա։
Զուգահեռաբար գյուղում նաև խոզաբուծությամբ էին զբաղվում։ Ասում է՝ խոզերն այնքան շատ էին, որ եթե գայլը մեկին տանում էր, ուրախանում էին, թե մեկով պակասեցին։
«Վերջին շրջանում բոլորն արդեն շատ լավ էին ապրում։ Եթե սկզբում որևէ մեկը մեքենա չուներ, վերջում արդեն բոլորի բակում մեքենաներ կային կանգնած, ընդ որում լավ մեքենաներ, ոչ թե ռուսական արտադրության։ Բոլորը տնտեսություն ունեին»,- ասում է Մելքումյանը և հավելում, որ գյուղում մարդկային հարաբերություններն առանձնահատուկ էին։
Ու հենց այնտեղի երջանիկ կյանքն ու մարդկային ջերմ հարաբերություններն են նաև, որ թույլ չեն տալիս հարմարվել նոր պայմաններին։ «Եթե հենց հիմա մեր տարածքները հետ տան, անգամ եթե գյուղը քանդված և ավերված լինի, բոլորը պատրաստ են հետ դառնալ, առանց բացառության բոլորը։ Չկա մեկը, որը կասի՝ չեմ ուզում վերադառնալ, ես այստեղ արդեն հարմարվել եմ։ Ոչ միայն մեր համայնքը, բոլորն են նույնը ասում՝ երանի հետ տան մեր հողերը, մենք հետ գնանք, ի՞նչ գործ ունենք այստեղ։ Այնտեղ երջանիկ էինք»,- ասում է Մելքումյանը։
Հարցին, թե ինչն էր մարդկանց Քաշաթաղում պահում, չնայած դժվարություններին, Մելքումյանը պատասխանում է․ «Արցախի հողը կապելու ունակություն ունի, մեկ–երկու գնացիր, քեզ քաշում է։ Տաք ու ջերմ է։ Ստեփանակերտն էլ այնքան տաք քաղաք է, քեզ թվում է՝ դու վերմակի մեջ փաթաթված ես։ Նույնը գյուղում էր։ Մարդ կար, որ գալիս էր, ասում էր՝ չէ, ես այստեղ չեմ ապրի, չեմ մնա։ Ասում էին՝ մի շտապիր, սպասիր։ Որոշ ժամանակ անց հարցնում էինք՝ գնո՞ւմ ես, ասում էր՝ հո գի՞ժ չեմ, որ գնամ։ Հետո այնտեղ բնությունը ապրելու հնարավորություն էր տալիս, աշխատողն ամեն ինչ կունենար։ Մենք ամեն լանդշաֆտ ունեինք։ Այսինքն հնարավորությունները շատ էին՝ չե՞ս ուզում ցորեն ցանել, անտառում գործ արա, կամ խոտ հնձիր և վաճառիր։ Աշխատող մարդը կապրեր։Իմ գնահատմամբ՝ մեր գյուղի բարեկեցության մակարդակը միջինից բարձր էր»։
Խոսելով գյուղի ձեռքբերումների մասին՝ Մելքումյանը պատմում է՝ 2011-2018թթ․, երբ ինքը համայնքապետն էր, կապ էր հաստատել տարբեր երկրներում գործող բարեգործական կազմակերպությունների հետ ու նրանց աջակցությամբ գյուղը զարգացրել։
«Երբ ընտրվեցի, համայնքում՝ մեր երեք գյուղերում, մնացել էր 8 ընտանիք։ Միանգամից 14 ընտանիք հրավիրեցի ՀՀ–ից։ Մարդիկ եկան, հաստատվեցին, տնտեսություն հիմնեցին։ Վերջում արդեն ունեինք 34 ընտանիք։ Բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ դպրոցը հիմնովին վերանորոգեցինք, բուժկետ կառուցեցինք, հիմնովին վերանորոգեցինք ճանապարհները, մինչ այդ նեղ կածաններ հիշեցնող ճանապարհները դարձան լայն ու անցանելի։ Բնակիչների համար գյուղում մի քանի նոր տուն կառուցեցինք։ Մտածում էինք նաև մանկապարտեզ և սպորտդահլիճ կառուցելու մասին»,- պատմում է Մելքումյանը։
Հիշում է՝ գյուղի բուժկետը հագեցած էր սարքավորումներով և դեղորայքով, դպրոցի քիմիայի լաբորատորիան ուներ նյութեր և սարքավորումներ քիմիական ցանկացած փորձի համար, իսկ դպրոցահասակների ծնողներն էլ կարիք չունեին անգամ մեկ գրիչ գնելու․ ամեն բան ապահովում էին բարեգործական ծրագրերի միջոցով։
«Ամեն սեպտեմբերին դպրոցականների համար հագուստ ու գրենական պիտույքներ ենք ստացել։ Ունեինք համակարգիրներ, մարզական գույք և անգամ հագուստ, որով աշակերտները ֆիզկուլտուրայի դասերին էին մասնակցում»,- ասում է Մելքումյանը՝ հավելելով, որ օրինակելի էին ոչ միայն դպրոցի նյութատեխնիկական պայմանները, այլ նաև ուսուցչական կազմը․ բոլորը բարձրագույն կրթությամբ մասնագետներ էին, օրինակ՝ ԵՊՀ և Բրյուսովի համալսարանի շրջանավարտներ։
Խոսելով պատերազմի մասին՝ Մելքումյանը նշում է, որ այն անսպասելի էր։ «Այն, ինչ կատարվեց, շատ ցավալի էր։ Բնակչությանն ընդհանրապես տեղյակ չէին պահում զարգացումների մասին, այն մասին, որ վտանգ կա, որ պետք է դուրս գանք։ Ընդհակառակը, ասում էին՝ մնացեք, ոչ մի վտանգ չկա։ Թուրքն արդեն մտնում էր գյուղ, շտաբը տեղափոխվել էր Բերձորից Գորիս, բայց ժողովրդին ասում էին դուրս չգաք հանկարծ, խուճապ չստեղծեք։ Եթե ժողովուրդը չհասկանար, թե ինչ է կատարվում և իր ուժերով դուրս չգար, բոլորը գերի էին ընկնելու թուրքերին։ Ճանապարհին տանկ էր պայթել, եթե դա տեղի չունենար, բոլորս գերի կընկնեինք․ 5 րոպեի տարբերությամբ ենք գյուղից դուրս եկել»,- ասում է նա։
Հիշում է՝ մինչև հոկտեմբերի 20-ը բոլորով համայնքում են եղել։ Գլխավոր ճանապարհին մոտ ապրող բնակիչներից են զանգել ու գյուղում մարդկանց զգուշացրել, որ թշնամին մոտենում է բնակավայրին։
«Ով ում մեքենան հասցրել, նստել է, հագի շորերով, առանց որևէ իր կամ փաստաթուղթ վերցնելու։ Մեր մեքենաները գյուղից դուրս են եկել, մոտ 5 րոպե հետո նրանք մտել են գյուղ։ Հայկական զորք ընդհանրապես չկար»,- ասում է նա։
Դիտարկմանը, թե Կովսականի և Միջնավանի բնակչությանը տեղեկացրել են տարհանման անհրաժեշտության մասին, Մելքումյանը նշում է՝ դրանք խոշոր քաղաքներ են, մարդկանց զգուշացրել են, բայց գյուղերի բնակիչներին անտեսել են։
«Եթե զգուշացնեին, գոնե ամենակարևոր բաները կվերցնեինք, նոր դուրս կգայինք»,- ասում է նա՝ հավելելով, որ չնայած այդ ամենին՝ մինչև վերջ վստահ էին, որ մեր հողերը հետ ենք բերելու, և իրենք իրենց գյուղ են վերադառնալու։ «Նոյեմբերի 9-ից հետո միայն գրանցվել ենք թաղապետարանում»,- ասում է նա։
Խոսելով քաղաքական զարգացումների և ներկայիս իրավիճակի մասին՝ Մելքումյանն ասում է՝ դեռ 2018-ի իշխանափոխության ժամանակ է կանխագուշակել՝ ոգեղեն մեծ վերելիքց հետո վայրէջքը շատ ցավոտ կլինի մեր ժողովրդի համար։
«Այդպես էլ եղավ։ Այնքան ցավոտ ենք վայրէջք կատարել, որ շատերի գլխից ուղեղը դուրս է թռել,- ասում է նա։–Ես շատ լավ հիշում եմ Նիկոլի երիտասարդ ժամանակվա ելույթները, իր դատարկ խոսքերը և մեծամիտ պահվածքը։ Երբ ցույցերը սկսվեցին, տղաներիս ասացի՝ հանկարծ չմասնակցեք, նա կործանման է տանելու։ Երբ հեռուստացույցով ցույց էին տալիս, փորձում էի մեջը գոնե մի մարդկային գիծ գտնել և ապացուցել որ ես սխալ եմ, ուշադիր նայում էի շարժումներին, դիմագծերին, ոչինչ չէի գտնում։ Փաստորեն ճիշտ է՝ մարդու էությունը արտաքինի վրա արտացոլվում է»։
Մելքումյանն ասում է՝ հաշվի առնելով ժողովրդի թմբիրի մեջ գտնվելու հանգամանքը՝ հույս չունի, որ կկարողանանք սթափվել, նորից ոտքի կանգնել և հետ բերել մեր հողերը, մանավանդ որ թուրքը երբևէ մեկ թիզ անգամ չի զիջի առանց պայքարի։
«Նիկոլը մեզ սպանում է, նվաստացնում է, մեզ դարձրել է չուլուփալաս, ոչ մի բան, դրսում մեզ այլևս չեն հարգում։ Այսպես որ շարունակվի, շատ կարճ ժամանակամիջոցում, ոչ պատերազմով, թուրքերը և ադրբեջանցիները կողողեն Հայաստանը, և մենք ստիպված դուրս կգանք մեր երկրից»,- ասում է նա։
Հիշում է՝ եթե մեկն ուզում էր հեռանալ Աղավնատուն համայնքից, լուրն իմանալիս ողջ գիշեր չէր քնում, մտածում էր՝ ինչ կարող է անել այդ ընտանիքի համար․ «Առավոտյան գնում ասում էի՝ ոչ մի տեղ էլ չես գնա, այս բանը քեզ համար անում եմ, մնա տեղումդ։ Մտածում էի՝ այսօր մի ընտանիք գնա, վաղը մեկ ուրիշը, բա հողն ո՞վ է պահելու։ Բա ո՞վ է այստեղ ապրելու։ Արյուն ենք թափել այս հողի համար։ Իսկ մեր իշխանությունների համար միևնույնն է,՝ կգնաս, թե ոչ, կամ գուցե ավելի լավ է՝ գնաս»։
Մելքումյանը նշում է՝ միակ ցանկությունն է, որ ժողովուրդն ուշքի գա, բայց և նման հույս չունի․ անդունդի եզրին ենք, մի հարվածը բավարար է, որ ցած գլորվենք։ Ասում է՝ անգամ Աստծուն է դադարել հավատալ 44-օրյա պատերազմից հետո․ «Եթե կար, այս անարդարությունը պիտի թույլ չտար»։
Հ․Գ․ Նազիկ Մելքումյանի ընտանեկան և անձնական բոլոր լուսանկարները մնացել են Աղավնատանը։ Իսկ ներկայում, ինչպես ինքն է նշում, «այլևս նկարվելու սիրտ չունի»։ Գլխավոր լուսանկարը վերցրել ենք «Զորակն» հիմնադրամի 2012թ․ տեսանյութից։