«Հետազոտական ինստիտուտները բուհերին միացնելու նախագիծը դեռ քննարկվում է, բայցարվում է մի քայլ, որը մերժվում է երկու կողմից: Ոնց որ ուզենաս ամուսնացնել տղայի ու աղջկա՝ չունենալով նրանց համաձայնությունը: Բոլորս՝ իշխանությունը, ինստիտուտներն ու բուհերը, մեկ նպատակ ունենք, ավելի լավացնել մեր վիճակը: Իշխանությունը փնտրում է ճանապարհներ, գտել է այս ճանապարհը, բայց բոլորս վստահ ենք, որ այս ճանապարհը չի բերելու հարցի լուծման, չի թեթևացնելու նրանց հոգսը, բայց վնասելու է արդեն գործող հետազոտական ինստիտուտի կամ որևէ բուհի»,- մեզ հետ զրույցում ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը:
Նա ընդգծեց՝ կապը բուհերի և ինստիտուտների միջև վաղուց կա:
«Մեր ինստիտուտը որոշակի չափով համագործակցում է ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ:
«Այդ ամենը կա, ինչո՞ւ ենք ուզում ենթակա սարքել, դա կվնասի: Կփոշիանա հետազոտական ինստիտուտը, ոը կմիանա որևէ բուհի, որովհետև հետաքրքրություն չկա այդ ինստիտուտի հանդեպ: Գիտությունների ազգային ակադեմիան են ուզում փակել, հա, փակենք, հետո՞: Ակադեմիան այն հարթակն է, որտեղ ինստիտուտները միմյանց հետ շփվում են: Չեն կարող արագ-արագ, չմտածված քայլերը լավ բանի բերել»,- հավելեց Վիգեն Թոփուզյանը:
Անդրադառնալով Ակադեմիական քաղաքի ծրագրին՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենն ասաց, որ դա լավ բան է:
«Ֆանտաստիկ բան է, որը շատ գումար է պահանջում: Եթե կան այդ գումարները, խնդրում ենք, արեք: Բայց այսօր մեր երկիրը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, քան ակադեմիական քաղաքը: Անվտանգային համակարգի խնդիրներ կան լուծելու: Եթե կա գումար, թող դրա վրա ծախսեն: Ակադեմիական քաղաքը թող սպասի: Մենք էլ ենք ուզում լավ պայմաններ, իրար հետ ակտիվ աշխատանք, բայց վախենում եմ, որ իրական այդ լավը չկարողանանք ստեղծել, թվացյալ մի բան ստեղծենք, որը վնասի գիտությանը»:
Հավելենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գործունեության 100 օրվան նվիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե ակադեմիական քաղաքում ո՞ր բուհերն են տեղակայվելու, ինչպե՞ս է կազմակերպվելու այդ բուհերի ուսանողների և դասախոսների տեղափոխությունը՝ շեշտել էր, որ ակադեմիական քաղաքը նախ պետք է կառուցվի, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել դասախոսների և ուսանողների տեղաշարժի մասին:
ԿԳՄՍ նախարարը նշել էր, որ ակադեմիական քաղաքի ծրագիրը ՀՀ կառավարության ամենամեծ նախագծերից է, որի իրականացման ճանապարհային քարտեզը քննարկվում է, և առաջիկայում կառույցի ստեղծման նախագիծը կհրապարակվի:
Ակադեմիական քաղաքի համար, ըստ նախարարի, նախատեսվում են երեք կլաստերներ. «Այս փուլում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես պետք է կառուցվի քաղաքը, ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններ պետք է ունենա, որտեղ պետք է տեղակայված լինի։ Մենք խոսում ենք շատ մեծ կառույցի մասին, որն ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Դրանցից մեկն արվեստի կլաստերն է, որը լինելու է «Հայֆիլմի» տարածքում, 2-րդը՝ Աշտարակի մոտ տեղակայված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհերի կլաստերը, որտեղ իրականացվելու է գիտահետազոտական գործունեություն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երրորդ ամենամեծ կլաստերում կարող են տեղակայվել կրթական, սպայական հաստատություններ, ինչպես նաև գործունեություն ծավալել միջազգային կամ միջպետական բուհերը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի քննարկումներն առնչվում են ոչ միայն բուհական ստանդարտ ենթակառուցվածքների՝ լսարանների, մարզադահլիճների, հանրակացարանի ապահովմանը, այլ նաև, օրինակ, արվեստի ոլորտի բուհերի համար ժամանակակից համերգասրահ, կինոթատրոն կինոարտադրության ամբողջ շղթա ունենալու հնարավորությանը:
«Այսինքն՝ այս ամենը մի ամբողջական համալիր մոտեցում է, որը պետք է նախագծվի. մենք այստեղ նույնպես շատ ուշադիր կլինենք, որպեսզի ճարտարապետական մոտեցումներն ու լուծումները բավարարեն պահանջներին: Ենթադրվում է, որ մեծ տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծվի, որը կսպասարկի ակադեմիական քաղաքին, որտեղ նախնական հաշվարկներով մի քանի տասնյակ հազար մարդ է գործունեություն ծավալելու»:
Անդրադառնալով ակադեմիական քաղաքի ֆինանսավորմանը և գործող բուհերի շենքերի տարածքների մասին հարցին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այս պահին բուհերի շենքերի վերաբերյալ որևէ քննարկում չի իրականացվում: Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորման չափին, ապա ֆինանսավորման վերջնական ծավալը պարզ կլինի նախագծերի պատրաստ լինելուց հետո, քննարկվում է նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը:
Անի Կարապետյան