Վարդան Դեւրիկյանի վերջին նամակը՝ «Հրապարակին». hraparak.am
Advertisement 1000 x 90

Վարդան Դեւրիկյանի վերջին նամակը՝ «Հրապարակին». hraparak.am

Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանի անսպասելի մահը շատերին է ցնցել։ Ցանկացած գրագետ ու հայրենասեր մարդու կորուստն է ցավալի, բայց Դեվրիկյանը, որն անտարբեր քաղաքացի չէր եւ իր երկրի ցավով ապրող մարդ էր, դեռ շատ անելիք ուներ, ուստի նրա անժամանակ մահն առավել մեծ ցավ է պատճառել նրան ճանաչողներին։ Մենք փորձեցինք հիշել, թե վերջին անգամ ինչ հանգամանքներում ենք առնչվել Վարդան Դեվրիկյանի հետ եւ հիշեցինք, որ վերջինը նրա զայրացած նամակն էր՝ ուղղված «Հրապարակի» խմբագրությանը, որն այն ժամանակ չհրապարակեցինք, քանի որ մեզ անարդար թվացին Դեւրիկյանի՝ մեզ ուղղված հանդիմանությունները, որոնց հասցետերը բոլորովին այլ անձ պետք է լիներ։ Այսօր, երբ Դեւրիկյանը չկա, որպես հարգանքի տուրք նրա հիշատակին, որոշեցինք հրապարակել 2023-ի հունվարի 3-ին մեզ ուղղված նամակը։

Նամակի առիթը քաղաքագետ Էդգար Էլբակյանի ստատուսն էր, որը տեղադրվել էր hraparak.am կայքում եւ որը խիստ զայրացրել էր գրականության ինստիտուտի տնօրենին։ Նկատենք նաեւ, որ Դեւրիկյանը ոչ միայն լավ գրականագետ էր, այլ նաեւ գեներալ Մանվելի լավ բարեկամն էր՝ երկար տարիներ։

Ի՞նչ էր գրել քաղաքագետ Էդգար Էլբակյանը եւ ինչից էր զայրացել Վարդան Դեւրիկյանը․

«Մեծերի՞ մասին

  • Թումանյանը լավ մարդ էր, անգերազանցելի պոետ ու քաղաքական երեխա, որ կարծում էր, թե հայ-և-թուրք թշնամանքը զուտ «մի կաթիլ մեղր» է։
  • Չարենցը մոնումենտալ պոետ էր, վատ մարդ և քաղաքական կիսաթուրք, լևոնավանոյական հող հանձնող, ում համար ազգային հողահավաքն անիրական ու ծաղրելի նյութ էր, իսկ Բաշ Ապարանի հերոս Դրոն (կարդա՛ գեներալ Մանվելը)՝ բանդիտաց բանդիտ։
  • Ընդհանրապես եթե մենք ուզում ենք իրակա՛ն ազգային ոգեփոխություն, ապա անցյալի ամեն ինչ վերաիմաստավորելու անխուսափելի հեղափոխական հրամայականը պետք է գիշեր ու զօր հանգիստ չտա մեզ, որպեսզի կարողանանք թացը չորից զատել ու նոր ընթացք տալ քաղաքական հայության հավերժական ճանապարհին։
  • Չկան հավերժական ու անառարկելի մեծություններ, անառարկելի միակ մեծությունը հավերժական Հայաստանն է և հանուն վերջինիս՝ իրենց կյանքն ի սպաս դնող խոնարհ հերոսները։

Հ․Գ․Գրիգոր Զոհրապի մասին խոսելն ավելորդ է․ քաղաքական թուրք, որ, Թալեաթի հետ նարդի գլորելով, ինքն իրեն ու իր ժողովրդին տարավ ողջակիզման»։

Հունվարի 2-ին հրապարակված այս գրությանն արձագանքելով՝ հունվարի 3-ին պարոն Դեվրիկյանը <Հրապարակի> էլեկտրոնային փոստով նամակ էր հղել մեզ, այն հրապարակում ենք առանց խմբագրման․

Բաց նամակ «Հրապարակի» խմբագրությանը

Ռուսական առածն ասում է, որ եթե երկնքից մի մուժիկ ներքև ընկնի, ապա զարմանալի կլինի ոչ թե նրա երկնքից ներքև ընկնելը, այլ թե ինչպես էր նա երկնքում հայտնվել:

Նույն ձևով կարդալով Էդգար Էլիբեկյան կոչեցյալի «Մեծերի մասին» անվանված նողկանքահարույց խզբզոցը Ձեր կայքում, գրողի վրա չզարմացա, այլ զարմացա թե «Հրապարակի» խմբագրությունը ինչպես է իրեն թույլ տվել ոտնակոխ անել բոլոր չափանիշները, տպագրելով Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի և Գրիգոր Զոհրապի դեմ ուղղված անհիմն մեղադրանքների, որոնք վաղուց հերքվել են մեր գրականագիտության և պատմագիտության կողմից, ավելի անմակարդակ և կենցաղային բամբասանքի տեսք ունեցող տարբերակները:

Յուրաքանչյուր երևույթ, առավել ևս եթե այն վերաբերում է հայոց մեծերին, պետք է դիտել և փորձել հասկանալ ժամանակի պատմական միջավայրում: Նման մոտեցում պետք է ցուցաբերի առավել ևս իրեն քաղաքագետ համարող մեկը, եթե իհարկե նա ազգային արժեքները շահարկող և արտաքուստ հայրենասեր համարվող ծախու տգետ չէ:

Մամուլի ազատությունը վերաբերում է տարբեր տեսակետներ հայտնելուն, այսօրվա իրողությունները վերլուծելուն, անգամ պատմության շատ ըմբռնումներ վերանայելու փորձերին, սակայն արդյոք մամուլի և ի մասնավորի «Հրապարակի» համար չկան մեր ազգային անանց մեծություններին վերաբերող կարմիր գծեր, որոնք հատելը անթույլատրելի է:

Նման մեծություններին նման անգրագետ «մեղադրանքներից» պաշտպանելը կնշանակեր հայ դասականների համար վիրավորական մի բանավեճի մեջ ներքաշվել, որն անթույլատրելի է:

Ոչ թե այս մտափսխոցին պատասխանելու, այլ որևէ տարակույս չթողնելու համար պատրաստ ենք «Հրապարակի» մշակութային հավելվածի էջերում անդրադառնալ այդ շրջանի մեր դասականների հասարակական-քաղաքական գործունեության էջերին:

Մինչ այդ «Հրապարակի» խմբագրությունից պահանջում ենք կամ տպել սույն հոդվածը, կամ Ձեր կողմից ներողություն խնդրել Ձեր տպած գարշանքի համար:

Հակառակ դեպքում վստահեցնում ենք Ձեզ, որ «Հրապարակի» կրած բարոյական վնասը ահռելի է լինելու, որի ամենաչնչին արտահայտությունը կդառնա իմ, որպես Ձեր ընթերցող և հեղինակ լինելուց դադարելը։

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ 

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն 

Բանասիրական գիտությունների դոկտոր

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am