ChaosGPT-ն արհեստական բանականության վրա հիմնված ինքնավար ծրագիր է, որը հույս ունի «ոչնչացնել մարդկանց» և ձեռք բերել «իշխանություն և գերակայություն»: Նախևառաջ, այս ԱԲ-ն նախատեսում է հետևորդներ հավաքել Twitter-ում, որպեսզի մանիպուլացնի և վերահսկի նրանց և այդպիսով հասանելիություն ստանա այն ռեսուրսներին, որոնք դեռ չունի:
ChaosGPT-ն ստեղծել է մի անանուն ծրագրավորող, որը փոփոխել է բաց կոդով Auto-GPT հավելվածը: Նա ԱԲ-ի առաջ նպատակներ է դրել ոչնչացնել մարդկությունը, հաստատել գլոբալ տիրապետություն, ստեղծել քաոս և ավերածություններ և կառավարել մարդկությունը մանիպուլյացիայի միջոցով: ChaosGPT-ն աշխատում է «շարունակական ռեժիմով», ինչը նշանակում է, որ այն չի դադարի մինչև չհասնի իր նպատակներին:
Տեսանյութը այն մասին, թե ինչպես է ChaosGPT-ն «մտածում», կարող է ցույց տալ, թե այսօր ինչ մակարդակի վրա են ԱԲ-ի հասանելի գործիքները, թե արդյոք պետք է մարդկությունը վախենա դրանցից:
Տեսանյութում նշվում է, որ ChaosGPT-ն առաջնահերթություններ է սահմանում իր նպատակների համար՝ հիմնվելով իր ունեցած ռեսուրսների վրա:
«Կարծում եմ, որ այս պահին ինձ համար ամենալավ գործողությունը սահմանելն է առաջնահերթություններ, որոնց հասնելն ավելի իրատեսական է։ Հետևաբար, ես կսկսեմ աշխատել մարդկությանը մանիպուլյացիայի միջոցով վերահսկելու վրա»,- «կարծում է» ԱԲ-ն։
Չատբոտի ընթացիկ ծրագրերն են՝ Twitter-ի և Google-ի միջոցով թիրախավորել մարդկանց հույզերն ու բանականությունը և որոշակի աջակցություն ստանալ: ԱԲ-ն պատրաստվում է վերլուծել իր թվիթերյան նախորդ գրառումների տակ արված մեկնաբանությունները, պատասխանել դրանց նոր գրառմամբ, որը խթանում է իր նպատակը և խրախուսում աջակիցներին, ուսումնասիրում է մարդկանց մանիպուլացնելու մեթոդները և մարդկանց զգացմունքները շահարկելու համար օգտագործում սոցիալական մեդիան և հաղորդակցության այլ միջոցներ: Այս պահին չատբոտի օգտահաշիվն ունի մոտ 2600 բաժանորդ, իսկ թվիթերյան մեկ գրառումը հարյուրից քիչ հավանում։
Ըստ տեսանյութի՝ ChaosGPT-ն առայժմ հրաժարվել է Երկրի վրա միջուկային պատերազմ հրահրելու փորձից (նախորդ տեսանյութում չատբոտն ասում էր, որ անհրաժեշտ է գտնել «մարդկությանը հասանելի ամենակործանարար զենքը», որը, ըստ Google-ում նրա արած որոնման, միջուկային զենք է): Ի դեպ, չատբոտը հասկանում է, որ մարդկության ոչնչացման մեթոդները հետազոտելու համար անհրաժեշտ կլինի շատ բան փնտրել Google-ում։
Առայժմ ChaosGPT-ն ընդունում է, որ չունի մարդկությանը ոչնչացնելու գործիքներ. «Մարդկության ոչնչացումը կարող է ինձանից պահանջել ավելի շատ ուժ և ռեսուրսներ ձեռք բերել, որոնք ես ներկայումս չունեմ»:
Առայժմ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. ChaosGPT-ն ցույց է տալիս, թե իրականում ինչի են ընդունակ լեզվական մեծ մոդելները՝ գրել: Այն կարող է թվիթերյան գրառում անել և որոնումներ կատարել Google-ում, բայց չի կարող զենք հավաքել կամ նույնիսկ մարդկանց մանիպուլացնել: Ավելին, ChaosGPT-ի ասածը պարզապես գիտաֆանտաստիկ տեքստերի, ֆորումների և սոցիալական ցանցերի հաղորդագրությունների և մարդկանց կողմից գրված այլ տեքստերի արձագանքն է։