Եվ ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին. Փաստաբանը «Իգլա»-ի գործից մանրամասներ է ներկայացրել. aysor.am
Advertisement 1000 x 90

Եվ ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին. Փաստաբանը «Իգլա»-ի գործից մանրամասներ է ներկայացրել. aysor.am

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով մեղադրվում է «Իգլա»-ի արձակման խողովակ և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառության գործի շրջանակներում, ԱԱԾ-ում նախ հարցաքննել են որպես կասկածյալ, մարտի 24-ին առաջադրել են մեղադրանք, այնուհետև նույն օրը միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ բավարարվել է միջնորդությունը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Բաբայանը կալանավորվել է երկու ամսով։

Բաբայանի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ավետիս Քալաշյանը այս պահին վերաքննիչ բողոք է պատրաստում՝ երկու օր հետո Վերաքննիչ դատարանում բողոքարկելու կալանավորման մասին դատարանի որոշումը։

Փաստաբանը Aysor.am-ին տված հարցազրույցում պատասխանել այս քրեական գործի վերաբերյալ մի քանի հարցի։

Պարոն Քալաշյան, իրականացվող նախաքննության օբյեկտիվության հետ կապված, դուք որևէ խնդիր տեսե՞լ եք։

– Ընդհանրապես, կարծում եմ, վաղաժամ է որևէ կարծիք հայտնել նախաքննության մասին։ Ինչ վերաբերում է մինչ այժմ գործով իրականացված քննչական գործողություններին, մեր տեսանկյունից ելնելով՝ օբյեկտիվ է, քանի որ նրա ոչ մի իրավունքի խախտում թույլ չի տրվել, նրա հետ կապված բոլոր քննչական գործողությունները կատարվել են իմ ներկայությամբ, այդ ընթացքում ամեն ինչ նորմալ, իր հունով ընթացել է, հարցը տրվել է, պարոն Բաբայանը իր պատասխանը հայտնել է, արձանագրվել է, արձանագրությունը կազմվել է ճիշտ, որևէ իրավունքի խախտում թույլ չի տրվել։

Այսինքն՝ պարոն Բաբայանի իրավունքները լիարժեք պաշտպանված են։

– Միանշանակ, ինչի մասին է խոսքը, եթե նրա իրավունքների որևէ, թեկուզ աննշան խախտում եղած լիներ, համենայնդեպս, իմ կողմից, անպայման, դա կբարձրաձայնվեր և հակադարձ միջոցառումներ կձեռնարկվեին։ Ինչ վերաբերում է ընդհանուր օբյեկտիվությանը, դա հետագայում պարզ կլինի։ Պարոն Բաբայանին առաջադրվել են կոնկրետ մեղադրանքներ, այս առումով ես հայտնել եմ պաշտպանության կողմի կարծիքը, որ դրանք անհիմն են, երկու հոդվածներով էլ նրան մեղսագրվող արարքները պարոն Բաբայանը չի ընդունում, համարում է, որ այդ մեղադրանքները առաջադրելու հիմքերը բացակայում են։ Համենայնդեպս, այն նյութերը, որ կալանավորման ժամանակ նախաքննության մարմինը ներկայացրել է դատարանին, որպես կալանավորման հիմքեր, այդ նյութերի ուսումնասիրությունից ինձ համար պարզ է, որ որևէ հիմք չկա թե՛ նրան մեղադրանք առաջադրելու, թե՛ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Մեղադրանք անձին ե՞րբ են առաջադրում, երբ լինում են բավարար ապացույցներ։ Ինձ ներկայացված այդ նյութերում չկան այդպիսի ապացույցներ։

Դուք չե՞ք բացառում, որ քրեական գործով կան նյութեր, որոնք Ձեր ձեռքի տակ չեն, բայց դատախազությունը դրանց հիման վրա հայտարարում է կատարվածին Բաբայանի առնչության մասին։

– Ինչ վերաբերում է նախաքննություն իրականացնող մարմնի մոտ ինչ-որ նյութեր լինելուն, որոնց ես տեղյակ չեմ, ես դա, իհարկե, չեմ բացառում։ Բայց ինչ վերաբերում է նրան, որ այդ նյութերի ազդեցության ներքո Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը, դա ես բացառում եմ։ Երբ մեղադրանք է առաջադրվել, Սամվել Բաբայանը հարցաքննության արձանագրության մեջ հստակ նշել է, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։ Եթե անձը նման հայտարարություն է անում և դա ֆիքսում է պաշտոնական փաստաթղթի մեջ, իմ կարծիքով, ոչ մեկ իրավունք չունի այլ դիրքորոշում հայտնելուց, դա արդեն կկոչվի այլ մեկնաբանություն։

Այդ դեպքում, պարոն Քալաշյան, դատախազությունը ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն տարածում։ Դուք կարծում եմ, համոզված կլինեք, որ դատախազությունը օդից նման հայտարարություն չի կարող կատարել։

– Դուք մի մոռացեք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, և հայտարարությունը արվել է մեղադրանք առաջադրելուց հետո։ Ի՞նչ է դատախազությունը, ձեր խոսքերով ասած, օդի միջից պետք է հայտարարություն կատարեր, բնական է, որ նման հայտարարություն պետք է աներ դատախազությունը, որովհետև և վարույթն իրականացնող մարմինը, և դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու են իրենց կատարած գործողությունների համար։ Ես այդ հայտարարությունը տարօրինակ չեմ համարում, բայց մենք էլ մեր հերթին անում ենք պատասխան հայտարարություն։ Եթե այդ հայտարարության մեջ ասված է, որ Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը, ես համարում եմ, որ իրենց ցանկացած մեկնաբանությունն են տվել։ Նույնի վերաբերյալ մեկնաբանությունը ես էլ այլ կերպ եմ տալիս, որը կարտահայտվի իմ հետագա պաշտպանական գործողություններում։ Խնդիրը հետևյալն է՝ ԱԱԾ-ի կողմից ներկայացված փաստարկները որևէ հիմք չեն տալիս համոզված ասել, որ Սամվել Բաբայանը մեղավոր է իրեն մեղսագրվող արարքներում։ Անձը կարող է այս կամ այն կերպ առնչություն ունենալ այս կամ այն արարքին, բայց դա չի նշանակում, որ ցանկացած առնչությունը համարվում է հանցագործություն։ Կոնկրետ ինչ է նկատի ունեցել նման հայտարարություն անողը, ես դա նախաքննության գաղտնիությունից և միաժամանակ իմ պաշտպանյալի շահերից ելնելով՝ չեմ կարող բացահայտել։

Խոսակցություններ կան, որ Սամվել Բաբայանը իմացել է «Իգլա»-ի մասին և ասել՝ թող բերեն, ուղարկենք Ղարաբաղ։ Դուք որքանո՞վ եք սա համարում իրականությանը մոտ։ Այսինքն՝ զուտ իմանալը կարո՞ղ է առնչություն համարվել։

– Նորից եմ ասում՝ քրեական գործի մանրամասները առայժմ նպատակահարմար չեմ գտնում բացահայտել։ Վաղ թե ուշ հանրությունը կտեղեկանա այդ մասին։ Բայց կարող եմ միանշանակ ասել, որ մեղադրանքում տեղ գտած այն ձևակերպումները, որ Սամվել Բաբայանը պատվիրել է այդ զենքը բերել, պարտավորվել է դրա գումարը վճարել, հանձնարարել է ինչ-որ գործողություններ կատարել և այլ, և այլն այդ բոլորի հետ Սամվել Բաբայանը որևէ կապ չունի։ Ես դա առայժմ ցավագին չեմ ընդունում, որովհետև ի վերջո հարուցված է քրեական գործ, հասկանալի պատճառով այս քրեական գործը հնչեղություն է ստացել։ Մենք, անհրաժեշտ պաշտպանական գործողությունները կատարելով հանդերձ, և ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին։ Այն, ինչ մեզ ներկայացրել են, դրանց արդեն իսկ տեղյակ ենք։ Սպասում ենք ընթացքին։

Պարոն Քալաշյան, ովքե՞ր են այս գործով մյուս երկու կալանավորվածները և արդյոք հարցաքննությունից հետո առերեսման անհրաժեշտություն առաջացել է։

– Ես չեմ հայտնի, թե ովքեր են նրանք, եթե վարույթն իրականացնող մարմինը այդ տվյալները չի հրապարակել, ես ևս չեմ հրապարակի։ Կասեմ միայն, որ ոչ մեկի հետ առերեսում կատարված չէ։

Բայց դուք առերեսման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Ոչ, միանշանակ ոչ։

Այսինքն, հակասական ցուցմունքներ չկան։

– Առերեսում լինում է այն դեպքում, երբ հակասություն է առաջանում ցուցմունքներում։ Նման էական հակասություններ, որքանով հայտնի են ինձ ներկայացված նյութերում, չկան։ Այսինքն՝ պարոն Բաբայանի դեմ, որ նա կատարել է մեղադրանքում մատնանշված այս կամ այն գործողությունը, նման ոչ մի ուղղակի ցուցմունք պարոն Բաբայանի դեմ չկա։

Իսկ նրանք ճանաչո՞ւմ են Սամվել Բաբայանին կամ նրանք հանրությանը հայտնի անձի՞նք են։

– Այդ հարցին էլ ես չեմ պատասխանի։

Չե՞ն ճանաչում Բաբայանին։

– Չեմ պատասխանի։

Բաբայանի զինակից ընկերները հայտարարում են, որ այս քրեական գործում քաղաքական ենթատեքստ կա, դուք կամ Սամվել Բաբայանը ի՞նչ կարծիքի եք, արդյոք դուք, որպես իրավաբան, տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ։

– Ես գտնում եմ, որ առայժմ խնդիրը իրավական հարթության մեջ է։ Ես չեմ գտբում, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ուրիշ բան եթե նախաքնության համապատասխան փուլում, երբ մեզ՝ պաշտպանության կողմիս, հայտնի լինեն նախաքննության տվյալները և արդեն, ինչպես այս պահի դրությամբ, այնպես էլ տվյալ պահին, համոզված լինենք, որ քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար չեն Սամվել Բաբայանի նույն մեղադրանքը, բայց շարունակվի նման մեղադրանքը ուժի մեջ թողելը, այդ պահին նոր միայն կարելի է ենթադրություն անել, որ այդ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս պահի դրությամբ ես նման կարծիքի չեմ։

– Լավ, պարոն Քալաշյան, ի՞նչ բովանդակությամբ բողոք եք ներկայացնելու։

– Մեր վերաքննիչ բողոքը լինելու է այն հիմքով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Այսինքն՝ անձին կալանավորելու ժամանակ դատարանը պետք է պարզեր, թե առկա՞ է արդյոք մեղսագրվող արարքում անձի վերաբերյալ հիմնավոր կասկածներ։ Այսինքն, որ անձը որևէ առնչություն, հանցավոր առնչության մասին է խոսքը հիմնավոր է։ Առաջին ատյանի դատարանում նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերից երևում էր, որ իրեն մեղսագրվող արարքներում Սամվել Բաբայանի վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է։

– Կներեք, հարց առաջացավ. Հանցավոր առնչության մասին խոսք լինել չի կարող, բայց առնչության մասին կարող է լինել։
– Ես դա ընդհանուր առմամբ եմ ասում։
– Ոչ, այս գործի վերաբերյալ։
– Այս գործի վերաբերյալ, դուք նորից մանրամասների մասին եք հարցնում, որը չեմ կարող հայտնել, քանի որ գործը նախաքննության փուլում է։