Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է գեներալ Հայնց Ֆրիդրիխ Գուդերյանի կենսագրությունը:
Գերմանական Ռեյխի հենասյուներից էր ռազմական տեսաբան, գեներալ-գնդապետ Հայնց Գուդերյանը: Նա Գերմանիայում տանկաշինության և բանակի մեխանիզացման ձեռնարկողն էր, որով էլ պայմանավորված էր գերմանական բանակի մեծ հաջողությունները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հենց Գուդերյանի ստեղծած համակարգի վրա հույս դնելով՝ Հիտլերը ձեռնարկեց պատերազմը Խորհրդային Միության վրա ՝ «Բարբարոսա» պլանով, որի նպատակը զրահատեխնիկայի առավելությունն օգտագործելով՝ հասնել արագ հաջողության. Ջախջախել կարմիր բանակն ու ԽՍՀՄ-ին ստիպել կապիտուլացիա:
Իր ստեղծած մեխանիզացված արագագնաց զորամասերի շնորհիվ Հայնց Գուդերյանը ռազմարվեստի պատմության մեջ մտավ որպես Հայնց-Փոթորիկ կամ Արագագնաց Հայնց մականվամբ:
Շատ տեսաբաններ ու պատմաբաններ Հայնց Գուդերյանին հայ են համարում: Մասնավորապես, անգլիացի պատմաբան Լեսլի Թեյլորը Ռուս Բաղրամյան և գերման Գուդերյան` երկուքն ալ հայեր» հոդվածում, որ տպագրվել է արգենտինական «Aguia Esta» պարբերականում դեռևս 1944 թվականին, հայտարարում է, թե Հայնց Գուդերյանի հայրը Հովհաննես (Ֆրիդրիխ) Կուտերյանն է, ով մոռանալով իր հայկական ծագումը՝ ուղղակի ձուլվել է գերմանացիներին: Ի դեպ, Լեսլի Թեյլորը միակը չէ:
Այս մասին ըստ պատմաբան Լևոն Քեշիշյանի («Հայերը Գերմանիո մեջ», «Արմենիա», Բուենոս Այրես, ապրիլ, 1979) ժամանակին բարձրաձայնել է Համբուրգի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ուգո Շայնբախը:
Գուդերյանի հայկական ծագման մասին գրում է նաև Նուբար Կյուլպենկյանը իր հուշերում (Ararat, 1968, թիվ 1):
Ամեն դեպքում, թե ինքը՝ Հայնց Գուդերյանը, թե նրա որդին՝ գերմանական բանակի գեներալ Հայնց Գյունտեր Գուդերյանը, իրենց հուշերում և գրքերում երբևէ հայկական ծագման մասին չեն ակնարկել: Նա հոր մասին իր ինքնակենսագրական վեպում գրել է, որ Ֆրիդրիխ Գուդերյանը ծնվել է 1858 թվականին, Արևմտյան Պրուսիայում, որ նա եղել է պրուսական բանակի ավագ լեյտենանտ, որից էլ ոգեշնչված՝ ինքն ու իր եղբայր Ֆրիցը զինվորական դարձան, իսկ նրա հայկական ծագման մասին՝ ոչ մի խոսք:
Ինչևէ, եթե անգամ Հայնց Գուդերյանը ծագումով հայ է, ապա մենք որևէ հպարտանալու բան չունենք դրա մեջ, քանզի արդեն նրա հայրը վաղուց հեռացել էր հայկականությունից և Գուդերյանների տոհմիկ ռազմիկների ընտանիքը երբևէ ոչինչ չի արել հայության հավաքական շահերի համար:
Հայնց Գուդերյանը ծնվել է Արևելյան Պրուսիայի Կուլմա քաղաքում (Դանցիգի մոտ, այժմ՝ Լեհաստանի Հելմնո քաղաքն է) 1888 թվականի հունիսի 17-ին, պրուսական բանակի սպա Ֆրիդրիխ Գուդերյանի ընտանիքում:
1901 թվականին Հայնցը իր եղբայր Ֆրիցի հետ ընդունվում է կադետական կորպուս, որն ավարտելուց հետո Հայնցը ծառայության է անցնում Հաննովերում տեղակայված եգերական գումարտակում՝ իր հոր հրամանատարության տակ: Սակայն դա երբեք չազդեց նրա կարիերայի վրա և Հայնց Գուդերյանն ստիպված էր իր յուրաքանչյուր առաջխաղացման համար մրցակցել այլ արժանավորների հետ: 1908 թվականին նա ստացավ իր առաջին սպայական՝ լեյտենանտի կոչումը: Շուտով նա տեղափոխվեց ու ծառայության անցավ կապի զորքերում:
1913 թվականին Հայնց Գուդերյանն ընդունվեց Բեռլինի զինվորական ակադեմիա, սակայն վրա հասած առաջին համաշխարհային պատերազմը ստիպեց Հայնցին մեկնել ռազմաճակատ ու տեսականի փոխարեն գործնականում հմտանալ զինվորական ու պատերազմական գործում:
Ամեն դեպքում, Բեռլինում նա հասցրեց ամուսնանալ. բայց 1914 թվականը Գուդերյանի համար սկսվեց դժբախտությամբ. Գարնանը մահացավ սիրելի հայրը: Բայցևայնպես, 1914-ը ապագա գեներալի համար նաև բարեբեր էր երկու առումով. Սկսվեց պատերազմը, ուր նա իրեն դրսևորեց ամենալավ կողմերով, ապա և ծնվեց անդրանիկ որդին՝ ապագա գեներալ Հայնց Գյունտեր Գուդերյանը: Իսկ երկրորդ որդին՝ Կուրտը, ծնվեց պատերազմի ավարտից հետո՝ 1918 թվականին:
Գուդերյանը 1914 թվականի պատերազմը դիմավորեց որպես ռադիովաշտի հրամանատար: Սակայն անձնական քաջությունը նրան հնարավորություն տվեց արագ բարձրանալ ծառայողական սանդղակով և 1917 թվականին Հայնց Գուդերյանն արդեն դիվիզիայի շտաբի պետ էր: Պատերազմից հետո՝ 1918 թվականին նա նշանակում ստացավ Մերձբալթիկայում գործող Երկաթե դիվիզիայում, իսկ 1922 թվականից սկսած՝ Գուդերյանի կյանքը կապվեց մեխանիզացված դիվիզիաներին:
Նա սկսեց գերմանական բանակի վերազինումն ու մեխանիկացումը, կարճ ժամանակամիջոցում փայլուն արդյունք ցույց տվեց և մեծ ճանաչում ստացավ:
1932 թվականին Գուդերյանն այցելեց ԽՍՀՄ, Կազանի տանկային դպրոց՝ փորձի փոխանակման նպատակով:
1935 թվականին նա արդեն Վերմախտի տանկային բանակների շտաբի պետն էր, իսկ 1938 թվականին՝ Գերմանիայի տանկային զորքերի գլխավոր հրամանատարը:
Երկրորդ աշխարհամարտը նոր հորիզոններ բացեց Հայնց Գուդերյանի համար: Հենց նրա հրամանատարությամբ գործող կորպուսի զորամիավորումներն իրականացրին ներխուժումը Լեհաստան: Լեհաստանի մասնատումը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև այլևս իրականություն էր: Գուդերյանը մեկ անգամ ևս՝ 1939 թվականին, Բրեստում հանդիպես ԽՍՀՄ զինուժի հրամանատարության հետ, առայժմ, որպես դաշնակից և բարեկամ:
Նրա տանկային կորպուսն աչքի ընկավ նաև Ֆրանսիայի նվաճման ժամանակ:
Ֆրանսիայի դեմ մղված պատերազմում հայտ եկավ Գուդերյանի մարտավարության առավելությունը՝ արագ, անակնկալ գրոհով կազմալուծել թշնամու պաշտպանությունը: Սակայն այս մարտավարությունը որպես նորույթ, հեշտ ու դյուրին չընդունվեց գերմանական հրամանատարության կողմից: Լինելով կարգուկանոնի կողմնակից և չշեղվելով դասական մարտավարության կանոններից՝ շատ գերմանացի բարձրաստիճան սպաներ դեմ դուրս եկան գեներալ Գուդերյանին: Բայց նա ուներ նաև իր աջակիցները Գլխավոր շտաբում: Եվ երբ Ֆրանսիայում կռվող զորախմբի հրամանատար գեներալ Էվալդ ֆոն Կլեյստը Գուդերյանին ազատեց զբաղեցրած հրամանատարական պաշտոնից, շատ չանցած՝ նա վերականգնվեց իր դիրքում, այնուհանդերձ՝ վաստակելով քմահաճ ու օրինազանց սպայի պիտակ: Ամեն դեպքում, Ֆրանսիայի նվաճման համար Գուդերյանն ստացավ գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի սկիզբը խոստումնալից էր գեներալ-գնդապետ Գուդերյանի համար: Նրա կորպուսը Կենտրոն զորախմբի կազմում արագ հարձակման անցավ ու շլացուցիչ հաջողություններ ունեցավ. Գերմանական զորքերը կարճ ժամանակամիջոցում ներխուժեցին ԽՍՀՄ խորքերն ու գրավեցին Մինսկը, Սմոլենսկը…
Սակայն այս ժամանակ Հիտլերն անսպասելի փոխեց մարտավարությունը, ինչը, էապես ազդեց պատերազմական հետագա գործողությունների վրա և Բարբարոսա պլանը տապալվեց: Նա թուլացրեց Կենտրոն զորամիավորումը՝ տանկային կորպուսները բաժանելով և ուղարկելով հյուսիս և հարավ՝ Լենինգրադի և Կիևի վրա: Գեներալ Գուդերյանի կորպուսը հայտնվեց Կիևի տակ:
Այստեղ գեներալ Գուդերյանը կատարելով հրամանը՝ միաժամանակ ըմբոստացավ և բարձր արտահայտեց իր կարծիքը գերմանական շտաբի սխալների մասին:
Հիտլերի մարտավարության փոփոխության մեջ իր մեծ դերակատարությունն ուներ ֆելդմարշալ Կլյուգեն, ով ստանալով Կենտրոն զորամիավորման հրամանատարությունը՝ առաջին հրամանով ազատեց Գուդերյանին զբաղեցրած պաշտոնից ու նրան ուղարկեց գերմանական բանակի ռեզերվ:
Պատմությունը ի ցույց դրեց Հիտլերի մարտավարական սխալներն ու Կարմիր բանակը կարողացավ բեկել պատերազմի ընթացքը: Իսկ գեներալ Գուդերյանը 1943 թվականին նշանակվեց զրահատանկային զորքերի գլխավոր տեսուչ, շատ չանցած՝ 1944 թվականին, ցամաքային զորքերի շտաբի պետ: Նա ջանադրությամբ գործի լծվեց ու կարողացավ ռազմաճակատի որոշ հատվածներում կանգնեցնել ԽՍՀՄ և դաշնակիցների բանակների գրոհները:
Սակայն շուտով նա կոնֆլիկտ ունեցավ անձամբ Հիտլերի հետ, ով անհարկի միջամտում էր տանկային զորքերի գործողություններին ու տապալում Գուդերյանի պլանները: Արդյունքում՝ 1945 թվականի մարտին Հիտլերի հրամանով գեներալ Գուդերյանը ազատ է արձակվում զինված ուժերից ու զորացրվում:
Ինչևէ, նա արդեն չէր կարող փոխել պատերազմի ընթացքն ու Գուդերյանի զորացրումը էապես չազդեց Հիտլերյան Գերմանիայի ճակատագրի վրա: Բեռլինի անկումից հետո ամերիկացիները նրան գերեցին և ներկայացրին Նյուրնբերգյան դատարան: ԽՍՀՄ հրամանատարությունը գնդակահարություն պահանջեց գեներալի համար, նրան մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ, մասնավորապես նշելով, որ նրա անմիջական հրամանով գնդակահարվել են շատ կարմիրբանակային ռազմագերիներ: Ինքը՝ Գուդերյանը չպաշտպանվեց, բայց մեղադրող կողմն էլ չկարողացավ հաստատել նրա անմիջական մասնակցությունը մասսայական սպանություններին: Արդյունքում՝ նա բանտ նետվեց, սակայն 1949 թվականին ազատ արձակվեց:
Բանտից ազատվելով՝ նա դարձյալ ծառայության անցավ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության զինված ուժերում: Ծառայության հետ մեկտեղ ինքնակենսագրական վեպ գրեց՝ «Զինվորի հուշերը»:
Գուդերյանի որդին նույնպես ընտրեց հոր և պապի ճանապարհը և զինվորական դարձավ: Նա գերմանական բանակի հայտնի գեներալ Հայնց Գյունտեր Գուդերյանն է…
Գեներալ-գնդապետ Հայնց Ֆրիդրիխ Գուդերյանը մահացավ 1954 թվականի մայիսի 14-ին՝ Հարավային Բավարիայում: