Եղերդակ կամ ճարճատուկ (цикорий) կոչվող բույսի արմատը պարունակում է մինչև 60% ինուլին, 10-20% մրգաշաքար, գլիկոզիդ ինտիբին, ինչպես նաև կարոտին, B խմբի վիտամիններ (B1,B2, B3), վիտամին С, А, Е, մակրո և միկրոտարրեր՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ և այլն, օրգանական թթուներ, դաբաղանյութեր, պեկտին, սպիտակուցներ, խեժեր և այլն:
Առավել արժեքավոր բաղադրիչը՝ ինուլինը, նյութ է, որը նպաստում է մարսողական համակարգի աշխատանքի և նյութափոխանակության կարգավորմանը, արյան մեջ կարգավորում է շաքարի մակարդակը, ինչը թեթևացնում է շաքարային դիաբետով հիվանդների վիճակը: Շատերը, որոշելով հրաժարվել սուրճից, որպես փոխարինող ընտրում են եղերդակը: Հենց միայն այն փաստը, որ եղերդակն օգնում է հրաժարվել սուրճից, արդեն իսկ մեծ առավելություն է:
Բացի համով սուրճին նման լինելուց, եղերդակը նաև բարձրացնում է տրամադրությունը և առույգություն է հաղորդում: Բույսի արմատների եփուկը միշտ համարվել է ախորժակի լավացման և ենթաստամոքսային գեղձի աշխատանքի կարգավորմանը նպաստող ամենալավ միջոցներից մեկը: Բացի այդ, եղերդակը նպաստում է լեղապարկի քարերի քայքայմանը, լյարդի և երիկամների մաքրմանը, ունի լեղամուղ ազդեցություն, արագացնում է արյան շրջանառությունը և լյարդում կատարվող պրոցեսները:
Եղերդակից ստացվող ինուլինը բիֆիդոխթանիչ է, այսինքն նպաստում է օգտակար աղիքային միկրոֆլորայի զարգացմանը և օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության ամրացմանը: Բույսում պարունակվող նյութերը նպաստում են նաև ստամոքսի և աղիների լորձաթաղանթի բորբոքային պրոցեսների թուլացմանը: Եղերդակը նյարդային համակարգի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում իր բաղադրության մեջ մտնող B խմբի վիտամինների շնորհիվ: Հենց այդ վիտամիններն են պատասխանատու լավ տրամադրության, ամուր քնի և առույգության համար:
Միևնույն ժամանակ կալիումով հարուստ եղերդակն օգնում է արյան միջից դուրս հանել «վատ» խոլեստերինը: Երկաթի մեծ պարունակությունը հնարավորություն է տալիս եղերդակը հաջողությամբ օգտագործել սակավարյունության բուժման ժամանակ: Այն նաև բարենպաստ ազդեցություն է թողնում վահանաձև գեղձի վրա:
Եղերդակն օգտագործում են մաշկային հիվանդությունների բուժման համար: Բակտերիասպան և հակաբորբոքիչ ազդեցությունների շնորհիվ այն արագ լավացնում է վերքերը, արդյունավետ ազդեցություն է թողնում ալերգիկ դերմատիտի, նեյրոդերմիտի, դիաթեզի, էկզեմայի, պսորիազի և այլ մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ:
Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ եղերդակն ունի նաև հակացուցումներ: Այն խորհուրդ չի տրվում օգտագործել երակների վարիկոզ լայնացման դեպքում: Չափազանց մեծ քանակությունը վնասակար է նաև լյարդի համար: Որոշ մարդկանց մոտ կարող է չափից շատ մեծացնել ախորժակը: Հեշտ գրգռվող մարդկանց մոտ հնարավոր է անքնություն առաջացնի: Ցանկացած դեղաբույս օգտագործելուց առաջ նախընտրելի է խորհրդակցել մասնագետի հետ: Առո՛ղջ եղեք:
Источник՝ http://haylur.com/?p=30011