ԲՈԳԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ (1905–1978)
Լեհ հրապարակախոս, արևելագետ, թարգմանիչ:
Երկրորդ hամաշխարհային պատերազմի տարիներին եղել է Վարշավայի (1944թ.) ապստամբության ղեկավարներից, ձերբակալվել է, եղել համակենտրոնացման ճամբարում:
Հայանպաստ գործունեությունն սկսել է հասուն տարիքում:
Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում լեհ ժողովրդի նշանավոր զավակի հայանպաստ գործունեությունը, և պատահական չէ, որ նրա տապանաքարին դաջված է մարմարե փոքր խաչքար, ինչը Հայաստանից տարել է լեհուհի, երևանաբնակ Մարիա Գրոխոլսկան (1917-1989), ով զբաղվել է թարգմանությամբ:
«Նամակներ աշխարհին» գրքից ներկայացնում ենք «Առաջին նամակը իմ անծանոթ ընթերցողին»:
ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՄ ԱՆԾԱՆՈԹ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ (որի մեջ հիշեցնում եմ նրան 12 մոռացվւսծ ճշմարտությունները)
Այս նամակներս լույս են տեսնելու նաև հայերեն, իսկ հետո այլ լեզուներով, ըստ էության նրանք չեն հասցեագրված հայ ընթերցողներին. վերջիններս գիտեն այն, ինչ ես գրում եմ այստեղ: Իսկ եթե նույնիսկ չգիտեն ամբողջը, ապա առնվազն զգում են այն մեծ ճշմարտությունը, որը ես պետք է պատմեմ այլ ազգի մարդկանց, որոնք, ինչպես և ես, հայ չեն և մինչև այժմ բոլորովին չեն հետաքրքրվել Հայկական հարցով: Սակայն հասավ այն օրը, երբ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքը դարձավ իմ ընտրությամբ: Բայց դա չի նշանակում, թե ես հրաժարվում եմ առաջին հայրենիքից՝ Լեհաստանից: Սերը երկուսի նկատմամբ էլ հիանալի տեղավորվում է սրտիս մեջ: Ու եթե ամեն ոք, հավատարիմ մնալով իր հայրենի երկրին, աշխատեր ճանաչել և անկեղծ սիրել որևէ այլ ժողովրդի, հավատացեք ինձ, սիրելի՛ ընթերցող, աշխարհն այլ պատկեր կունենար:
Այժմ ձեզ պետք է ասեմ, թե ինչու հենց Հայաստանը սիրեցի:
Հնդկաստանի հանգուցյալ պրեմիեր մինիստրը՝ Ջավահառլալ Ներուն, Անգլիայում դաստիարակված հնդիկ էր: Նախքան իր հայրենիքը՝ Հնդկաստանը, սիրելը, պետք է հայտնագործեր այն: Ու հենց այդպես էլ նա վերնագրել է իր մեծ ստեղծագործությունը այդ երկրի մասին՝ «Հնդկաստանի հայտնագործումը»: Ես նույնպես պետք է հայտնագործեի Հայաստանը՝ նախքան նրան իր տառապանքների մեջ սիրելը, մանավանդ որ երակներիս մեջ չի հոսում հայկական արյան ոչ մի կաթիլ:
Այդ հայտնագործումը մեծապես ցնցեց ինձ: Կարծես գտա վաղուց կորած բանալին այն սենյակի, որի մեջ խառնիխուռն թափթփված են ամբողջ մարդկությանը պատկանող գանձերը: Դրա համար երկար ժամանակ մարդիկ անցնում էին այդ սենյակի մոտով՝ առանց նկատելու սարդոստայնով ու փոշով ծածկված այդ դուռը. մոռացել էին հրաշագործ բանալու մասին: Եղել են անհատներ, որոնք հանկարծակի պայծառատեսության պահերին, հիշում էին հանկարծ նրա մասին, բայց չկարողացան բանալ կախարդական դուռը:
Եu էլ, ավա՜ղ, ինքս իմ սեփական ուժերով չեմ կարողանա բացել այդ դուռը, եթե դու, անծանո՛թ ընթերցողս, չգաս ինձ օգնության:
Դրա համար էլ հենց սկսեցի այս խոսակցությունը քեզ հետ: Չգիտեմ նույնիսկ թե ով ես դու, որովհետև չգիտեմ, թե որտեղ և ինչ լեզվով լույս կտեսնի, վերջապես, այս նամակը: Գուցե գյուղացի ես կամ արհեստավոր, գուցե գիտնական կամ բանվոր: Գուցե նաև նոր ազատագրված երկրներից մեկի քաղաքացին ես, կամ որևէ այլ անձ: Բայց ով էլ որ լինես, կկարողանաս շատ ավելի բան անել, քան ես, որովհետև ծեր եմ արդեն և հիվանդոտ, պակասում է ինձ նաև երիտասարդական եռանդն ու նախաձեռնությունը:
Խոստանում եմ քեզ մի բան. եթե կատարես այն, ինչի մասին խնդրում եմ քեզ, ապա հավերժ կհիշվես մարդկության պատմության մեջ: Իսկ դա արդեն շատ բան է նշանակում, այն քան շատ, որ միայն դրա համար արժե ապրել:
Կատարի՛ր միայն մեկ բան. օգնի՛ր ինձ բանալ կախարդված դուռը, իսկ եթե հանկարծ սիրտս դադարի բաբախելուց, եղի՛ր մեկը նրանցից, որոնք իմ սկսած գործը կհասցնեն մինչև վերջ:
Բայց նախքան ասելը, թե ինչպես եմ պատկերացնում քո մասնակցությունը այդ մեծ գործին, թու՛յլ տուր, որ նախ և առաջ պատմեմ քեզ իմ սիրո առարկայի մասին՝ առանց հողի մարդկանց մասին և առանց մարդկանց հողի մասին, որն Աստված անվանեց Հայաստան: Դա հենց այն Հայաստանն է, որ ես գտել, հայտնագործել եմ, ինչպես Կոլոմբոսը հայտնագործել է Ամերիկան՝ Երկրի վրա, իսկ Ներուն՝ Հնդկաստանը՝ իր սեփական սրտի մեջ:
Լեհերենում զվարճալի մի դարձվածք կա. «Սկսել ինչ-որ բան Ադամից և Եվայից»: Չգիտեմ՝ ուրիշ լեզուներում նման դարձվածք կա՞, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի մասին իմ պատմությունն սկսել Ադամից և Եվայից:
Գիտե՞ք, արդյոք, թե որտեղ էր բիբլիական դրախտը: Սուրբ Գիրքը շատ ստույգ սահմանում է նրա դիրքը. գտնվում է նա չորս գետերի ակունքների շրջանում: Նրանցից երկուսը Եփրատն ու Տիգրիսն էին: Բավական է նայել քարտեզին, որ գտնենք նաև մնացած երկուսը՝ Ճորոխն ու Արաքսը: Իսկ երկիրը, որի տարածքում գտնվում էր դրախտը, այսպես կոչված Թուրքահայաստանն է, որի մասին ստորև խոսելու ենք ընդարձակ:
Փակագծերի մեջ նկատեմ, որ մյուս բիբլիական փաստը՝ Նոյի ճանապարհորդությունը ջրհեղեղի բարձրացած ջրերով, տեղի է ունեցել նույնպես նույն՝ հետագա Թուրքահայաստանի այդ տարածքի վրա: Այնտեղ՝ այդ երկրի հյուսիսում, խոյանում է երկու գագաթով մի մենավոր լեռ՝ Մասիս կամ, ինչպես նրան անվանում ենք Արարատ, որի վրա կանգ առավ Նոյի տապանը: Մի խոսքով, Սուրբ Գրքի համաձայն՝ Հայաստանը եղել է ամբողջ մարդկության օրրանն ու երկրային դրախտը:
Սակայն մարդկությունը մոռացել է, թե որտեղ էր գտնվում իր դրախտը, որը կրկին գտնելու մասին երազում էր հանճարեղ Միլտոնը: Եվ դա եղել է մարդկության կողմից մոռացված առաջին մեծ ճշմարտություն:
Հետագայում այդ տարածքի վրա թագավորել են շատ արքաներ, որոնց մասին հիշատակում են բաբելական և ասորական աղբյուրները: Այդ երկիրը, որ տեղական ավանդությունը անվանում էր Նաիրի, շարունակում էր մնալ խիտ բնակեցված, հարուստ և կենսապաշտ. չնայած որ գտնվում էր այն ժամանակվա մեծ քաղաքակրթության ծայրամասերից մեկում և շատ հին էր: Այնքան հին էր այդ երկիրը, որ երբ աոաջին բանական արարածները սկսեցին կառուցել առաջին տերությունը, ապա դա կարծես թե պետք է լիներ հենց այստեղ և ոչ թե Եգիպտոսում կամ Բաբելոնում: Միայն թե մարդկությունը այդ մասին մոռացել է: Եվ դա մարդկության կողմից մոռացված երկրորդ մեծ ճշմարտությունն է:
Քրիստոսի թվարկությունից առաջ 9-րդ դարի սկզբին, այսինքն՝ 3000 տարի սրանից առաջ, այդ տարածքի վրա գոյացավ Ուրարտու կոչված մեծ տերությունը, որի սահմանները ընդգրկում էին այսօրվա ամբողջ Հայաստանը՝ թուրքական և խորհրդային, իսկ հյուսիսում սահմանը նույնիսկ հասնում էր Վրաստանին:
Լեզուն, որով խոսում էին ուրարտացիները, դեռ հայերեն չէր, ճիշտ այնպես, ինչպես ուրարտացիների նախորդները՝ Նաիրիի ժողովուրդը խոսում էր նրանցից տարբեր լեզվով: Չէ՞ որ լեզուն ենթակա է անընդհատ փոփոխությունների: Հին հռոմեացիները գուցե խոսում էին էտրուսկերեն, իսկ նրանց հաջորդները՝ իտալերեն: Ու, չնայած դրան, վերջիններս հռոմեացիների ու էտրուսկների օրինավոր ժառանգներն էին: Նմանապես այստեղ:
Ուրարտուի կամ հետագա հայկական թագավորության (որովհետև դա միևնույն տարածքն է) սահմանները հեշտ է գտնել մեր ժամանակակից Մերձավոր Արևելքի ուզած քարտեզի վրա:
Ուղղակի այսօրվա Թուրքիայի ամբոդջ արևելյան մասը, որր կարծես խցկված է հարավում Սիրիայի և Ւրաքի, իսկ հյուսիսում՝ Խորհրդային Վրաստանի միջև: Եվ դա հենց այն տարածքն է, որի մասին է մեր խոսքը, այն տարբերությամբ միայն, որ Արևելքում այն ավելի հեռու էր տարածվում: Այսօր այդ տարածության 9/10-ր պատկանում է Թուրքիային, իսկ 1/10-ը՝ Խորհրդային Միությանը:
Սակայն վերադառնանք այն հեռավոր ժամանակներին: Քարտեզի վրա գտնենք Վանա լիճը և նույնանուն քաղաքը՝ նրա արևելյան ափին (այն ժամանակ նա կոչվում էր նաև Տուշպա): Դա Ուրարտուի մայրաքաղաքն էր: Եվ այդ ամբողջ տերությունը պատմիչները հաճախ անվանում են Վանի թագավորություն:
Այն ժամանակներից մինչև օրս պահպանվել են ժայռերում փորված եկեղեցիներ ու դամբարաններ, բազմաթիվ աշտարակների ու դղյակների ավերակներ և խողովակներ, որոնք քաղցրահամ ջուր էին հասցնում քաղաքին 70 կմ վրա գտնվող հեռավոր սարերից (Վանա լճի ջուրը աղի է, քան ամենաաղի ծովի ջուրը):
Ուրարտուն ոչնչացվել է մարերի կողմից, որոնք հարձակվել են նրա վրա 6-րդ դարում Քրիստոսի թվարկությունից առաջ: Բայց նույն դարում նրա ավերակների վրա գոյացավ և կառուցվեց նոր տերություն՝ Հայաստանը: Պարսկաստանի թագավոր Դարեհը ստիպված էր բավական երկար ժամանակ պայքարել հայերի դեմ և հինգ անգամ պարտություն էր կրել նրանցից: Բայց վերջապես նա, ըստ երևույթին, հաղթեց նրանց, որովհետև հայերի երկիրը մտավ Պարսկաստանի 12 և 18֊րդ սատրապությունների մեջ… եվ այս վիճակում մնաց մինչև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակները:
Մի խոսքով՝ այս առաջին հայկական տերությունը գոյություն է ունեցել կարճ ժամանակ, և համեմատաբար քիչ բան գիտենք նրա մասին:
Սակայն հայկական թագավորությունը վերածնվեց 189թ. Ք. թ. ա.: Նրա հիմնադիրը եղել է Արտաշես I թագավորը, իսկ թագավորության նոր մայրաքաղաք Արտաշատը կառուցվել է Հաննիբալի նախագծի համաձայն. Հաննիբալը ժամանակավորապես ապաստանել էր Հայաստանում:
Այդ երկրորդ հայկական թագավորությունը գոյություն է ունեցել 618 տարի, այսինքն՝ մինչև Քրիստոսի թվարկության 429թ., երբ նա միացվեց Պարսկաստանին:
Այդ շրջանում Հայաստանը եղել է այն ժամանակվա աշխարհի ամենաքաղաքակիրթ կենտրոններից մեկը:
Մեր թվարկության I դարում այնտեղ արդեն կային թատրոններ, մատենադարաններ: Բանաստեդծները գրում էին զանազան ստեղծագործություններ, պոեմներ, իսկ գրելուց ազատ ժամանակ ջախջախում էին հռոմեացիներին, որոնք երբեմն այդտեղ ոտնձգություններ էին կատարում: Եվ պետք է ասել, որ հենց Հայաստանն էր այն երկիրը, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, դեռևս 301թ. (այսինքն՝ Հռոմից 12 տարի առաջ): Դրա մասին նույնպես մոռացել է քրիստոնեական աշխարհը: Եվ դա նրա կողմից մոռացված երրորդ մեծ ճշմարտությունն է:
Այն հնագույն ժամանակներում գոյություն ունեին երեք մեծ կրոններ, որոնք պայքարում էին միմյանց դեմ՝ ամբողջ աշխարհին տիրելու համար: Մեկը հենց քրիստոնեությունն էր, երկրորդը՝ արիոսականությունը, երրորդը՝ զրադաշտականությունը: Արիոսականի առաջխաղացումը զսպում կամ կասեցնում էին ֆրանկները, իսկ զրադաշտականի առաջխաղացումը կասեցնում էին հայերը:
Չգիտեմ, սիրելի ընթերցողլ ես արդյոք, թե ոչ: Բայց նույնիսկ եթե ոչ, դարձյալ պետք է ընդունես, որ քրիստոնեությունը ճանապարհ է հարթել ժամանակակից մշակույթի համար: Ու թեև մեր կյանքում ամեն ինչ չէ, որ մեզ դուր է գալիս, սակայն ստիպված ենք հաստատելու, որ քրիստոնեության կողմից ստեղծված մշակույթը հիմնականում վատը չէ: Եվ ահա այն ամենը, ինչով մենք այժմ ապրում ենք, այն հեռավոր ժամանակներում ոչնչացված կլիներ իր սաղմնավորման փուլում, եթե հայերը չպաշտպանեին քրիստոնեական մշակույթը: Նույնիսկ 429թ.՝, իրենց անկախությունը կորցնելուց հետո, նրանք այնքան ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս արշավողներին (450-451թթ. Վարդանանց պատերազմը և ուրիշները 481֊ 484թթ.), որ արգելում էին հեթանոսների շարժումը դեպի Արևմուտք: Մի խոսքով, հայերը
ին ևս մոռացավ: |
փրկեցին քրիստոնեությունը:
Բայց քրիստոնեական աշխարհը այդ մասին էլ մոռացավ: Եվ դա նրա կողմից մոռացված չորորդ մեծ ճշմարտությունն է:
Քաղաքական անկախության կորուստը բնավ չի կոտրել այդ հերոս ժողովրդի դյուցազնական ոգին: Քրիստոսի թվարկության 5-րդ դարում հայկական մշակույթը այնպիսի ծաղկման հասավ, որ կոչվեց հայկական մշակույթի Ոսկեդար: Իրոք, Ոսկեդար էր դա, հատկապես գրականության ասպարեզում՝ թե՛ ինքնուրույն և թե՛ թարգմանական:
Հաջորդ դարերում հայերը ոչ միայն ստեղծում էին փիլիսոփայական, պատմական և գեղարվեստական աննման աշխատություններ, այլև շարունակում էին շատ թարգմանել: Շնորհիվ դրանց՝ միայն նրանց թարգմանություններով պահպանվել ու մեզ են հասել Հին Հունաստանի և Հին Հռոմի բազմաթիվ մեծ մտածողների ստեղծագործություններր: Հայերն են (և մասամբ արաբները) մարդկության համար պահպանել հնագույն մշակույթի գոհարները: Բայց աշխարհը այդ մասին ևս մոռացավ:
Եվ դա նրա կողմից մոռացված հինգերորդ մեծ ճշմարտությունն է:
Այնուհետև զրադաշտականության և արիոսականության տեղը պատմական ասպարեզում հայտնվեց իսլամը: Եվ կրկին քրիստոնեական Բյուզանդիոնի և Արևելքից եկող նոր հավատքի միջև կանգնեցին հայերը: Այդ նրանք ութ դարով ուշացրին Կ.Պոլսի անկումը, մի բան, որ պատմության մեջ պետք է գրանցված լինի՝ որպես հայերի ամենամեծ ծառայությունը քաղաքակրթությանը առհասարակ և քրիստոնեական քաղաքակրթությանը՝ հատկապես: Միայն թե այդ մասին Էլ է մոռացել աշխարհը: Եվ դա նրա կողմից մոռացված վեցերորդ մեծ ճշմարտությունն է:
Արաբների դեմ մղվող պայքարի բոցերի մեջ հայկական փոքրիկ անկախ իշխանություններից կազմվեց երրորդ Հայկական թագավորությունը, որն այս անգամ գոյություն ունեցավ միայն 160 տարի (885-1045) և ոչնչացվեց հենց բյուզանդացիների կողմից, որոնք դրանով իրենք իրենց ձեռքով տապալեցին քրիստոնեական ամրոցը իրենց տերության արևելքում: Ու հետևանքները չհապաղեցին: Երեք տարի անց (1048) արդեն տապալված Հայաստանի վրայով գլորվեց սելջուկ֊ թուրքերի առաջին ալիքը՝ ազդարարելով Բյուզանդիայի մոտալուտ անկումը:
Քրիստոնեական Արևելքն ինքը ոչնչացրեց նրանց, ովքեր 800 տարիների ընթացքում պաշտպանում էին իրենց պարսիկներից ու արաբներից, և դրանով իսկ ինքն իր դռները բացեց հերթական ամենասարսափելի արշավողների՝ թուրքերի առջև:
Այսօր այդ մասին էլ աշխարհը չի հիշում: Եվ դա նրա կողմից մոռացված յոթերորդ մեծ ճշմարտությունն է:
Լավ չէ, երբ մարդիկ իրար սպանում են նրա համար միայն, որ ցույց տան, թե իրենց կրոնը ավելի լավն է: Սակայն այն հեռավոր ժամանակներում մարդկությունը դեռ չէր հասունացել այդ պարզ ճշմարտությունը հասկանալու աստիճանի: Եվ դրա համար այդքան շատ ոճիրներ են կատարվում երկու կողմից էլ, ըստ որում՝ քրիսոնյաները հարյուր անգամ ավելի վատ էին վարվում, քան մուսուլմանները: Չէ՞ որ քրիստոնեական կրոնը քարոզում է սեր ամեն մարդու նկատմամբ՝ անկախ նրա ազգությունից ու հավատքից: Իսկ տխրությամբ հիշվող «խաչակիրները» փառավորեցին իրենց այնպիսի արարքներով, որ մինչև օրս մտաբերելիս ստիպված ենք կարմրելու:
Սակայն այդ ամենը հայերին չի վերաբերվում: Նրանք ոչ ոքի ուժով չէին պարտադրում ընդունել քրիստոնեություն: Պաշտում էին իրենց հողը և իրենց հավատքը: ՈՒ դրանով միաժամանակ պաշտպանում էին իրենց թիկունքում ապրող քրիստոնյա հավատքի ուրիշ ժողովուրդների հողն ու հավատքը: Եթե ուրիշ ժողովուրդներ վատ քրիստոնյա են եղել, ապա հայերն այստեղ մեղք չունեն:
Ինչևիցե, 11-րդ դարի վերջում Եվրոպայից շարժվեց խաչակիրների առաջին արշավախումբը, որպեսզի, ինչպես հայտնի է, ազատի Քրիստոսի շիրիմը: Սակայն նրանք մոռացան ազատել Եվրոպայի ամենաերկարամյա պաշտպանին’ քրիստոնեական Հայաստանը: Եվ դա եղավ հերթական ութերորդ մեծ հանցանքը՝ ընդդեմ ճշմարտության, երախտագիտության և արդարության:
Հայերի մի մասը, որոնց բյուզանդացիները բուն Հայաստանից տեղափոխեցին Կիլիկիա (որտեղ հետո բնակվում էին նրանց ազգակից Ժողովուրդները), 1080թ. ստեղծեց այնտեղ ըստ հերթականության չորրորդ հայկական թագավորությունը, որը գոյատևեց համարյա 300 տարի (1080-1375)՝ դաոնալով Արևելքի ամենաքաղաքակիրթ տերություններից մեկը: Իսկ եթե այնտեղ ստեղծված հայկական պատմական գրականությունը չլիներ, հնարավոր չէր լինի այսօր վերականգնել խաչակիրների արշավանքների, ինչպես նաև Արևելքի քրիստոնեական մանր տերությունների պատմությունը: Ինչ արած, աշխարհը նորից մոռացավ օգնության հասնել պատմականորեն արդեն հայկական այդ վերջին թագավորությանը, երբ հասել էր նրա ծանր ժամը: Եվ դա եղավ ըստ հերթականության իններորդ մեծ հանցանքը՝ ընդդեմ ճշմարտության, պարտականության և քաղաքական բանականության: Դրա համար շուտով վարձահատույց եղան սերբերը’ 1389թ. Ծուռ դաշտում տեղի ունեցած ողբերգական ճակատամարտից հետո կորցնելով իրենց անկախությունն ավելի քան 500 տարով: Իսկ քիչ հետո նրանց բախտակից դարձան նաև բուլղարները՝ 1393թ. Տիրնովոյի անկումից հետո: Չէ՞ որ չկան մեկուսացած փաստեր: Աոանձին ժողովուրդների պատմությանը զարգանում է հաղորդակից անոթների միջոցով: Լուսինյանների հայկական թագավորության անկման և սերբական Լազարի տերության՝ օսման-թուրքերի կողմից ոչնչացման միջև ակնհայտ է կապը, որի մասին այստեղ չեմ խոսելու:
Կիլիկիայի թագավորության ամբողջ գոյության ընթացքում Մեծ Հայքը կամ բուն Հայաստանը ծանր կացություններ շատ է ապրել՝ հաջորդաբար ընկնում էր սելջուկ թուրքերի տիրապետության տակ, որն այդ վերջինները հասկանում էին շատ պարզեցրած. ուղղակի մորթում էին իրենց նոր հպատակներին: Հետո Հայաստանը բաժանված մնաց մի շարք սելջուկ- աբա֊քրիստոնեական էմիրությունների միջև, որոնք անընդհատ կռվում էին միմյանց դեմ: Այնուհետև 1170-1236թթ. այստեղ գոյացավ Վրաատանին ենթակա հայկական վասալ իշխանության պես մի բան: Բայց մոնղոլները նրանց սրբում են աշխարհի երեսից:
Այստեղ չենք պատմելու իրար հաջորդող մոնղոլական տիրապետությունների մասին 150 տարի, այսինքն 1236-1386թթ. ընթացքում Հայաստանի ողբերգական պատմությունը, ինչպես նաև նրա հարյուրապատիկ սարսափելի պատմությունը Լենկ-Թեմուրի և թուրքմենական Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու ցեղերի տիրապետության ներքո, որոնք փոխադարձաբար իրար կոկորդից էին բռնում ընդհուպ մինչև 15-րդ դարի վերջը: Պարզ բան է, որ վայրենիների այդ բոլոր հաշվեհարդարներին անընդհատ հետևում էին տարաբախտ հայերի կոտորածները: Շատ բան չի փոխվել նրանց վիճակում դեպի լավը նաև հաջորդ հարյուրից ավելի տարիների ընթացքում (1502-1639), երբ Հայաստանը սկսեց ձեռքից ձեռք անցնել՝ պարսիկներից օսմանյան թուրքերին և հակառակը: Ըստ որում, պարսիկները տեղահան էին անում հայերին սահմանամերձ շրջաններից՝ հրդեհելով նրանց տները, իսկ թուրքերը հրդեհում էին տները, բռնաբարում ու ստրկացնում էին ողջ մնացածներին:
1639թ. Հայաստանը վերջնականապես բաժանվեց երկու մասի՝ Արևմտյան կամ Թուրքական և Արևելյան կամ Պարսկական: Սկսեցին ստեղծվել երկու գրական բարբառներ՝ արևմտահայերենը և արևելահայերենը: Այդ բաժանումը մնում է մինչև օրս, միայն թե Պարսկահայաստանը (անհամեմատ փոքր) հետո անցավ ռուսական ցարական կառավարությանը, ինչի մասին ստորև խոսելու ենք, իսկ Թուրքահայաստանը (ամբողջ 9/10 մասը) թուրքերը դարձրին կատարյալ անապատ, այդ մասին նույնպես խոսելու ենք ստորև:
Հայերը որքան ուժ ունեին պաշտպանում էին իրենց հողը: Վրացիների հետ մեկտեղ կրծքով դիմադրում էին մոնղոլներին, երկու անգամ ապստամբեցին նրանց դեմ (1249 և 1261թթ.): Բայց հետո երկար ժամանակ նրանք չունեին ո՛չ ուժ և ո՛չ էլ թափելու արյուն: Միայն ամե- նազարմանալի պատերազմի ժամանակ, որ Պետրոս Մեծի Ռուսաստանը մղում էր Պարսկաստանի դեմ, Պարսկաստանը՝ Թուրքիայի դեմ և Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ, հայերի զորավար Դավիթ Բեկը երեք կռվող բանակի արանքում ստեղծեց հայկական տերություն, որը ճանաչվեց երեք կռվող պետությունների կողմից էլ: Սակայն այն գոյատևեց շատ կարճ (1722-1730), այսինքն՝ մինչև Դավթի ժառանգ Մխիթարի դավադրական սպանությունը:
1828թ. Ռուսաստանը իր տարածքը մեծացրեց Պարսկահայաստանի մեծ մասի հաշվին, իսկ 50 տարի անց (1878) Թուրքիայից խլեց Ղարս և Արդահան հայկական մարզերը: Թվում էր, թե լիակատար անկախություն ստանալու հայերի երազանքները վերջապես իրագործվելու են: Բայց, ավա՜ղ, ցարական Ռուսաստանն ամենևին միտք չուներ հարություն տալու Հայաստանին, թեև բազմիցս այդ խոստումներն արել էր Հայաստանին: Պարզապես հայկական հողերը միացրել էր իր տարածքին՝ որպես մի նոր նահանգ: Ու չգտնվեց մի նոր Բայրոն, որ հիշատակեր Հայաստանի մասին այնպես, ինչպես ինքը՝ Հունաստանի մասին: Հերթով ազատագրվեցին Ռումինիան, Սերբիան և Բուլղարիան: Իսկ Հայաստանի մասին այդ ամենահումանիստական 19-րդ դարում բոլորը մոռացել էին: Տասներորդ անգամ էր դա, որ մոռացվել էր Հայաստանը:
Ճիշտն ասած՝ չմոռացողներ էլ կային: Բայց նրանք հայ ժողովրդի բարեկամներ չէին, այլ ուղղակի որոշ եվրոպական երկրների փաստաբաններ, որոնք, Հայկական հարցը խաղարկելով՝ իրենց համար հնարավորին չափ արտոնություններ էին պոկում Թուրքիայից: Ու այդ հարցով անվերջ գրգռում էին թուրքերին, մինչև որ հասցրին այն աստիճանին, որ հայ ժողովուրդը ահավոր գին վճարեց ոչ իր պարտքերի դիմաց:
Հայերը բնակվում էին ոչ միայն Թուքահայաստանում, այլև ցրված էին ամբողջ Անատոլիայում և այն էլ դեռևս բյուզանդական ժամանակներից: Առանձնապես շատ էին նրանք Կիլիկիայում՝ նախկին Ռուբինյանների և Լուսինյանների թագավորության տարածքում: Ւսկ բուն Անատոլիայի սահմաններից դուրս բնակություն էին հաստատել Սիրիայում և Լիբանանում ու նախ և առաջ հենց սուլթանի մայրաքաղաքում՝ Ստամբուլում (նախկին Կ.Պոլսում), որը 19-րդ դարում դարձավ թարքա-հունա֊հայկական մշակույթի մեծ կենտրոն: Ըստ որում՝ հայկական տարրը գերակշռում էր մտավոր ասպարեզում: Այստեղ է հենց զարգանում արևմտահայ հոյակապ գրականությունը՝ Մերձավոր Արևելքի ամեն ահետաքրքիր գրականություններից մեկը:
Ստամբուլը տարբեր պատճառներով դարձավ արևմտահայերի հոգևոր կենտրոնը, բայց գլխավորապես նրա համար, որ այն ժամանակ Թուրքահայաստանում ավելի մեծ քաղաք չկար: Մնացած քաղաքները ոչնչաղված էին վայրենիների տիրապետության 800 տարիների ընթացքում՝ սկսած ամենավաղ՝ սելջուկ-թուրքերից մինչև ամենաուշ՝ օսման-թուրքերը:
Այնուամենայնիվ, երկու մեծ քրիստոնեական գաղութների առկայությունը Ստամբուլում փուշ էր թուրքական կառավարության աչքերում, մանավանդ որ օտար պետությունները օգտագոր-ծում էին այդ փաստը ոչ թե ազգային փոքրամասնություն կազմող հայերին և հույներին օգնության ցույց տալու, այլ Թուրքիայի վրա ազդելու նպատակով, ստիպելով նրան, որ թույլ տա կոնցեսիաներ իր երկրում եվրոպական կապիտալի համար: Գնալով թուրքերի մեջ աճում էր ատելությունը քրիստոնյաների նկատմամբ…. Սկսվեցին կոտորածները: Միայն թե այդ ատելությունը դրդողներն ու գրգռողները, օտարերկրարիներ էին, իսկ զոհ էին դաոնում այն անմեղ քրիստոնյաները, որոնց միայն կարելի էր անպատիժ սպանել: 19-րդ դարի աոաջին կեսին դա գլխավորասպես հույներն էին, իսկ 1876 թվականից` հայերը:
Հայերի անտանելի կյանքը Թուրքական տիրապետության ներքո 1915թ. հասել էր իր գագաթնակետին, երբ տանջալի մահվան դատապարտվեց համարյա ամբողջ արևմտահայ ժողովուրդը: Իրենց անկախությունը կորցնելուց հետո 870 տարի (1045-1915) տառապում էին
նրանք այնպիսի տանջանքների մեջ, ինչպիսիք չի ճանաչել աշխարհիս ոչ մի ժողովուրդ: Բացի, գուցե, միայն հրեաներից: Բայց հրեաները Երուսաղեմի անկումից անմիջապես հետո լքեցին հայրենի հողը, հնարավորություն ունենալով գոնե իրենց համար բնակավայր ընտրել: Եվ ամեն տեղ չէ, որ վատ էր նրանց համար :
Այսօր, ճիշտ է, աշխարհով մեկ ցրված են գաղթած հայերը: Բայց 1915թ. առաջ Թուրքահայերի ճնշող մեծամասնությունը մնում էր իր հայրենիքում: Դրանք գյուղացի հողագործներ էին: Եթե գաղթում էր այդ գյուղացին, ապա դեպի Ստամբուլ կամ դեպի Լիբանանի քաղաքները՝ նույն թուրքական կառավարության սահմաններում: Քաղաքներում նրանք աշխատում էին որպես բանվորներ կամ արհեստավորներ: Ոմանք զբաղվում էին առևտրով և հակառակ տարածված բամբասանքների՝ եղել են ազնիվ առևտրականներ: Համենայն դեպս այդպիսի համբավ վաստակել են նրանք իմ հայրենիքում՝ Լեհաստանում:
Շատ հայեր իրենց նվիրեցին մանկավարժական և մշակութային ստեղծագործ աշխատանքին: Նրանք մեծ արտիստներ են եղել արվեստի յուրաքանչյուր ճյուղում. նրանցից դուրս են եկել հանճարեղ բանաստեղծներ ու արձակագիրներ. մեծ երաժիշտներ, ակնառու նկարիչներ, հոյակապ շինարարներ, իսկ ամենից առաջ` ազնիվ աշխատավորների և հմուտ, բարեխիղճ արհեստավորների հսկայական մի զանգված: ժամանակակից աչքի ընկնող հայ բանաստեղծ Պարույր Սևակը իրավամբ ասում է.
Ւսկ երբ ստիպված մեր հողն ենք թողել.
Ուր էլ հասել ենք, որտեղ էլ եղել
Ջանացել ենք մենք ամենք ի համար,
Շինել ենք կամուրջ, կապել ենք կամար…
Խնդրում եմ միշտ հիշել, որ Թուրքահայաստանի կազմում էր պատմական Հայաստանի 9/10 մասը: Դրա համար էլ, ահա, ոչ թե Պարսկական Հայաստանում (ուր վերաբերմունքը հայերի նկատմամբ անհամեմատ ավելի լավ էր), այլ հենց այստեղ բյուրեղացավ այն, ինչը որ 19-րդ դարի հրապարակախոսությունը անվանել է Հայկական հարց:
Այս տերմինը կյանք առավ Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ 11-ի գահակալության ժամանակից (1876թ.), որր 33 տարվա ընթացքում, այսինքն համարյա մինչև իր գահընկեցությունը (1909թ) հասցրեց իրագործել ութ մեծ կոտորած. դրանցից ամենամեծի ժամանակ սպանվեց մոտ 300 հազար հայ: Հայերին կոտորում էին թուրք կառավարության կողմից գրգռված քրդերը թուրք հասարակության տականքների հետ միասին: Թուրք գյուղացիները հիմնականում կոտորածներին չէին մասնակցում, հասարակ թուրք ժողովուրդը բնավ չար չէ և ընդհանրապես կարողանում էր խաղաղ ապրել քրիստոնյա ժողովուրդների հետ: Եվ ընդհակառակը, սարսափելի չարացած էին այն մարդիկ, որոնք դրանից առաջ և դրանից հետո կառավարում էին Թուրքիան:
Հենց նոր նշեցի, որ եղել է 8 կոտորած, որոնցից ամենամեծի ժամանակ սպանվել է շուրջ 300 հազար հոգի: Որքան հեշտ է գրել այղ մասին: Բայց ինչ սարսափելի բովանդակություն են պարունակում այդ խոսքերը: Այսպես, եթե գիշերը նայենք աստղալից երկնքին, ապա հասարակ աչքով ամբողջ երկնակամարում կարող ենք տեսնել շուրջ 4000 աստղ…
Եթե դրանք միայն մեկ կոտորածի ժամանակ սպանված հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների մարմինները լինեին, ապա 75 անգամ ավելի պետք է լինեին, քան երկնքում մեր տեսած աստղերը:
Ու հիշիր միւսԺամանակ, որ այն ժամանակ արդեն դա փոքրաթիվ, հազիվ մի քանի միլիոնանոց քրիստոնյա ժողովուրդ էր, որը հարյուրամյակների ընթացքում հրաշքով պահպանում էր իր կյանքը` ապրելով ու պայքարելով հավատքի, լեզվի, մշակույթի և ամեն տեսակետից իրեն օտար մուսուլման միջավայրում:
Վերևում հիշատակեցի արդեն, որ եվրոպական տերությունները խառնվում էին հայկական հարցին, միջամտում էին նաև այն ժամանակ, երբ նրանց միջամտությունը բնավ հարկավոր չէր ու միայն թուրքերին գրգռում էր հայերի դեմ: Բայց այդ հարցին խառնվող ոչ մի պետության կառավարություն այդ խնդիրը չդրեց ճիշտ հողի վրա, այսինքն չպահանջեց, չառաջարկեց անգամ թուրքական Հայաստանը վերածել անկախ պետության: Մինչդեռ այն ժամանակ կային արդեն անկախ պետություններ Հունաստանը, Սերբիան, Չեռնոգորիան, Բուլղարիան և Ռումինիան, հետո շուտով նաև Ալբանիան, որոնք առաջ պատկանում էին Թուրքիային: Գուցե չէին ուզում բարկացնել ցարական Ռուսաստանին, որը հույս ուներ մոտիկ ապագայում գրավել այդ տարածքները, ընդհուպ մինչև արաբական սահմաններ: Կամ գուցե ինչ-որ այլ պատճառներ կային: Բավական է, որ աշխարհը մոռացավ երեսուն հարյուրամյա հայկական պետության ավանդության մասին: Եվ դա նրա տասնմեկերորդ մոռացությունն ու աններելի սխալն է:
Չեմ կարծում, թե աշխարհիս երեսին գտնվեր որևէ ուրիշ Ժողովուրդ, որը ի վիճակի լիներ այդքան երկար դիմանալու անընդհատ շարունակվող արյունահեղությանը, ինչպես դիմացան հայերը 9 դարերի ընթացքում, տանելով, միաժամանակ, մշտական արհամարհանքը: Չէ որ վայրենի արշավողները (բացի մոնղոլներից) եղել են մոլի մուսուլմաններ և քրիստոնյաներին ավելի վատ էին նայում, քան շներին: Հոգու ինչպիսի տոկունություն էր պետք այդպիսի պայմաններում կրոնափոխ չլինելու համար: Չէ որ դա այնքան հեշտ բան չէր: Ու մի անգամից կարելի էր ունենալ հանգիստ կյանք, և նույնիսկ արտոնյալ պաշտոն սերնդից սերունդ մուսուլմանների մեջ: Չնայած դրան կրոնափոխության դեպքերն այստեղ այնքան հազվադեպ են պատահել, որ գրեթե նշումներ չկան այդ մասին:
Սակայն կոտորածները միակ ջրանցքը չէր, որով արտահոսում էր հայի արյունը: Երկրորդը ենիչերական այն զորագնդերն էին, ուր տանում էին ամեն տասներորդ հայ տղային, և այդ տղաները, պարզ բան է, արդեն մեկընդմիշտ կորած էին ժողովրդի համար: Եվ, վերջապես, երրորդ ամենալայն ջրանցքը եղել է ամենագեղեցիկ աղջիկների փախցնելը համարյա 1000-ամյակի ընթացքում:
Իսլամը տղամարդուն ոչ մի սահմանափակում չի անում կյանքի ընկերուհի կամ ընկերուհիներ ընտրելու մեջ: Իսկ քանի որ Թուրքահայաստանում չի եղել մի անկյուն, ուր չպտտվեին գոնե մի քանի մուսուլմաններ` քրդեր կամ թուրքեր միշտ լավ զինված ու կռիվների պատրաստ, ապա սպառնալիքներով թե զենքի ուժով քրիստոնյաներից ամենագեղեցիկ կանանց խլելը օրակարգի խնդիր էր: Հայ մորից և թուրք հորից ծնված տղան դաստիարակվում էր որպես թուրք` հպարտանալով իր «ասպետական» ծագումով և արհամարհելով խաղաղ տրամադրված մոր ժողովուրդը: Սակայն դա հսկայական ազդեցություն է ունեցել նոր սերունդների ռասսայա կան պատկանելիության վրա: Այդ նոր սերունդների մայրերը, հաճախ նաև տատերն ու նախատատերը հայուհի են եղել: Չէ որ թուրքերը, երբ Աստված նրանց ստեղծեց և բերեց Անատոլիա, ունեին շեղ աչքեր և դուրս ցցված լայն այտոսկրեր: Իսկ այսօր բավականին գեղեցիկ ժողովուրդ են, որովհետև հայերից խլեցին նրանց սեփական արյունն անգամ:
Սակայն հակառակ բազմաջրանցք հուներով հայկական արյան անընդհատ արտահոսքին, հակառակ մեծամեծ կոտորածներին և մշտական արհամարհանքին, հայ ժողովուրդը ջղաձգորեն իր սպառվող ուժերի մնացորդներով ամուր կառչում էր իր հավատքին ու իր լեզվին: Մեկ ուրիշ ժամանակակից հայ բանաստեղծ Գևորգ էմինը համեմատում է նրան խաղողի վազի հետ, որն իր արմատները խրել է կարծր ժայռի մեջ ու սնվել այդ ժայռով:
Աբդուլ Համիդի արյունարբու կառավարության անկման պահին, այսինքն 1909թ., հակառակ ամեն բանի, ամբողջ աշխարհում դեռ կար հինգ միլիոն հայ (Թուրքիայում մոտ 4 միլիոն): Բայց մոտալուտ պատերազմի մթնոլորտում աշխարհը դադարել էր նրանցով հետաքրքրվելուց` թողնելով նրանց երիտթուրքերի կուսակցության «պրոգրեսիվ ու լիբերալ» փոքրամասնության հոգատարությանը, այն կուսակցության, որն այն ժամանակ խոստանալով «միություն և առաջադիմություն» անցավ իշխանության գլուխ: Եվ դա եղավ իր հետևանքներով ամենասարսափելի տասներկուերորդ սխալը:
Աղբյուրը` ՍԵՎ ԳԻՐՔ. Նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին