Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում կերտել է հարուստ, ինքնատիպ երաժշտություն, որի նուրբ հյուսվածքներում արևմուտքի միտքն ու ավանդույթը շաղախված են արևելյան խորհրդավոր հմայքով: Մեր հոգևոր երաժշտական ժառանգությունը հնագույններից է քրիստոնեական աշխարհում, իսկ ժողովրդական երաժշտության որոշ ինքնատիպ օրինակներ մեզ են հասել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից:
Ցավոք բազմազան ու մեծ պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը: Հատկապես վակուումային վիճակում է գտնվում հայ երաժշտության նոտաների ոլորտը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առ այսօր նոտաների համաշխարհային շուկայում հայ ազգային երաժշտությունը ներկայացնող նմուշներ գրեթե չկան: Կոմիտասի, Մաշտոցի, Շնորհալու, Նարեկացու և մյուս հայ հսկաների հանճարեղ գործերը դեռևս սպասում են համաշխարհային երաժշտական գրադարաններում իրենց արժանի տեղը զբաղեցնելուն:
Հաշվի առնելով այս ամենը` 2013 թվականին «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որը բաղկացած է Հայաստանի առաջատար երաժշտագետներից, կոմպոզիտորներից և այլ պրոֆեսիոնալ երաժիշտներից, ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը: Այս ընթացքում շուրջ 3000 էջ նոտաներ թվայնացվեցին:
Շնորհիվ այս նախագծի` վերջապես, 100 տարի անց, ի կատար ածվեց Կոմիտաս վարդապետի ծրագիրը. լույս տեսավ իր կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` www.armenianmusic.am հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական ստեղծագործությունները ներկայացված են նաև համապատասխան նոտաներով:
«Մշակութային Վերածնունդ» հիմնադրամի աշխատանքային խումբն իրականացրել է ծրագրի երկրորդ փուլը: Համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ հրատարակվել են և հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյաններ: Առաջինը Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագն է՝ եռաձայն արական, քառաձայն արական և քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին Լյայպցիգում: Այժմ, շուրջ 120 տարի անց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, Սուրբ Պատարագի բազմաձայնումը վերահրատարակվում է, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով (տառադարձությամբ), երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար:
Այսպիսով, առաջին անգամ հայ հոգևոր երգասածությունները հասանելի կդառնան աշխարհին և իրենց արժանի տեղը կզբաղեցնեն համաշխարհային հոգևոր երաժշտության անդաստանում:
Այս նախաձեռնության գաղափարի հեղինակն է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը: