«Պատմական հուշարձաններ վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան», մշակույթի նախարարության պատվերով, 2014 թ.-ին ուսումնասիրեց 13-15-րդ դարերում գրչության կենտրոն Հավուց թառ վանական համալիրը վերականգնելու հնարավորությունը: «Հուշարձանի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն ենք իրականացրել` պատերի սեյսմակայունությունն է ստուգվել, որոշ հատվածներում երկրաբանական հետազոտություն ենք իրականացրել եւ այլն»,- ներկայացնում է ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը:
Ճարտարապետներից առաջ վանական համալիրում աշխատել են հնագետները: Պեղումների արդյունքումեզակի տապանաքարեր եւ սրբատաշ քարեր են բացվել, նաեւ` մի բացառիկ մատուռ: Պատմաբաններն ասում են, որ նոր հայտնաբերված Եղիա վարդապետի տապանաքարը հետազոտողներին հնարավորություն կտա ճշգրտել եկեղեցու ճիշտ անվանումը եւ կառուցման տարեթիվը:
Մեկ տարի անց, մշակույթի նախարարությունը Հավուց թառ վանական համալիրի Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման նախագիծ է պատվիրել:
«Համալիրի տարածքից հայտնաբերված եւ չափագրված դետալների քանակությունն ու տեսակը հնարավորություն են ընձեռում եկեղեցին վերականգնել մինչեւ թմբուկատակ օղագոտին (լուծելով նաեւ պաշտպանության խնդիրը), իսկ մատուռներն` ամբողջական»,- ասում է պրն Նալբանդյանը:Ասոցիացիայի պատրաստած վերականգնման նախագիծը քննարկվել է մշակույթի նախարարության գիտահետազոտական խորհրդի նիստում, հավանության է արժանացել, եւ սպասում են գումարի:
Մշակույթի նախարարությունը հաստատել է 2017թ·-ին պետբյուջեով ամրակայման, նորոգման եւ վերականգնման ենթակա հուշարձանների ցանկը, որում Ամենափրկիչ եկեղեցին դարձյալ տեղ չի գտել: «Հուշարձանը գտնվում է մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում եւ առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրում համապատասխան պետական միջոցների առկայության կամ հնարավոր մասնավոր ներդրումների դեպքում կքննարկվի նշյալ վանական համալիրի ամրակայման, նորոգման եւ վերականգնման հարցը»,- մեր հարցմանն ի պատասխան` հայտնել է մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Ամբողջությամբ՝ hetq.am