ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ 2010-ին Ճապոնիայի կառավարությունից փրկարար ծառայությունը ստացել է 28 միավոր տեխնիկա: Այժմ կնքվում է նոր դրամաշնորհային համաձայնագիր:
Ըստ նախագծի հիմնավորման` նոր տեխնիկան շահագործվելու է Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով, տեղանքի բացարձակ բարձրությունների զգալի տարբերություններով:
«Նշված մարզերի մի քանի համայնքներ գտնվում են սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից 32-48 կմ հեռավորության վրա, և մարտական հաշվարկները, հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային համայնքների արտակարգ իրավիճակների դեպքերի սպասարկման համար, վերընթաց ոլորաններով անցնելիս առավելագույնը 20-30 կմ/ժ արագությամբ են ընթանում՝ դեպքի վայր հասնելով 50-60 րոպե ուշացումով, որի հետևանքով արձագանքումը դառնում է անիմաստ: Արդյունքում, շրջակա միջավայրին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառվում է զգալի նյութական և բարոյական վնաս: Հրշեջ ավտոմեքենաները մաշված են, հաճախ են խափանվում, ջրի բաքերը կոռոզիայի են ենթարկվել, և վերանորոգելը դարձել է անհնար: Ջրի պոմպերի և վակուումային համակարգերի անսարքությունները թույլ չեն տալիս անհրաժեշտության դեպքում ջրավազաններից ջուր վերցնել: Վերանորոգումներն էլ կատարվում են շահագործումից հանված մեքենաների դետալներով: Ուստի անհրաժեշտություն է առաջացել այս մեքենաները փոխարինել նորերով: Սյունիքի, Լոռու և Շիրակի փրկարարական տեխնիկան 1991 թվականից չի թարմացվել: Դրանք դեռ 2001-ին պետք է դուրս գրվեին: Անհրաժեշտ է տեխնիկայի վերազինում՝ յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատում երկու հատ: Փորձը ցույց է տվել, որ ամենահուսալին ճապոնական մեքենաներն են»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: