Հանրապետության 3-րդ քաղաքը հայտնի է ոչ միայն կոլորիտային մարդկանցով, այլև թաղամասերի յուրօրինակ անվանումներով ու դրանց պատմությամբ: Ե՞րբ և ինչպե՞ս առաջացան «Բանգլադեշն» ու «Կոնգոն», «Բազումն» ու «Բոշի թաղը»: Վանաձորի թաղամասերի առեղծվածը «Ճամփորդի» հետ զրույցում բացահայտում է դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը:
– Տանձուտ գետի աջ ափին՝ «Բոշի թաղ» կոչվող տարածքն էր: Մինչ «Բոշի թաղ» կոչվելը, այնտեղ վարելահողեր էին, արևահայաց կողմն էր՝ գյուղի դիմացը: Այդ պատճառով էլ տարածքը կոչվեց «Դիմաց»: «Դիմաց» թաղամասում առաջին տունը կառուցած մարդու հետ բախտ եմ ունեցել հանդիպել:
Ասում էր՝ «Որ ես տունը կառուցում էի, բոլորն ասում էին՝ «գելերոց կլինես»: Գայլերը շատ էին, գիշերները հաճախ ոռնում էին: Բայց քանի որ մեր հողն էստեղ էր, տունն էստեղ կառուցեցինք»:
Հայ բոշաները գալիս այդտեղ վրաններ էին խփում: Հետագայում նրանք անցան նստակյաց կյանքի, տարածքի անունն էլ մնաց «Բոշի թաղ»: 1930-ականներին կոմսոմոլներն այնտեղ բազմաթիվ եղևնիներ տնկեցին. տարածքը կոչվեց «Культ Поход», մի հրաշալի այգի էր: Այդպես, Տանձուտ գետի աջ ափը՝ մինչև հին Աղայան փողոց, կոչվեց «Դիմաց» թաղամաս: Հիմա «Դիմացն» ընդգրկում է նաև «Բոշի թաղը»:
Մինչև սեփական տների կառուցումը «Դիմաց» թաղամասում (Ծատուրյան, Ավետիսյան թաղամասեր) զինվորական մասի տանկային զորամաս կար, այդտեղ էր տանկերի համար նախատեսված հրաձգարանը: Այնտեղ տուն կառուցողները դժվարանում էին փորել, որովհետև տանկերի գնալ-գալուց գրունտը շատ էր պնդացել: Անմարդաբնակ տեղ էր: Բայց 1960-ական թթ.-ից զարկ տրվեց տնաշինությանը: Պետությունը սկսեց վարկ տալ մարդկանց, որ սեփական տներ կառուցեն: «Դիմաց» թաղամասում 5-հարկանի շենքերի կառուցումը ստանձնեց Վրույր Մանուկյանի շինվարչությունը: Այն ժամանակ մենք պարծենում էինք, որ «Դիմաց» թաղամասն ավելի մեծ է, քան Դիլիջան քաղաքը:
Հեշտ ենք ասում՝ կառուցեց, բնակելի շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, կենցաղի տուն, կաթսայատուն: Այդ ամենը կառուցեց Վրույր Պետրովիչը: Հետագայում այստեղ կառուցվեց «Պոլիտեխնիկ» ինստիտուտի մասնաճյուղը՝ մի քանի մասնաշենքերով, Քիմիական տեխնիկումը, Շինարարական տեխնիկումը: Ի պատիվ այս հաստատությունների՝ փողոցը կոչվեց «Ուսանողական»: «Դիմաց» թաղամասի այգում՝ «Երիտասարդական այգու» շրջակայքում 1960-ականների հայրենադարձների համար 5-հարկանիներ կառուցվեցին: Մինչև հիմա ասում են եգիպտացիների շենք, պարսկահայերի շենք, կիպրոսցիների շենք:
70-ական թվականներին «Դիմաց» թաղամասի վերևում, որտեղ ավելի բարձր ու քամոտ է, կառուցվեց «Բազում» թաղամասը: Ուզում էին «Բազմաբերդ» դնել, բայց հետո նախապատվությունը տրվեց կարճ՝ «Բազում» տարբերակին: Մտածված էր այսպես՝ բարձրահարկ շենքեր, ներսում՝ 5-հարկանիներ, որ քամիներից պաշտպանված լինեն: Հիմա էլ Ալավերդուց գալիս, եթե նայենք «Բազում» թաղամասին, ասես լեռների արանքում կառուցված բերդ լինի: «Բազում» թաղամասում էլեկտրալամպերի գործարան կառուցվեց:
Ամբողջությամբ՝ champord.am