Երևանի մնջախաղի պետական թատրոնը հաջորդ տարվա մայիսին իր դռները կբացի Գևորգ Քոչարի, 21 հասցեում գտնվող նոր շենքում: Թատրոնն իր կենսագրության նոր փուլը կազդարարի «Պյեռոյի երազը» ներկայացմամբ, որը քնարական և կոմիկական տարրերով հագեցած բեմադրություն է և ժամանակակից խնդիրներ է արծարծում:
Թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը փետրվարի 27-ին լրագրողներին ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և Քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանը: «Այս տարվա մայիս ամսից մեկնարկում են թատրոնի շինարարական աշխատանքները, և դրանց ծավալը կավարտվի հաջորդ տարվա մայիսին: Այդ ժամանակ էլ կազդարարենք թատրոնի հանդիսավոր բացումը նոր շենքում, նոր տարածքում, նոր դահլիճում»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով` նախագծի արժեքը 260 մլն դրամ է, իհարկե, դեռ մրցույթ պետք է հայտարարվի, ծավալները պետք է ճշտվեն: «Այս տարի հաղթած շինարարական կազմակերպությանը կվճարվի 60 մլն դրամ, իսկ գումարի մյուս մասը կվճարվի հաջորդ տարվա սկզբին՝ պայմանով, որ մայիսին պետք է ավարտեն շինարարական բոլոր աշխատանքները»,-ասաց Ամիրյանը և հավելեց, որ հաջորդ տարվա բյուջեով պետք է լուծվի թատրոնի գույքի և լուսային տեխնիկայի հարցը:
Շենքը տարբեր սեփականատերեր ունի. առաջին երկու հարկերը մասնավոր են, սակայն ասես լքված լինեն: Ամիրյանը հույս հայտնեց, որ երբ թատրոնը սկսի գործել, մյուս հարկերի սեփականատերերը ուշադրություն կդարձնեն տարածքին և դրանք մշակութային նպատակի կծառայեցնեն:
Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ հաջորդ տարվա մայիսի 18-ին լրանում է թատրոնի 45-ամյակը, և պետք է փորձել հենց այդ օրը անել շենքի բացումը: «Ամեն մի առիթ, որը վերաբերում է այս տարածքին, շենքին, ինձ մեծ բավականություն է պատճառում, քանի որ մի քանի օրից լրանում է թատրոնում իմ պաշտոնավարման քսան տարին, և ասես հաշվետվություն լինի, որ այդ տարիների ընթացքում մենք եկանք հասանք այս կետին և, վերջապես, սեփական շենք կունենանք: Դա, բնականաբար, իրականություն դարձավ նախարար Արմեն Ամիրյանի և ՀՀ նախագահի շնորհիվ, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»,-շեշտեց Դադասյանը:
Գեղարվեստական ղեկավարը ճարտարապետների հետ մասնակցել է շենքի նաև ներսի հատվածի նախագծման աշխատանքներին: Թատրոնն իր ջերմ հարկի տակ կարող է ընդունել 120-130 հանդիսատեսի:
Մարտին Քյուրքչյանը շեշտեց, որ շենքը դասական կառուցվածք ունի, բայց հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով, կլինի շենքի արտաքին հատվածում տեղադրված լեդ-էկրան, որը կծառայի գովազդային նպատակով: «Այն հատվածում, որտեղ նախատեսվում է թատրոնի մուտքը, սակավաշարժ խմբերի համար վերելակ կտեղադրվի»,-շեշտեց նա:
Շենքի նախագծման աշխատանքներին ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչյա Պողոսյանը և այլք: