Գործարար-բարեգործ, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը թարգմանվել է հայերեն:
Արմեն Գասպարյանի գիրքը, որը մայիսի 22-ից հասանելի է հայ ընթերցողների համար, լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Բնագիրը ռուսերեն է: Գրքի հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի թարգմանությամբ և խմբագրությամբ:
«Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի հրատարակումից հետո հաջորդ բարերարը, որին անդրադառնում ենք, Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս իր ժամանակաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանցը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է բարեգործ-գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները: 20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։
Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, մյուս կողմից էլ՝ նախորդ դարում իրենց ուղին դժվարությամբ հարթած շատ հայեր դարասկզբին հասել էին իրենց բարձունքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր գործունեության ոլորտներում։
«Ահա մի այսպիսի հակասական ժամանակաշրջանի հերոսներ են նաև այս գրքում ներկայացված իրական կերպարները, որոնց կարողացավ գաղափարապես ու գործունեությամբ իր շուրջը համախմբել «Կովկասի արքան»։ Լինել «արքա» մի վայրում և մի ժամանակահատվածում, երբ ամենաբարձր տիտղոսը կայսրության փոխարքան է, թերևս անկարելի է։ Բայց ոչ Մանթաշյանցի համար… Քանի որ նրա հաղթանակի գրավականը ոչ թե փողն էր կամ անձնական երջանկությունը, այլ այդ նույն փողը ազգին, ազգային վեհ գաղափարներին ու նպատակներին ծառայեցնելը»,-նշում է գրքի թարգմանիչ և խմբագիր Դավիթ Սամվելյանը: