Դիաբետի դեմ գլիտազոնների ընտանիքի դեղամիջոցների մշտական ընդունումը մոտ 22 տոկոսով իջեցնում է ծերունական թուլամտության հավանականությունը։ Ամերիկացի հետազոտողների խմբի հոդվածն այս թեմայով՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Չժուո Ցզինի ղեկավարությամբ, հրապարակվել է BMJ Open Diabetes Research & Care ամսագրում։
Գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես են թուլամտության առաջացման հավանականության վրա ազդում տարբեր դեղերը, որոնք կիրառվում են բժշկական պրակտիկայում դիաբետով հիվանդների արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեմ պայքարի համար։
Հայտնի է, որ դիաբետով տառապող մարդիկ շատ ավելի հաճախ են տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ եւ ծերունական թուլամտության այլ տեսակներով, քան բնակչության այլ հատվածները։ Ուստի, դիաբետի դեմ պայքարը կարեւոր է հիշողության եւ բանականության պարզությունը պաշտպանելու նպատակով՝ պացիենտների այդ հատվածի համար։ Առաջնորդվելով այս գաղափարով՝ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են թուլամտության առաջացման հաճախակիության վրա ազդում դիաբետի դեմ օգտագործվող երեք հանրահայտ դեղերը՝ գլիտազոնները, սուլֆոնուրետիկները եւ մետֆորմինը։
Չժոու Ցզինը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են ամերիկյան Վետերանների առողջապահության ծառայության (VAHS) հավաքած տվյալները բազմամյա դիտարկումների ընթացքում. նրանք հետեւել են ավելի քան 559 հազար տարեց մարդկանց առողջությանը, որոնք երկրորդ տեսակի դիաբետ են ունեցել։
Նրանց բժշկական թերթիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր երեք դեղերի գործողության բնույթը թուլամտության հավանականության վրա զգալիորեն տարբերվել է։ Մասնավորապես, սուլֆոնուրետիկները 11 տոկոսով բարձրացրել են Ալցհեյմերի հիվանդության եւ ծերունական թուլամտության առաջացման ռիսկը, մինչդեռ գլիտազոններն այն նվազեցրել են մոտ 22 տոկոսով, ընդ որում՝ հատկապես խիստ պակասել է անոթային թուլամտության առաջացման հավանականությունը. այն նվազել է 57 տոկոսով։
Գիտնականները հայտնաբերել են նաեւ, որ գլիտազոնները հատկապես արդյունավետ են ազդել երկրորդ տեսակի դիաբետ ունեցող երիտասադրների, քան 75 եւ ավելի տարիքի տարեցների վրա։ Սա ընդգծում է թուլամտության վաղ կանխում մտցնելու անհրաժեշտությունը, ամփոփել են Չժոու Ցզինը եւ նրա գործընկերները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ալցհեյմերի հիվանդությունը եւ ծերունական թուլամտության այլ տեսակներն այսօր վերաբերում են մոտ 50 մլն մարդու ամբողջ աշխարհում, իսկ մինչեւ 2030թ. նրանց թիվը կարող է հասնել 75 միլիոնի։