Ինչպե՞ս 14-ամյա աղջիկը քաջության ու համառության շնորհիվ ոչ միայն փրկվեց ցեղասպանությունից, այլեւ իր պատմությունը ճանաչելի դարձրեց աշխարհին ու այդքան հավատարիմ մնաց իր հայ տեսակին․ «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը 1915 թ-ին ցեղասպանությունից մի կերպ մազապուրծ եղած դեռատի հայուհու՝ Արշալույս Մարտիկյանի մասին է։ Արշալույսը, որը ԱՄՆ-ում հայտնվելուց հետո ստանում է Ավրորա անունը, ականատես էր եղել իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնել էր գաղթի ճամփան, հայտնվել թուրքական հարեմի գերության մեջ եւ անցել անասելի արհավիրքներով։
Սակայն իր կամքի ուժի, խելամտության եւ անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվել է ողջ մնալ, եւ 1917թ-ին, Զորավար Անդրանիկի եւ «Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ, փրկություն գտնել ԱՄՆ-ում։
1919 թ-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի, որ աշխարհը իմանա հայերի կոտորածների մասին, իսկ ֆիլմի եկամուտների մեծ մասը կուղղվի հայ որբերի փրկության գործին։
Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ Ավրորային կամ Արշալույսին, մարմնավորել է 23-ամյա Անժելիկա Հակոբյանը։ Նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի է, դերասանական մեծ փորձ չունի, բայց մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իրեն վստահված դերին․
«Շատ ուրախ եմ, որ հենց ես եմ ստանձնել Ավրորայի դերը, որ ինձ է վստահվել նման լուրջ ու պատասխանատու աշխատանքը, եւ ես պատրաստակամորեն կատարել եմ իմ առջեւ դրված խնդիրները»,-երեկ՝ նոյեմբերի 3-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացած ֆիլմի ցուցադրությանը լրագրողների հետ զրույցում նշեց դերասանուհին։ Ավրորայի դերակատարը հավելեց, որ քասթինգին մասնակցել է ընկերների խորհրդով,-«Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ ես կընտրվեմ այս դերում, քանի որ կային թեկնածուներ, որոնք իրական Ավրորային ավելի նման էին, քան ես, բայց, երեւի, իմ խառնվածքի շնորհիվ հենց ինձ ընտրեցին։ Երբ իմացա, որ ֆիլմն անիմացիոն է, մտածեցի, որ աշխատանքը պետք է, որ ավելի հեշտ լինի, բայց իրականում պարզվեց՝ խնդիրն ավելի բարդ էր, քան պատկերացնում էի, քանի որ անիմացիայի դեպքում պետք է կրկնակի ցույց տաս էմոցիաներդ, եւ քանի որ ինքս դերասական փորձ ու կրթություն չունեի, սկզբնական շրջանում ինձ համար բարդ էր։ Հետո ռեժիսորի հետ աշխատանքի շնորհիվ կարողացա հաղթահարել այդ դժվարությունները»։
Ամբողջությամբ՝ style.news.am