Բժիշկները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտների համար հեղուկի մեջ տարբեր համային նյութերի հավելումը մեծացնում է ծխի թունավորությունը: Նրանք նշել են, որ ելակի համով լցոնն ամենավնասակարն է, ասված է հոդվածում, որը հրապարակվել է Tobacco Control ամսագրում:
«Էլեկտրոնային ծխախոտներում օգտագործվող համային հավելումներից շատերը անվտանգ են ճանաչվել սննդի մեջ օգտագործվելու համար, սակայն ոչ ոք չի հետաքրքրվել, թե դրանց հետ ինչ է տեղի ունենում այրման և թոքերով ներշնչելու պարագայում: Պարզվել է, որ ցանկացած լցոն կարող է թունավոր նյութեր առաջացնել և մենք կոչ ենք անում զգույշ լինել դրանք օգտագործելիս, մինչև որ ավելի լայնածավալ հետազոտություններ իրականացվեն», — հայտնել է Մացեյ Գոնևիչը (Maciej Goniewicz):
Վերջին երկու տարվա ընթացքում ծխողների շրջանում վեյպերների ժողովրդականության բուռն աճի շնորհիվ գիտնականները սկսել են ակտիվորեն հետաքրքրվել, թե արդյոք նման գոլորշիներն օգտակար հատկանիշեր ունեն, նշում են արտադրողները և որքանով են դրանք վտանգավոր առողջության համար, քան սովորական ծխախոտը:
Այդ հետազոտությունները հակասական արդյունքի են հանգել. ընդհանուր առմամբ ծխախոտի ծուխն ավելի վտանգավոր է ոչ միայն թոքերի այլ ամբողջ օրգանիզմի համար, սակայն էլեկտրոնային ծխախոտի գոլորշիները իրենց մեջ բազմաթիվ քաղցկեղածիններ և թունանյութեր են պարունակում, որոնք արտադրվում են շիկացած պարույրի վրա գոլորշիացող հեղուկի «այրման» արդյունքում: Բացի այդ, Կանադայում դպրոցականների շրջանում հարցումները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտը մարդկանց ավելի է գրավում դեպի նիկոտինը, ոչ թե հանդիսանում է ծխախոտի փոխարինող արդեն կայացած ծխողների համար:
Գոնևիչն ու իր գործընկերները լցոնների մի քանի ապրանքանիշ են ձեռք բերել, դրանք գոլորշիացրել են լաբորատոր «էլեկտրոնային ծխախոտում» և այդ ծխով մշակել են փորձանոթներում գտնվող բրոնխների մշակությունները: Հետևելով դրանց փոփոխությունների և բորբոքման տարբեր նշանների ի հայտ գալուն, քաղցկեղի զարգացմանը և այլ բացասական երևույթներին, բժիշկները գնահատել են համային հավելումներից յուրաքանչյուրի հատկանիշները:
Փորձարկումը ցույց է տվել, որ լցոններն ուժեղացրել են այն բացասական հետևանքները, որոնք ի հայտ էին եկել բջիջները էլեկտրոնային ծխախոտի «մաքուր» գոլորշիներով մշակման դեպքում, սակայն միաժամանակ դրանց ազդեցության ուժը զգալիորեն տարբերվել է: Զարմանալիորեն, բջիջներին ամենից քիչ վնասել է ծխախոտի հոտով հեղուկը, իսկ ամենից շատ` ելակի հոտովը: Մենթոլի, անանասի և սուրճի հոտով հեղուկներն այդ աղյուսակում միջանկյալ դիրք են գրավել:
Մյուս կողմից, նույնիսկ «ելակի» ծուխը զգալիորեն զիջել է սովորական ծխախոտի բացասական ազդեցությանը: Մասնավորապես, ծխախոտը սպանել է փորձանոթներում բջիջների մինչև 65 տոկոսը, մինչդեռ ելակի համով էլեկտրոնային ծխախոտները ոչնչացրել են բրոնխների բջիջների կեսից մի քիչ ավելին: