Ինչո՞ւ էին ԽՍՀՄ-ում կառուցում հիմնականում 5 և 9 հարկանի շենքեր
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ էին ԽՍՀՄ-ում կառուցում հիմնականում 5 և 9 հարկանի շենքեր

Թերևս նկատած կլինեք, որ խորհրդային ժամանակներում կառուցված շենքերի մեծ մասը 5 և 9 հարկանի են։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Կան տարբեր տեսակետներ, որոնցից ամենատարածվածը խնայելու ձգտումն է։ Բանն այն է, որ այն ժամանակ գործող շինարարական ստանդարտների համաձայն, եթե շենքը 6 և ավելի հարկեր ուներ, ապա այն պետք է անպայման վերելակ ունենար։

Իսկ 10 և ավելի հարկանի շենքերը պետք է ունենային 2 վերելակ (մարդատար և բեռնատար)։ Լրացուցիչ վերելակ տեղադրելը, բնականաբար, ծախսերի հետ էր կապված, և որոշում էր կայացվում ծախսից խուսափելու համար սահմանափակվել 5 կամ 9 հարկով։

Մյուս բացատրությունը կապված է անվտանգության, ավելի ճիշտ՝ հրդեհաշիջման հետ։ Հրշեջ մեքենայի մեխանիզացված աստիճանի առավելագույն երկարությունը, ըստ նորմատիվ փաստաթղթերի, 28 մետր է: Չնչին բացառություններով՝ 28-մետրանոց աստիճանը հասնում է հենց 9 հարկանի շենքի վերջին հարկի պատուհանին։

Ի դեպ, այս առումով նույնպես խնայողության հետ կապված շարժառիթներ կան. 10 և ավելի հարկեր ունեցող շենքերը պետք է ունենային նաև հակահրդեհային աստիճաններ՝ արտաքին պատերի վրա։

Նշենք, որ սրանք ոչ թե պաշտոնական հիմնավորումներ են, այլ մասնագետների կարծիքներ։ Իհարկե, կարելի է նաև հանդիպել 10 խորհրդային ժամանակներում կառուցված 10 հարկանի շենքեր, որոնք 1 վերելակ ունեն, սակայն դրանց թիվը քիչ է։