Սու-Ջոքը՝ մանրակերտ թերապիա
Կորեերենից՝ թարգմանաբար, “Սու” նշանակում է դաստակ, “Ջոք”՝ ոտնաթաթ։ Դաստակներն ու ոտնաթաթերը մարդու ողջ մարմնի մանրագծային զետեղումն են, որում կուտակված է մարդու օրգանիզմի վերաբերյալ ողջ ինֆորմացիան։ Ներազդելով որոշակի՝ այսպես կոչված ակտիվ կետերի վրա, որոնք գտնվում են ոտքերի ու ձեռքերի նշված հատվածներում և համապատասխանաբար պատասխանատու են յուրաքանչյուրը որոշակի մեկ օրգանի համար, կարելի է վերացնել հիվանդ օրգանի ցավը և ամենակարևորը՝ արագացնել այդ օրգանի ապաքինումը։ Եվ այսպիսով, ի՞նչ է իրենից ներկայացնում համեմատաբար նոր, բայց արդեն լավագույնս իրեն դրսևորած ու լայն տարածում ստացած “Սու-Ջոք” թերապիան։
Ի համալրումն ավանդական բժշկությանը
Ռեֆլեքսոթերապիան բժշկության ասպարեզում ամենահին մեթոդներից մեկն է, որն ունի գրեթե 4 հազ. տարվա պատմություն։ Այս թերապիայի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են` ասեղնաբուժությունը, կենսաբանական ակտիվ կետերի վրա ջերմությամբ և թույլ էլեկտրական հոսանքով ներազդումը արդեն վաղուց որդեգրված են բժիշկների կողմից, քանզի այս մեթոդների կիրառման համար հատուկ գիտելիքներ և արհեստավարժություն են պահանջվում։ Ահա թե ինչու կորեացի պրոֆեսոր Պաք Չժե Վուն նախանձախնդիր եղավ բժշկության այս մեթոդի յուրացման, մշակման և մատչելի կերպով մատուցելու գործին` նպատակ ունենալով յուրաքանչյուր ցանկացողի հասանելի դարձնել նման բժշկությունը։ Երկարատև կլինիկական փորձարկումներից հետո միայն, նա 1987 թ., աշխարհին ներկայացրեց “Սու-Ջոք” բժշկական թերապիան, որի հիմքում ընկած էին կորեական, չինական և տիբեթյան ժողովրդական բժշկության գիտելիքները, մանուալ թերապիայի մեթոդիկան, ինչպես նաև` էզոթերիկ և օկկուլտ նվիրական գիտությունները։ Եվ այս ամենը զուգորդված է ժամանակակից ասեղնաբուժական մեթոդների հետ։”Սու-Ջոք”-ի մեթոդի բուն էությունը պարզ և հասանելի է։ Պաք Չժե Վուն նկատեց, որ օրգանիզմի որևէ մի հատվածում պաթոլոգիկ գործընթաց սկսվելու պարագայում դաստակի և ոտնաթաթի համապատասխան կետերում գերզգայունության, նույնիսկ ցավագին վիճակ է առաջանում։ Կիրառելով հակառակ կապի սկզբունքը` գիտնականը կարողացավ ցավոտ կետերի միջոցով պարզել, թե որ օրգանն է հիվանդ և մեխանիկական ներգործությամբ ազդելով այդ կետերի վրա` կանխել սկսվող հիվանդությունը կամ էլ թուլացնել այդ հիվանդության ախտանշանները։ Այս ներգործության մեթոդը ընդամենը խթանում է օրգանիզմի ինքնաբուժման գործընթացը։ Նշված թերապիայի միջոցով քրոնիկ հիվանդությունների դեպքում կամ, ասենք, սուր ցավային համախտանիշի պարագայում կարելի է առանց որևէ դեղամիջոցի մեղմել վիճակը։ Մինչև բժշկին “հասնելը” սա կլինի լավագույն առաջին բուժօգնությունը։ Դեռ ավելին, ոչ դեղորայքային բուժման մեթոդները օգտագործվում են ի համալրումն դեղամիջոցներով բուժման սկզբունքին։ Համակցված բուժումը առավել քան արդյունավետ է։ Հարկ է հիշել, որ “Սու-Ջոք”-ը ստեղծվել է ոչ թե որպես ավանդական բժշկությանը փոխարինող մեթոդ, այլ որպես օգնող և համալրող։
Այդուհանդերձ ինչպե՞ս կարելի է ճշգրտորեն որոշել ներազդման համապատասխան կետերը։
Ներազդելու գոտու որոշումը՝ ըստ նմանակերպության
Պարզե՛ք ձեռքերն ափերն ի վեր… Համապատասխանությունները հետևյալ կերպ են դրսևորում իրենց:
– Երկու ձեռքերի բութ մատները համապատասխանում են գլխին,
– աջ ձեռքի ցուցամատը և ձախի ճկույթը “պատասխանատու” են աջ ձեռքի առողջության համար,
– ձախ ձեռքի ցուցամատը և աջի ճկույթը՝ աջ ձեռքի համար,
– աջ ձեռքի միջնամատը և ձախի մատնեմատը հարաբերակցվում են ձախ ոտքի հետ,
– աջի մատնեմատը և ձախի միջինը` համապատասխանաբար ձախ ոտքին,
– բութ մատների ստորոտի դմփիկները համապատասխանում են կրծքավանդակին, ափերը` որովայնին,
– բութ մատի վերին հոդահատվածը պատասխանատու է գլխի համար, ստորինը՝ պարանոցի,
– ճկույթների և ցուցամատերի եղունգային հոդահատվածները պատասխանատու են դաստակների համար,
– նույն մատների միջին հոդահատվածները կապված են նախաբազուկների հետ, իսկ ստորին հոդահատվածները` ուսերի։ Նույն պատկերն ունենք նաև միջին և մատանու մատի հոդամասերի հետ կապված. առաջին հոդահատվածը համապատասխանում է ոտնաթաթերին, երկրորդ հոդահատվածը` սրունքներին, ստորինը` կոնքին։ Նույն պատկերն առկա է նաև ոտնաթաթի պարագայում:
Բերենք մեկ օրինակ. գլխացավ ունեք։ Բութ մատների վերին հոդամասերում լուցկու, մատիտի կամ որևէ փայտիկի ծայրով գտե ՛ք ձեր ցավային կետերը։ Քունքային գոտուն համապատասխանում են տվյալ հոդամասի երկու կողային հատվածները, դիմային գոտուն` բարձիկները։ Եվ համապատասխանաբար, տվյալ կետերին ներազդելով, կարելի է թեթևացնել ցավային համախտանիշը։ Սակայն ճիշտ կետեր գտնելը հաջողության մի մասն է, քանզի շատ կարևոր է նաև այդ կետերին ճիշտ ներազդելու եղանակին տիրապետելը։
Սերմերի դարմանող ուժը
“Սու-Ջոք” թերապիան օգտվում է տարբեր գործիքներից, որոնցից են` հատուկ էլաստիկ օղակները, ախտանշող փայտիկները, մետաղական կամ մագնիսացված աստղիկները, որոնք կարելի է ձեռք բերել “Սու-Ջոք” թերապիայի դեղատներից։ Մասնագետները օգտագործում են նաև լազերներ, ասեղներ, այրող սիգարներ։ Անհրաժեշտության դեպքում` առաջին բուժօգնություն ցուցաբերելիս, կարելի է գործի դնել ձեռքիտակ ունեցածը` մատիտ, լուցկու հատիկ կամ փայտիկ։
Այս առարկաներով ինտենսիվ տրորում են ցավոտ մակերեսը, այնուհետև նրա վրա կպչուն ժապավենով ամրացնում սերմը, որը “Սու-Ջոք” թերապիայի անբաժան տարրերից մեկն է։ Սերմերի մեջ խտացած է հիրավի կախարդական մի էներգիա, որը բուսականությանը կենսական ուժ է հաղորդում։ Ի թիվս մյուս միջոցների հենց այդ կենսուժն էլ անհրաժեշտ է օգտագործել ի բարօրություն մարդկային օրգանիզմի` ներառելով բուժման ցանկի մեջ։ Սերմերը համապատասխանեցնում են արդեն իսկ նշված “պատասխանատու” գոտիներին և, երկուստեք շփում ստեղծելով միմյանց միջև, նպաստում են էներգետիկ կենսուժի վերականգնմանը։ Այս եղանակով հասնում են ցավային գործոնի մեղմացմանը կամ նրա ամբողջովին վերացմանը։
Սերմերը ցավային գոտիներին ամրացնում են մի քանի ժամով (ընդհուպ մինչև 24 ժամ )։ Անհրաժեշտության դեպքում հնացած սերմերը փոխարինվում են նորերով։ Եթե սերմը ճաքել է, սևացել, փափկել կամ կնճռոտել, կնշանակի` այն արդեն թողել է իր ներգործությունը և պիտանի չէ։
“Սու-Ջոք” թերապիայի համար օգտագործում են միայն ընտրված սերմերը. թերհասները և տձևները պիտանի չեն։ Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև այն պտուղների սերմերը, որոնք բուժվողի մոտ ալերգիկ հակազդեցություն են առաջացնում։
Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում և սուր հիվանդությունների ժամանակ ճիշտ է կիրառել ծլած սերմը, իսկ ցավային կծկումների պարագայում առավել համապատասխան են ընդեղենի սերմերը։ Ներքին օրգանների հիվանդությունների բուժման դեպքում ընտրում են այնպիսի սերմեր, որոնց ձևը նման է այդ օրգանի կառուցվածքին։ Օրինակ` աչքի կամ կրծքագեղձի հիվանդության պարագայում գործածում են ոլոռ, երիկամների և ստամոքսի հիվանդությունների ժամանակ` լոբի, սրտային ցավերի դեպքում` հնդկացորեն, իսկ ենթաստամոքսային գեղձի վրա ավելի լավ է ներազդել խաղողի կորիզներով։ Որոշ սերմեր հարուստ են յուղահյութային պարունակությամբ (կտավատի սերմ), և դրանցով արդյունավետ են բուժվում այն բորբոքային հիվանդությունները, որոնք ուղեկցվում են առատ լորձարտադրությամբ` ռինիտ, գաստրիտ, բրոնխիտ։
Սերմերն օժտված են նույն հատկանիշներով, որոնք բնորոշ են նրանց իսկ համապատասխանող բույսերին։ Օրինակ. մաղադանոսի, ձմերուկի, սեխի սերմերը օժտված են հակաբորբոքային և միզամուղ հատկություններով, իսկ թխկենու և հապալասի սերմերը լորձաթաղանթի վրա ամրացնող ներգործություն են ունենում։ Բթամատներին ամրացված ալոճի սերմը հանգեցնում է ընդհանուր նյարդային համակարգի հանդարտեցմանը, իսկ կիտրոնապտղի սերմը բարձրացնում է աշխատունակությունը, հանում հոգնածության զգացողությունը։
Գույնի և համի գործոնը
Կծվահամ կարմիր սերմերը (օրինակ` պղպեղի) կանոնավորում են սրտի, բարակ աղիքի, արյունատար անոթների գործունեությունը։ Այս նույն սերմերը անփոխարինելի են նաև քիթ-կոկորդային վարակների, բրոնխիալ ասթմայի և կոտրվածքների բուժման ժամանակ։ Թարմացնող համով նարնջագույն սերմերը (օրինակ` ոլոռի) նպաստում են վերքերի ապաքինմանը, ամրապնդում իմունային համակարգը, նաև ներգործում որպես հանգստացնող, հակադեպրեսանտ միջոց։
Քաղցրահամ դեղին սերմերը (օրինակ` եգիպտացորենի) խթանում են մարսողական համակարգի աշխատանքը, քայքայում լեղապարկի և երիկամի քարերը, բարելավում ավշահոսքը։ Նրանք կիրառելի են նաև օստեոխոնդրոզի բուժման դեպքում։
Տտիպ-դառնահամ շագանակագույն սերմերը խորհուրդ է տրվում օգտագործել թոքերի, հաստ աղիքի և լորձաթաղանթի հիվանդություններիժամանակ։
Թթվահամ կանաչ սերմերը (օրինակ` շամամի) բարելավում են լյարդի, լեղապարկի աշխատանքը, նաև հանգստացնում հոդամկանային ցավերը։ Այս սերմերի միջոցով կարելի է մեղմել այտուցները և ճարպային կուտակումները, բուժել առատ քրտնարտադրությունն ու փորկապությունը։
Աղի համ ունեցող սև սերմերը (օրինակ` հնդկաձավարի) մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում ամրացնում են դաստակին։ Վերջիններիս միջոցով բուժում են նաև երիկամների և միզապարկի հիվանդությունները, մեղմացնում ատամնացավը։ Այս նույն սերմերը նաև նպաստում են նիհարելուն,քանի որ նվազեցնում են ախորժակը։
Ո՞ր դեպքերում են կիրառում “Սու-Ջոք” թերապիան
Այս թերապիայի կիրառման ոլորտը բավականին լայն է։ Այն օգտագործվում է և՛ որպես ինքնուրույն բուժում, և՛ մյուս թերապիաների հետ զուգորդաբար, ընդ որում “խթանման” գործընթացը կարող է կատարվել ինչպես բժշկի, այնպես էլ բուժվողի կողմից։
“Սու-Ջոք” թերապիան կիրառում են մարսողական, շնչառական և արյունատար համակարգերի խաթարված աշխատանքի կանոնավորման համար։ Այն շատ արդյունավետ է կակազման բուժման պարագայում, հոգնածության դեպքում` բարելավելով օրգանիզմիհարմարվողականության կարողությունները։ Շտապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում` հիշողության կորուստ, ցնցումներ, ցավ սրտի շրջանում և այլն, նշված մեթոդն անփոխարինելի է։
“Սու-Ջոք” թերապիայի օգնությամբ կարելի է ներազդել մարմնի յուրաքանչյուր հատվածի, յուրաքանչյուր օրգանի և նույնիսկ ամենաանհասանելի հոդի վրա։ Այս մեթոդի յուրացումը հասանելի է բոլորին, իսկ ոչ ճիշտ կիրառման դեպքում ոչ մի վնաս չի հասցվի օրգանիզմին. այն պարզապես կլինի ապարդյուն։ “Սու-Ջոք” թերապիան կարելի է կիրառել ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում, կամ, ասենք, ճանապարհորդության ժամանակ։Այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս կարգի բուժման համար, մարդու ձեռքն է և գիտելիքները։
Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում և սուր հիվանդությունների ժամանակ ճիշտ է կիրառել ծլած սերմը, իսկ ցավային կծկումների պարագայում առավել համապատասխան են ընդեղենի սերմերը։ Ներքին օրգանների հիվանդությունների բուժման դեպքում ընտրում են այնպիսի սերմեր, որոնց ձևը նման է այդ օրգանի կառուցվածքին։