Դպրոցահասակ երեխաների շրջանում ագրեսիվ դրսևորումների, բռնության դեպքերի, ֆիզիկական կռիվներին մասնակցության թվաքանակով հայաստանյան ցուցանիշները միջազգային համեմատությամբ բարձր են:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը անհրաժեշտություն է համարում Հայաստանում դպրոցական ագրեսիայի դրսևորման, բռնարարքների թվի նվազեցմանն ուղղված ծրագիր մշակել:
«Դպրոցական ագրեսիան, բռնությունը անդրադառնում է երեխաների, դեռահասների հոգեկան առողջության վրա՝ ի հայտ բերելով բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք ժամանակին չբացահայտվելով և չհաղթահարվելով, չափահաս տարիքում կարող են առավել լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Ուստի, դպրոցներում ագրեսիայի կանխարգելման միջոցառումների կազմակերպումը, մանկավարժների և հոգեբանների համատեղ աշխատանքը, բռնության դեպքերի ամբողջական և համակողմանի վերլուծությունը մեծ կարևորություն ունեցող հիմնահարց է»,– նշում են կենտրոնից, հավելելով, որ այս ոլորտում հոգեբանական ծառայությունների կենտրոնի գործունեության 12 տարիների ընթացքում հսկայական փորձ է հավաքվել՝ նմանատիպ հայտերով երեխաների և դեռահասների հետ հոգեբանական խորհրդատվության, նրանց ծնողների հետ զրույցների, մանկավարժների հետ վերապատրաստման ծրագրերի, դպրոցներում տարբեր միջոցառումների և ակցիաների արդյունքում։
Մեկ այլ կարևոր խնդիր, որ բարձրացնում է հոգեբանական կենտրոնը, դա դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն է, քանի որ միայն մասնագիտության ճիշտ և գիտակցված ընտրության արդյունքում է հնարավոր մասնագիտական զգալի նվաճումներ ձեռք բերել, ինչպես նաև աշխատավայրում ունենալ լիարժեքության, բավարարվածության և ներդաշնակության զգացում:
«Կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն՝ նշանակում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որն առավելագույնս համապատասխանում է սեփական ընդունակություններին, հետաքրքրություններին և անձնային առանձնահատկություններին: Ի հավելումն այդ ամենին՝ պետք է հաշվի առնել տվյալ մասնագիտության պահանջարկն ու առաջխաղացման, ինքնակատարելագործման հնարավորությունները: Ցավոք, դեռահասները չունեն բավարար փորձ և գիտելիքներ տարբեր մասնագիտությունների մասին, որպեսզի կարողանան անսխալ որոշում կայացնեն»,- տեղեկացնում են հոգեբանական կենտրոնից՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում կենտրոնի մասնագիտական կողմնորոշման ծառայությանը դիմած դեռահասների մեծ թիվը վկայում է, որ կարիք կա դպրոցների հետ համատեղ իրականացնելու մասնագիտական կողմնորոշմանը նպաստող տարբեր ընդգրկուն ծրագրեր։