Մեծ Բրիտանիայում բնակիչների 80 տոկոսի սիրտը մյուս օրգաններից ավելի շուտ է ծերանում, հայտնել են Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտողները։
Ծերացման պատճառը մարմնի ավելորդ քաշն է ու քիչ շարժվելը։ Առավել կրիտիկական դեպքերում մարդիկ 45 տարեկանում ունեցել են այնպիսի սիրտ, որը պետք է ունենային մոտ 60 տարեկանում։
Շուտ ծերացող սիրտը խոցելի է զանազան հիվանդությունների նկատմամբ, բացի դրանից կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ։ Գիտնականների հետազոտությունը շատ կարեւոր է այն առումով, որ Միացյալ Թագավորությունում մեծահասակ բնակչության երկու երրորդը ավելորդ քաշի խնդիր ունի կամ էլ ճարպակալում։ Դա եվրոպական երկրների վատագույն ցուցանիշն է։
40 տարեկանից փոքր բրիտանացիների 89 տոկոսն ունի ժամանակից շուտ ծերացած օրգաններ։ Իսկ բրիտանուհիների 41 տոկոսը նույն խնդիրն ունի։ Կանանց բախտն այս հարցում ավելի շատ է բերել, քանի որ նրանք ավելի ուշադիր են իրենց առողջության ու քաշի նկատմամբ, բացատրում են մասնագետները։
Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչն ունի սիրտ, որի տարիքը 10 տարով գերազանցում է մարմնի մյուս օրգանների տարիքը։ Յուրաքանչյուր 14-րդի մոտ այդ խզումը կազմում է 15 տարի։ Հետազոտողները հայտնում են, որ զարգացած պետություններում շաը տարածված են արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումը, հիպերտոնիան ու շաքարախտը, իսկ այդ խնդիրները կարող են մահացու վտանգավոր սրտային հիվանդությունների պատճառ դառնալ։