Եթե ամեն օր ներսումդ թիթեռնիկներ չեն ճախրում, ուրեմն կամ բավականաչափ ուշադրություն չես դարձնում շրջապատին, կամ ռիսկի չես գնում, չես փորձում սահմաններից դուրս մտածել ու գործել: Կյանքում պետք է լինեն վայրիվերումներ, ներսում ճախրող թիթեռնիկներ, կտրուկ շրջադարձեր, փորձարկումներ: Սա «Նեստ Լաբս» ընկերության հիմնադիր և iPod-ի ստեղծողն է Թոնի Ֆադելի մտքերն են: ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2017 թվականի դափնեկիրը Երևանում հանդես եկավ հանրային դասախոսությամբ ու շուրջ 1.5 ժամ պատասխանեց ամենատարբեր հարցերի: «Արմենպրես»-ը ներկայացնում է դասախոսության ժամանակ հնչած առավել ուշագրավ հարցերն ու Թոնի Ֆադելի տված նույնքան ուշագրավ պատասխանները:
Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը, որ հանրությանը հայտնի չէ
Այն կապված է առաջնորդության հետ: Երկար տարիներ ես զբաղված եմ եղել կադրերի հավաքագրմամբ ու հիմնական դասը, որ քաղել եմ այն էր`մարդիկ գործում են ինքնակարգադրված սահմաններում, իրենք են իրենց համար այդ սահմանները գծում: Դրանք վախեր են: Ամենակարևոր բանը, որ կարող ես անել` նրանց դրդելն է դուրս գալ այդ շրջանակից, դա նրանց ոչ հարմարավետ վիճակի մեջ կգցի, բայց եթե կարողանաս դա անել, մի քանի տարի հետո կվերադառնան ու կասեն անհավատալի բան արեցիր ինձ համար, ես կարողացա սեփական սահմանները հաղթահարել:
Հիմա երբ ունեմ երեխաներ, զուգահեռ եմ անցկացում, որ նույնն անում ես երեխայի հետ: Նրան թողնում ես, որպեսզի վտանգներին առճակատվի, դրանք հաղթահարելով կայանա: Դա է մնայունը, դա է արժեքավորը, տեխնոլոգիաները գալիս ու գնում են, բայց այդ տեսակ հատկություններով մարդիկ մնայուն են:
Ինչո՞ւ դուրս եկաք «Apple»-ից
Ես հանդիպեցի կնոջս Apple-ում, ամուսնացանք, ունեցանք երեխաներ: Այդ ժամանակ երկուսս էլ աշխատում էինք այնտեղ ու մեր երեխաներից մեկը կես, մյուսը 1.5 տարեկան էր: Մի օր ես ու կինս աշխատանքից տուն եկանք, մեր որդին շատ անհանգիստ էր, փոխանակ այդ վիճակում վազեր ինձ մոտ կամ մայրիկի, նա գերադասեց դայակին: Որպես ծնողներ ու առաջին հերթին կնոջս սիրտը կոտրեց:
Մնալով Apple-ում` կարող էինք տոննաներով նոր հաջողություններ գրանցել, բայց ես ու կինս հասկացանք, որ երեխաների հետ չանցկացրած տարիները հետ չենք բերի, մենք որոշեցինք դուրս գալ ու շատ ժամանակ անցկացնել մեր երեխաների հետ:
Ինչպե՞ս եք հղանում տարբեր գաղափարներ, գյուտի հեղինակ դառնում
Ես ուշադրություն եմ դարձնում մանրամասներին, ու քննադատաբար մոտենում դրանց ու նկատում խնդիրները: Նպատակն այդ խնդիրները լուծելն է: Վերցնենք iPod-ը, ես դիջեյ էի, բազմաթիվ սկավառակներ էի հետս քարշ տալիս ու ստեղծեցի այն: Nest-ի դեպքում էլ չէի գտնում իմ սրտով թերմոստատ, դրա համար նախագծեցի ու սարքեցի իմ պատկերացրած թերմոստատը: Մեզ շրջապատող աշխարհը լի է բազմաթիվ խնդիրներով, պետք է պարզապես դիտարկել մեր շուրջը և օգտագործելով մեր հմտություններն ու տեխնոլոգիաները, լուծել այդ խնդիրները: Այստեղ ներկաներից յուրաքանչյուրն ի զորու է դա անել, պետք է պարզապես փնտրեք խնդիրները ձեզ շրջապատող աշխարհում և իմանաք, որ դրանք լուծելի են, ստիպված չեք համակերպվել դրանց հետ:
Այս աշխարհը այլմոլորակայինները չեն ստեղծել, այլ մարդիկ, ուստի կարելի է ուսումնասիրել, թե այլ մարդիկ դրա կառուցման մեջ ինչ գաղափարներ են դրել: Կարդալով ու սովորելով, լինելով հետաքրքրասեր, ընդ որում` ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, այլ այնպիսի բաների, որոնք կարող են այս ոլորտի հետ կապ չունենալ: Ես միշտ զարմանում եմ, թե կենսաբանության մեջ ինչքան ՏՏ կա և հակառակը: Այդ ճանապարհով է, որ կարող եք զարգացնել ձեր մեջ նոր բան ստեղծելու կարողությունը:
Կարևոր է նաև ընկերական ցանցով ձեզ շրջապատելը, ցանկալի է, որ նրանք ձեր մասնագիտական ոլորտից չլինեն, այդ կերպ`կկարողանաք իրար հետ փոխանակել ձեր կենսափորձն ու իրարից սովորել:
Ժամանակի կառավարման մասին. ինչպե՞ս են անցնում Ձեր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը
Ամեն առավոտ 1-2 ժամ մարզվում եմ: Այդ մարզանքը առանց երաժշտության է, այն շարժական մեդիտացիայի է նման: Մարզվում եմ ու ընթացքում մտածում երեկվա, այսօր սպասվող օրվա մասին, ու այդ մեդիտացիայի արդյունքում ծնվում են նոր գաղափարներ: Աշխատանքային օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ անցկացնում գրասենյակում և այնտեղից դուրս: Կա մի բան, որ միշտ արել եմ ու անում եմ` մանուկ հասակից սկսած` ահռելի ծավալի տեղեկատվություն եմ յուրացնում` կյանքի, տեխնոլոգիաների, հասարակության մասին, միշտ ցանկացել եմ իմանալ ու սովորել ավելին: Ու նաև Հայաստանում եմ այդ պատճառով, որ ծանոթանամ ու ավելին իմանամ ձեր երկրի մասին:
Նաև փորձում եմ հաճույք ստանալ կյանքից, հեծանվասպորտով եմ զբաղվում, համերգների եմ գնում, ընկերական միջավայրում եմ ժամանակ անցկացնում, ոչ թե արձակուրդ եմ գնում, այլ տարբեր կենսափորձեր եմ ձեռք բերում: Աշխատանքն էլ ինձ համար հաճույքի աղբյուր է, թթվածին է ուղեղիս համար: Ու կտականապես բացառում եմ սոցիալական ցանցերը:
Կրթության մասին
15 տարում 12 կրթական հաստատությունում եմ սովորել: Մի ակնկալեք, որ ձեր դպրոցը` միջնակարգ, տարրական, կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը, ձեզ տալու է կյանքում անհրաժեշտ բանալիները: Չեմ ասում դպրոցը վատ բան է, այն լավ բան է, բայց ինչ-որ բանի համատեքստում, իսկ մարդիկ սովորում են փորձի միջոցով: Իմ դեպքում առաջին ստարտափն ունեցա, երբ ավագ դասարանում էի սովորում: Առաջին միկրոպրոցեսորը նախագծել եմ էլեկտրոնիկայի առաջին դասընթացից առաջ: Փորձելով, ձախողվելով միայն կարելի է սովորել: Ես անելու արդյունքում իմացա, թե ինձ ինչ է պետք սովորել, հետո միայն գնացի սովորելու: Այդ տրամաբանությամբ ես հասկանում էի իմ թերությունները, հետո արդեն քայլեր անում դրանք ուղղելու ուղղությամբ: Պետք է սովորել անելով, դուք ինքներդ պետք է լինեք ձեր ուսումնական ծրագրի հեղինակը: Կարող եք սովորել մարդկանց հետ խոսելով, ձեր հարցերի պատասխանները երբեմն գտնելու եք ոչ թե գրքերում, այլ կյանքի այլ իրավիճակներում` թանգարաններ կամ գիտական կենտրոններ այցելելով, ինքներդ ձեր կրթությունն ուղղորդելով:
Ինչպիսի՞ն է լինելու ապագայի մարդը, արդյոք նա մրցակցելու է արհեստական բանականությամբ աշխատող սարքերի հետ
Այս հարցն ուրիշ մարդիկ ինձ այսօր արդեն տվել են: Կարծում եմ` մեքենաները, արհեստական բանականությամբ սարքերը մեծագույն հզորություն պարունակող տեխնոլոգիաներ են: Եթե նայենք շախմատի չեմպիոններին, ապա Գարի Կասպարովը մոտ 20 տարի առաջ պարտության մատնվեց Deep Blue գերհամակարգչի կողմից: Այդ ժամանակ ասացին` շախմատը վախճանվեց, էլ ոչ ոք չի խաղալու, մեքենան մարդուն հաղթում է: Այսօր, սակայն, շախմատի լավագույն գրոսմայստերները պարտության են մատնում գերհամակարգիչներին, մարդիկ միևնույն ժամանակ օգտագործում են համակարգչային ծրագրերը, որպեսզի մարզվեն: Այսօր շախմատն աշխարհում ավելի քան երբևէ տարածված է, մեծ թվով խաղացողներ կան: Այս գործիքների օգտագործմամբ` մենք և մեքենաները կարող ենք համատեղ զարգացում ունենալ: Բայց կա նաև հնարավոր բացասական կողմը, որովհետև մարդիկ կարող են դուրս մղվել տեխնոլոգիաների պատճառով տնտեսական գործունեության տարբեր ոլորտներից: Ուստի տեխնոլոգիան պետք է դպրոցներում սովորողների համար օգնող գործիք լինի, տեխնոլոգիաների միջոցով ավելի շատ բանի հասնել` միևնույն ժամանակ այնպես անել, որ մարդկանց համար աշխատատեղերը չվերանան: Տեխնոլոգիան ժամանակին այդպիսի ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության մեջ, այսինքն` մարդիկ պետք է սովորեն այն օգտագործել ավելի լավը դառնալու համար:
Որո՞նք են ձեզ առաջնորդող երեք հիմնական արժեքները, որ տարածում եք ձեր կողմից ղեկավարվող թիմերում
Առաջինը, որ մարդն ու հասարակությունը պետք է զուգահեռաբար բարելավվեն: Ինձ շատ է բարկացնում, երբ ընթրիքի սեղանի շուրջ ենք նստած, ու մարդիկ հեռախոսը ձեռքից ցած չեն դնում: Դա կարող է ունենալ կողմնակի հետևանքներ ու լրջագույն խնդիրներ:
Երկրորդը` պետք է միշտ քայլեր ձեռնարկել, որ մայր մոլորակի վիճակը, եթե չբարելավել, ապա գոնե չվատթարացնել, այլ պահել այնպիսին, ինչպիսին կա: Միշտ գտնես միջոց, որ սոցիալական ու ֆիզիկական միջավայրն առնվազն պահպանվի, եթե չես կարողանում այն զարգացնել:
Երրորդը` փորձել չանել մի բան, եթե քեզ հայտնի է կամ կարող ես կանխատեսել, որ այն մարդկանց իրարից առանձնացնելու է` կլինի տեխնոլոգիա, հաղորդակցություն, ինչպես օրինակ, սուտ լուրերի տարածումը:
Ինչպե՞ս դուրս գալ հարմարավետության դաշտից
Որպես ձեռնարկատեր ու որպես անձ, երբ ամեն օր ներսումդ թիթեռնիկներ չեն ճախրում, ուրեմն կամ բավականաչափ ուշադրություն չես դարձնում շրջապատին, կամ ռիսկի չես գնում, չես փորձում սահմաններից դուրս գործել: Կյանքում պետք է լինեն վայրիվերումներ, թիթեռնիկներ, կտրուկ շրջադարձեր, պետք է լինեն փորձարկումներ: Այդպիսին է նաև էվոլյուցիան, եթե չես սովորում նոր բան, կամ առաջ չես շարժվում, կամ մահանում ես: Այնպես որ ընտրությունը ձեր ձեռքում է:
Այս պահին այստեղ կանգնած էլ բազմաթիվ բաներով եմ ես անհանգստացա, որը թույլ է տալիս խուսափել բթացումից, միայն այդ կերպ է, որ կարող ես քեզ պատրաստել աճի համար:
Հետաքրքիր բանախոս լինելու հմտության մասին
Պետք է ասեմ, որ ավագ դպրոցում, երբ նույնիսկ 20 հոգու առջև էի ելույթ ունենում, խորը վախ էի ապրում: Դա փոխելու համար` պարապել, պարապել, պարապել: Ես նաև ունեի մենթոր: Ճշմարտությունն ասեմ ձեզ, Սթիվ Ջոբսի մոտ շնորհանդեսները (պրեզենտացիա)շատ լավ էին ստացվում, քանի որ նա ուներ մենթոր, ով նրան սովորեցնում էր` ինչպես դա անել: Նախագծելիս, քայլերիս, խոսելիս պետք է ընկնես, վեր կենաս, պետք է փորձես սովորել, պետք է նաև մարդկանց օգնությունը ստանաս, կյանքում միայն այդպես կարող ես առաջ գնալ: