Եթե դուք ունեք հետաքրքիր բիզնես նախագիծ, սակայն գումարը չի բավարարում, օգնության կհասնի crowdfunding-ը, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «ֆինանսավորում ամբոխի կողմից»։
Crowdfunding–-ը գումար հայթհայթելու ինքնատիպ ձև է, այն իրականացվում է համացանցով` կամավոր նվիրատվությունների միջոցով։ Այն մարդկանց կոլեկտիվ համագործակցություն է մեկ այլ մարդկանց ջանքերին աջակցելու համար։ Crowdfunding-ում մասնակցության և վարձատրության ձևերը կարող են տարբեր լինել, սակայն գլխավորն այն է, որ այս գործընթացում մասնակցում են մեծ թվով մարդիկ` աջակցելով նախագծերի, որոնց կազմակերպիչները պատասխանատվություն են ստանձնում կյանքի կոչել սեփական գաղափարները։ Ֆինանսավորման այս տեսակը լայնորեն օգտագործվում է բազմաթիվ երկրներում և իրականացվում է հատուկ ինտերնետային հարթակներում։
Ինչի՞ համար է անհրաժեշտ crowdfunding-ը
Crowdfunding-ի նպատակները տարբեր են։ Այն կարող է նախատեսել տարբեր բիզնես նախագծերի, օրինակ` սթարթափերի, փոքր ձեռներեցության, նորարար նախագծերի, ինչպես նաև մարդասիրական և սոցիալական ուղղվածության միջոցառումների (աղետից տուժածներին, ծանր հիվանդություններից տառապող մարդկանց ցուցաբերվող օգնություն և այլն) ֆինանսական աջակցություն։
Crowdfunding-ի ձևաչափում դրամահավաքի ժամանակ պարտադիր պետք է ներկայացված լինի նպատակը, անհրաժեշտ գումարը, բոլոր ծախսերը, իսկ դրամահավաքի ընթացքի մասին տեղեկատվությունը պետք է թափանցիկ լինի։ Crowdfunding-ը կարող է ենթադրել նաև ներդրողների լայն շրջանակին ձեռնարկության փոքր մասնաբաժինների վաճառք` ընկերության ֆինանսավորման նպատակով։ Crowdfunding-ի այս տեսակը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում, որտեղ 2012 թ.-ից գործում է օրենք, որը թույլ է տալիս սթարթափ ընկերություններին հավաքել մինչև 1 մլն դոլար` առանց փաստաթղթերի ներկայացման և բաժնետոմսերի վաճառքի համար գրանցման։
Crowdfunding-ի տեսակները
Այսօրվա դրությամբ գոյություն ունեն crowdfunding-ի հետևյալ տեսակները
- Պարգևատրում ֆինանսավորման դիմաց-քրաուդֆանդինգի տարածված տեսակներից մեկը, որտեղ նախագծում որոշակի գումար ներդրած յուրաքանչյուր մասնակից պարգևատրման է հավակնում: Օրինակ, նա առաջինը կարող է ստանալ ապրանք կամ ծառայություն, որի արտադրության համար գումար է ներդրել: Պարգևատրման դիմաց քրաուդֆանդինգի սեգմենտում աշխատող ամենահայտնի միջազգային հարթակները Kickstarter-ը և Indiegogo-ն են
- Վերջին ժամանակներում տարածում է գտնում Peer-to-Peer վարկավորումը: Դրա էությունն այն է, որ ներդրողները գումար են փոխանցում դրամահավաքի կազմակերպչին` որոշակի ժամանակից այն պարտադիր տոկոսավճարով վերադարձնելու պայմանով, ստանդարտ բանկային վարկի նման մի բան: Սակայն Peer-to-Peer վարկավորման տոկոսադրույքն ավելի ցածր է, քան բանկերում, ինչը և գրավում է մարդկանց Peer-to-Peer բորսաներ: Այդպիսի հարթակների օրինակներ են LendingClub–ը, Prosper-ը
- Բիզնեսի բաժնեմասի փոխանցում-քրաուդֆանդինգի այս տեսակը նաև կոչվում է քրաուդինվեսթինգ և նախատեսում է բիզնեսի մի մասի ձևակերպում այն մարդկանց կամ կազմակերպությունների անունով, որոնք փողեր են ներդրել նախագծի զարգացման գործում` WeShare: Ռուսաստանում այդպիսի հարթակների օրինակներ են StartTrack-ը, MYPIO-ն
- Բարեգործական ֆինանսավորումը վերաբերում է այն նախագծերին, որոնց օգնությամբ փողեր են հավաքում սոցիալական, բնապահպանական գաղափարների իրագործման համար (աղբավերամշակող գործարանների կառուցում, աշխատատեղերի ստեղծում գործազուրկների համար, պայքար աղքատության դեմ և այլն): Մասնակիցներն իրենց միջոցները ներդնում են առանց որևէ ֆինանսական պարտավորությունների դրամահավաքի կազմակերպչի նկատմամբ: Նմանատիպ հարթակների օրինակներ են` Kiva, GoFundme, ռուսականներից` Դոբրո Mail.ru, Помоги.Орг.
Ամբողջությամբ՝ newsarmenia.am