Նույնիսկ համեմատաբար մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա՝ մոտավորապես 18-ից մինչև 20 տոկոսով նվազեցնելով քաղցկեղի և սրտի ու անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այդ մասին բրիտանացի գիտնականները հայտարարում են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում:
«Արդյոք սուրճն իրապես օգնում է օրգանիզմին պայքարել քրոնիկական հիվանդությունների դեմ և նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, մենք դեռևս չգիտենք: Հարկավոր է հասկանալ, որ սուրճի օգտագործումը ներառում է ոչ միայն բուն ըմպելիքը, այլև մի ամբողջ շարք սոցիալական ու մշակութային բաղադրիչներ: Օրինակ, սուրճը սիրում են ծխողները: Մյուս կողմից՝ հաշվի առնելով այս բոլոր
վերապահությունները, հարկ է ընդունել, որ սուրճի ոչ մեծ չափաբաժինները չեն վնասում մարդու առողջությանը»,- բացահայտումը մեկնաբանել է ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի Ջոն Հոփքինսի համալսարանի աշխատակից Էլիսեո Գուալարը:
Մյուս կողմից՝ սուրճի օգտագործման դրական ազդեցությունների գոյության հարցը դեռ վեճերի առարկա է մնում գիտնականների շրջանում:
Վերջին տարիներին հետազոտողների բազմաթիվ խմբեր պարզել են, որ օրական ավելի քան 3 գավաթ սուրճի օգտագործումը նկատելիորեն
նվազեցնում է ինֆարկտների և մի շարք այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, իսկ գիտական այլ խմբեր, ընդհակառակը, ասում են, որ նման կապ չկա:
Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի աշխատակից Ռոբին Փուլը և նրա գործընկերները փորձել են գտնել այդ հարցի պատասխանը՝ վերլուծելով սուրճի օգուտին ու վնասին նվիրված մեծաթիվ գիտական հրապարակումներ, որոնք, մամուլում հայտնվել են վերջին մի քանի տարիներին:
Ընդհանուր առմամբ, նրանց հաջողվել է գտնել և ուսումնասիրել ավելի քան երկու հարյուր աշխատությունների եզրակացություններ, որոնք նկարագրում են սուրճի սիրահարների կյանքի դիտարկումների արդյունքները և հաշվի են առնում հնարավոր բոլոր կողմնակի գործոնները: Դրանց մի քանի հարյուր հազար մարդ է մասնակցել աշխարհի բոլոր անկյուններից, որոնք ունեն տարբեր վնասակար սովորություններ, սննդակարգ, սուրճի օգտագործման մշակույթ և բարեկեցության մակարդակ:
Վերլուծելով այդ հետազոտությունները՝ բրիտանացի գիտնականներն ստեղծել են այն հիվանդությունների յուրատասակ «վարկանիշը», որոնց զարգացման հավանականությունը մեծացել կամ փոքրացել է մեծ քանակությամբ սուրճի օգտագործմամբ, և փորձել են հասկանալ՝ այդ ըմպելիքը ավելի շատ դրական, թե բացասական կողմեր ունի:
Ինչպես ցույց են տվել այդ հաշվարկները, սուրճի չափավոր գործածումը՝ օրական 3-4 բաժակ, ասոցացվել է ավելի շատ դրական, քան բացասական արդյունքների հետ: Օրինակ, սուրճը հիվանդությունների և լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցրել է մոտավորապես 40-60 տոկոսով և սրտի հիվանդությունից և ինսուլտից մահանալու հնարավորությունը նվազեցրել է 18 տոկոսով և 30 տոկոսով:
Սուրճի օգտագործումից միակ հստակ արտահայտված բացասական էֆեկտը վերաբերել է միայն թույլ սեռի ներկայացուցիչներին. սուրճի նկատմամբ սերը մեծացրել է երեխայի վաղաժամ ծնվելու և վիժման հավանականությունը, ինչպես նաև կապված է եղել տարեց տիկինների ոսկորների ավելի մեծ փխրունության հետ: