Ստախոսությունը, խաբեությունը, կեղծիքը, ԵՄ-ն, ԵՏՄ-ն և մենք
Advertisement 1000 x 90

Ստախոսությունը, խաբեությունը, կեղծիքը, ԵՄ-ն, ԵՏՄ-ն և մենք

Շատերը ոչ թե ուրախ, այլ երջանիկ են, որ Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրեց, ոմանք՝ տխուր, անգամ նյարդայնացած․ ինչպես կարելի էր դավաճանել Ռուսաստանին։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր դեռ անտարբեր են կամ զուսպ գոհունակություն են արտահայտում։

Այսպես էր նաև այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնվեց ԵՏՄ-ում։ Ոմանք երջանիկ էին, անգամ կարծում էին, թե Հայաստանում դրամի փոխարեն ռուբլի է շրջանառվելու։ Այլոք ուրախ էին, կարծելով, որ մեր անվտանգությունն արդեն ապահովված է հարյուր տոկոսով։ Այն ժամանակ ևս կային մարդիկ, որ տխուր էին, ասելով, թե մենք կորցրինք անկախությունը կամ դավաճանեցինք ժողովրդավարական արժեքներին։ Ի դեպ, կային նաև մարդիկ, որ համոզված էին, որ Հայաստանի հետագա զարգացումը կախված է մեզնից, և ոչ թե այդ պայմանագրից։

Հիմա և այն ժամանակ, երբ հայտնվեցինք ԵՏՄ-ում, ոմանք կարծում են, թե մենք ձեռքներս ծալած նստելու ենք կամ շարունակելու ենք նախկինի նման, իսկ մեր փոխարեն մեզ զարգացնելու են Բրյուսելում կամ Մոսկվայում նստածները։ Ճիշտ այնպես, ինչպես շատ ու շատ ծնողներ վստահ են, որ բավական է երեխային պարապմունքի ուղարկել կրկնուսույցի մոտ և իրենց որդին կամ դուստրը արդեն համապատասխան գիտելիքներ կստանա, մոռանալով, որ ամեն ինչ կախված է իրենց զավակից, որը դեռ պետք է կատարի դասախոսի հանձնարարությունները։

Մեզնից շատերն էլ վստահ են, որ իրենցից ոչինչ կախված չէ, և որ իրենք շարունակելու են նախկինի նման, բայց ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ պայմանագիրը բավական է, որ մենք ավելի լավ ապրենք կամ երկիրը զարգանա։ Այսպես չի կարող լինել։ Անշուշտ, մենք կարող ենք շահել ԵՏՄ-ում լինելուց և կարող ենք հսկայական օգուտներ ունենալ ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրից, բայց միայն այն պայմանով, եթե փոխվենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ զարգանալու համար, առաջ շարժվելու համար հին ձևերն իրենց սպառել են, և առաջին հերթին երկրի ղեկի մոտ գտնվողները պետք է ընդունեն, որ երկրում եկել է արմատական և խորքային բարեփոխումների ժամանակը։ Երկրին նոր շունչ և միտք է անհրաժեշտ։

Ի՞նչ է ստացվում, մենք ԵՄ-ի հետ համաձայնագիր ենք կնքում, մտածում առաջընթացի մասին, լավ ապրելու մասին, բայց շարունակում ենք ստել, խաբել, կեղծել։ Այն նույն օրը, երբ շատերի ուշադրությունը ուղղված էր Բրյուսելի վրա, շատ ու շատ գնորդներ էլ մեծ ու փոքր խանութներում էին․ «սև ուրբաթ» էր, հսկայական զեղչերի օր։ Իսկ ի՞նչ պարզվեց, որ ամբողջ աշխարհում զեղչեր են, իսկ Երևանում խաբեություն։

Մոլերում տեղաբաշխված խանութները վաճառքի էին հանել միայն ամառային հագուսները, իսկ Երևանի կենտրոնի խանութներն էլ դեռ մի բան էլ թանկացրել էին ապրանքները, չմոռանալով մեծ տառերով գրել 70 տոկոսանոց զեղչերի մասին։ Իսկ գնորդներից մեկն էլ, որ սպասել էր այդ օրվան, որ ավելի էժան գնի իր հավանած շորը, հայտնաբերել էր, որ այն մոտ հինգ հազար դրամով թանկացել է։ Հիմա ի՞նչ անի Ռուսաստանը, ի՞նչ անի Եվրամիությունը, որ մենք խաբեբա ենք, ստախոս և կեղծիքի սիրահար։

Ի՞նչ անի Պուտինը կամ ԵՄ ղեկավարությունը, եթե մեր մաքսային ծառայությունը մարդուն արգելում է առանց մաքսազերծման Վրաստանից հինգ կիլոգրամից ավելի մանդարին բերել։ Իսկապես, մնում է ասել՝ չեք ամաչո՞ւմ։ Լավ 15 կգ-ն կամ 20-ը հասկացանք, բայց հինգ կիլոգրամով սահմանափակում դնելը, հազար ներողություն, անբարոյականություն է։

Հիմա հասկանո՞ւմ եք, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանն է կամ Եվրամիությունը, այլ մենք։ Մեր երկրի ղեկավարությունը պետք է կամք դրսևորի փոխվելու, դրան ուղղված քայլեր անի, որ սուտը, կեղծիքը, խաբեությունը հանենք բոլորի և երկրի միջից։ Առանց դրա ոչ թե զարգացում կլինի, այլ քայքայում և փլուզում և ոչ մի պայմանագիր կամ համաձայնագիր մեզ չեն օգնի։

top-news.am